Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք կորուստ

Օգոստոս 19,2009 00:00

\"\"

Լեհաստանի Շչեցինա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական 21-րդ առաջնությունը: «Neue Zejt» մարզասրահում պայքարի մեջ ներգրավվել են 30 երկրների շուրջ 230 բռնցքամարտիկներ:

Մեր հանրապետությունն ութ քաշային կարգերում ներկայացնող մարզիկներից երեքն արդեն վերածվել է հանդիսականի: Նրանք են. 54 կգ քաշային Ալեքսանդր Շախյանը, որը հենց մեկնարկում պարտվել է ադրբեջանցի Էլվին Իսաեւին, Արամ Ավագյանը, որը սկզբում միավորների բացահայտ առավելությամբ՝ 15:2, պարտության է մատնել լիտվացի Յոնաս Կազուկաուսկասին, սակայն հաջորդ մարտում տանուլ տվել ռումինացի Մարտին Դրագոսին, ինչպես նաեւ Գոռ Աբրահամյանը: Նա պայքարի մեջ ներգրավվել է 1/8 եզրափակիչից եւ զիջել Վլադիսլավ Վոյտալյուկին (Ուկրաինա):

Սակայն մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորած հավաքականի տղաների մեջ պայքարը շարունակողներ էլ կան: Խոսքն առաջին հերթին 64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանի մասին է: Նա արդեն իր հաշվարկում միավորներով երկու հաղթանակ է գրանցել: Առաջինը՝ ֆրանսիացի Դավիթ Պապոտի նկատմամբ՝ 5:1, երկրորդը՝ ադրբեջանցի Տամերլան Աբդուլլաեւի՝ 8:1: Արմեն Հակոբյանի աշակերտը 1/4 եզրափակիչում հանդիպելու է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Մարությանի հետ:

Հաջող է մեկնարկել նաեւ Կարեն Այվազյանը: Նա պայքարից դուրս է թողել իտալացի Ալեսանդրո Կոբեդդուին եւ սպասում է քառորդ եզրափակչում Իգոր Օսիպովի (Մոլդովա) հետ մարտին:

Երեկ ցերեկը մեր մյուս երեք բռնցքամարտիկները դեռ ռինգ չէին մտել: Սակայն հայտնի էին նրանց մրցակիցների անունները: Հարություն Աբրահամյանը՝ 69 կգ, 1/8 եզրափակիչում ուժերը չափելու էր Էստոնիայի ներկայացուցիչ Դմիտրի Կորմիլինի հետ, Ազատ Դավթյանը՝ 91 կգ, սպասում էր Վլադիսլավ Կուպցով-Իգոր Նեշիչ զույգի հաղթողին, եւ եթե հայ բռնցքամարտիկն իր առաջին մարտում հաղթեր, իր համար առնվազն բրոնզե մեդալ էր ապահովելու: Մեկնարկում բավականին լուրջ մրցակից էր բաժին հասել +91 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Օհանյանին՝ մեր ճանաչված բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանի եղբորը, որը պետք է պայքարեր ուկրաինացի Վոլոդիմիր Տրոցկու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել