Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակացու արձանը՝ օդի մե՞ջ

Օգոստոս 19,2009 00:00

Գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը իր հեղինակած արձանը չի համաձայնում տեղադրել Գյումրիի քաղաքապետարանի առաջարկած տարածքում:

Քանդակագործ Սամվել Պետրոսյանի հետ Գյումրիի քաղաքապետարանի կնքած պայմանագրում որպես նրա քանդակած արձանի տեղադրման վայր նշված է Անանիա Շիրակացու փողոցը՝ նախկին «10 հարկանու տարածքը», որտեղ այժմ կառուցվում է բիզնես-կենտրոն: Ըստ Ս. Պետրոսյանի, այս գործարքը կնքելիս Գյումրիի քաղաքապետարանից իրեն ներկայացրել են, որ տարածքը համայնքապատկան է, այնտեղ շատրվաններ են տեղադրելու, սակայն կարճ ժամանակ անց պարզվել է, որ տարածքը սեփականաշնորհված է: «Արձանը մոնումենտալ հզոր գործ է, որը հրապարակային տեղ է պահանջում, այսինքն՝ 360 աստիճան դիտվող տեղ է պետք, ցանկալի է՝ կենտրոնական տեղ դրվի ու դառնա դոմինանտ իր միջավայրին: Արձանն ամեն տեղ չի լինում խցկել, իսկ առաջարկվող տեղում, փաստորեն, խցկվում է, եւ հետո՝ բիզնես կենտրոն-գիտություն ի՞նչ կապ ունեն իրար հետ: Հսկա փիլիսոփան, աստղագետը, տոմարագետը հո առեւտրական չէ՞»,- զայրանում է քանդակագործը՝ պնդելով, որ այն պետք է տեղադրվի քաղաքի կենտրոնում՝ Անանիա Շիրակացու անվան ու մյուս համալսարանների հարեւանությամբ:

Քանդակագործի մյուս դժգոհությունը կապված է արձանի պատվանդանի հետ. Գյումրիի քաղաքապետարանը 6 մետր բարձրության բազալտե արձանը որոշել է տեղադրել բետոնե պատվանդանի վրա, որը քանդակագործը համարում է «ռաբիսություն, խալտուրա»: «Ինձ ասին, թե պատվանդանի նյութերի համար գնա պայմանավորվիր: Ես գնացել եմ Կիրովական, այնուհետեւ՝ Արթիկ, քարի համար պայմանավորվել, եւ եթե քաղաքապետարանն ի վիճակի չէ վճարելու, չեմ ստիպում, հովանավորներ գտնենք, կընկնեմ տնետուն փող հավաքեմ: Իրենք դա էլ են մերժում ու միայն բետոնով են ուզում պատվանդանը, պատկերացնու՞մ եք, էս բազալտով արված հսկան՝ ներկած բետոնի վրա: Դա նույնն է, որ մարդը նոր կոստյում հագնի՝ կալոշներով: 3 միլիարդ 700 միլիոնանոց բյուջեն 50 քառակուսի քար չի կարո՞ղ դնել, էդ պատվանդանը միանշանակ պետք է գրանիտից լինի»,- զայրանում է քանդակագործը: Նա նաեւ շեշտում է, որ արձանը նվեր է արել քաղաքին, առանց 300 000 դոլարի հասնող հոնորարը պահանջելու, հետեւաբար եւ տեղադրելիս պետք է հաշվի առնեն իր հեղինակային իրավունքն ու կարծիքը: «Քաղաքապետարանից սպառնում են՝ կհավաքենք-կտանենք արձանը, ուզում են, որ իմ փոխարեն այն ավարտի մեկ ուրիշ քանդակագործ, էդ իրավունքը կա՞»,- ասում է Ս. Պետրոսյանը՝ առաջարկելով հանրապետության մասնագետներից բաղկացած հանձնաժողով հրավիրել ու արձանը ըստ արժանվույն տեղադրել:

Ըստ քանդակագործի, միգուցե մտածեր արձանը այլ տարածքում տեղադրելու մասին, եթե Անանիա Շիրակացին չլիներ Շիրակ աշխարհի ծնունդ: «Ես արձանը կհասցնեմ Քաղաքի օրվան, բայց իրենք գործն արդեն ձախողել են՝ պատվանդանը երեք ամիս կտեւի: Էլ չեմ ասում, որ քարտաշների փողերը կիսատ են փոխանցել, պարտքեր կան, ու մարդիկ դա ինձանից են պահանջում»,- դժգոհում է քանդակագործը: Նա նաեւ ասում է, որ ինքը Խրիմյան հայրիկի արձանն է քանդակել, սակայն Շիրակի թեմի առաջնորդն ու Գյումրիի քաղաքապետը տեղի համար վիճաբանել են, Վեհափառն էլ եկել ու արձանը Էջմիածին է տարել:

Ա. Շիրակացու արձանի հետ կապված պարզաբանումներ ստացանք նաեւ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից: «Առավոտի» այն հարցին՝ հնարավո՞ր է Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղադրված «Հայուհու» արձանը հանել ու փոխարենը Անանիա Շիրակացունը տեղադրել, ճարտարապետն ասաց. «Քանդակագործի անձնական կարծիքն է, թե դա ամենալավ տեղն է իր արձանի համար: Դուք մտածեք, դա իրագործվող բա՞ն է: Թե նրա հետ կնքած պայմանագրով եւ թե քաղաքաշինական խորհրդի նիստերով արձանի տեղը վերջնականապես որոշված է, այն է՝ Շիրակացու փողոցը: Իսկ պատվանդանի հետ կապված ասեմ, որ Սամվել Պետրոսյանի առաջարկած տարբերակը եւ շատ թանկարժեք է, եւ տեխնիկապես հնարավոր չէ իրագործել: Մենք հատուկ նյութեր ենք պատվիրել Իտալիայից, ինչը եւ գեղեցիկ տեսք կհաղորդի արձանին եւ գործն ավելի դյուրին կլինի: Ասեմ նաեւ, որ քանդակագործ Սամվել Պետրոսյանը 30 տարի շարունակ Շիրակացու արձանի էսքիզները պատրաստել է, քաղաքային տարբեր իշխանությունների հետ բանակցել է այն տեղադրելու համար, սակայն մենք միայն համաձայնեցինք այն տեղադրել: Իսկ քանդակագործի այն մեղադրանքին, թե քարտաշների փողը քաղաքապետարանը ուշացրել է, ասեմ, որ դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում: Պայմանագրով հստակ ֆիքսված գումարը իրեն փոխանցել ենք, քարն էլ Սիսիանից ենք բերել, հիմա պատկերացրեք, 12000 դոլարը երեք կամ չորս քարտաշի որպես աշխատավարձ տաս՝ քիչ փո՞ղ է: Սամվել Պետրոսյանը երեւի ժամկետների մեջ չի տեղավորվում, գործը չի հասցնում ու ինչ-որ բաներ է անում: Արձանը պետք է պատրաստ լինի մինչեւ Գյումրիի տոնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել