Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«GRAND PRIX»-Ը ԹԵՎԱԿՈԽԵՑ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ

Օգոստոս 19,2009 00:00

Ջերմուկում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» հինգերորդ խաղարկությունում, որին տրվել է աշխարհի 9-րդ չեմպիոն «Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար» անունը, այսօր երկրորդ եւ վերջին հանգստյան օրն է հայտարարված:

\"\"
Վասիլի Իվանչուկ:

\"\"
Սերգեյ Կարյակինը իր կնոջ՝ Եկատերինայի հետ վայելում է
Ջերմուկի բնությունը:

\"\"
Արոնյանի մտերիմ ընկեր, օլիմպիական չեմպիոն
Գաբրիել Սարգսյանը եւ ընկերուհին՝ Արիանան:

\"\"
Պետեր Լեկո-Սոֆիա Պետրոսյան-Լեկո անբաժան ընտանիքը:

Մեր ժամանակների 14 ուժեղագույն գրոսմայստերների պայքարն անցել է մրցաշարի մարաթոնյան ճանապարհի երկու-երրորդը: Այսուհետեւ յուրաքանչյուր պարտիայի, վաստակած կամ կորցրած միավորի գինն անհամեմատ ավելի բարձր է լինելու:

Երեկ շախմատիստները հանդես էին գալիս 9-րդ տուրում: Միմյանց դեմ խաղում էին Էլյանովն ու Իվանչուկը, Կամսկին ու Լեկոն, Կասիմջանովն ու Չեպարինովը, Բակրոն ու Արոնյանը, Գելֆանդն ու Ալեքսեեւը, Կարյակինն ու Ինարկիեւը, Յակովենկոն ու Հակոբյանը:

Արդեն ասել ենք, որ այս գրոսմայստերներից յուրաքանչյուրն ի վիճակի է խաղատախտակի առջեւ շախմատային հրաշքներ գործելու ու այդ իմաստով անկանխատեսելի է: Դրա լավագույն օրինակը տալիս է իսկապես շախմատային հանճար՝ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որի խաղը վերջին ժամանակներս վայրիվերումներով է ընթանում: Նա մի խոշորագույն մրցաշարում կարող է փայլուն հաղթանակ տանել, սակայն մի քանի օր անց՝ դժգույն մրցելույթով եզրափակել հսկաների մեկ այլ մրցամարտի մրցաշարային աղյուսակը: Իվանչուկն անկանխատեսելի է նաեւ այստեղ՝ Ջերմուկում: Մեկնարկելով ոչ այնքան հաջող (առաջին երեք պարտիաները նա ավարտեց ոչ-ոքի)՝ եղավ մի պահ, որ ուկրաինացին բավականին ետ էր մնում մրցակիցներից եւ ընթանում էր մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում: Թվում էր, թե այլեւս ամեն բան նրա համար կորսված է: Սակայն 4-8-րդ պարտիաներում տանելով երեք հաղթանակ եւ երկու պարտիայում գրանցելով ոչ-ոքի՝ Վասիլի Իվանչուկը վաստակած միավորներով՝ 5,5, հավասարվեց մինչ այդ միանձնյա առաջատար Պետեր Լեկոյին եւ 8-րդ տուրից հետո լրացուցիչ գործակիցներով շրջանցել էր նրան:

Առայժմ իր վճռորոշ խոսքը չի ասել օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանը, որին ընդամենը մեկ միավոր է բաժանում Իվանչուկից եւ Լեկոյից: Սակայն մենք գիտենք ոչ քիչ օրինակներ, երբ Արոնյանը վճռորոշ պահերին արել է անհնարին թվացողը: Դրա համար Լեւոնին մնացել է ընդամենը հինգ տուր, որոնց ընթացքում նա պետք է վաստակի հնարավորին չափ շատ միավոր:

Ջերմուկում չի ստացվում Վլադիմիր Հակոբյանի խաղը, որը մինչեւ երեկ չէր ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Ութ պարտիաներից վեցում նա բավարարվել է միավորը մրցակիցների հետ բաժանելով եւ երեք անգամ իրեն պարտված ճանաչել: Հուսանք, որ «Grand Prix»-ի եզրափակիչ հատվածը Հակոբյանի համար ավելի հաջող կընթանա:

Ընտանիքն առաջնային է

Շախմատիստները հետաքրքիր սովորություն ունեն: Նրանք աշխարհի որ ծայրում էլ խաղալու լինեն՝ միայնակ չեն մեկնում: Մարզիչների եւ մարտավկաների ներկայությունը, հասկանալի է, պարտադիր է: Սակայն կա մի չգրված օրենք. որպես կանոն, ընտանիքի անդամներից մեկը կամ կյանքի ընկերուհին մշտապես նրանց կողքին է: Ամենայն հավանականությամբ, այդ ուղեկիցները նրանց ոգեւորում են, հաջողություն բերում:

Ջերմուկն այս առումով բացառություն չէ: Օրինակ, Լեւոն Արոնյանին միշտ ուղեկցում է գեղեցկուհի Արիանան, որը, որքան տեղյակ ենք, ֆիլիպինուհի է: Հունգարացի Պետեր Լեկոն առանց իր տիկնոջ՝ Սոֆիի եւ աներոջ՝ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի, ոտքը, ինչպես ասում են՝ տնից դուրս չի դնում: Այս ավանդույթը, կարծես թե նաեւ ուկրաինացի Սերգեյ Կարյակինի սրտով է: Նա վերջերս է ամուսնացել միջազգային վարպետ Եկատերինա Դոլժիկովայի հետ եւ կարելի է ասել, որ նրանք Ջերմուկում նաեւ իրենց մեղրամիսն են անցկացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել