Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՐԻԺՈՐԸ ՆԱԵՎ ԳՐՈՒՄ Է

Օգոստոս 19,2009 00:00

Կամ ինչու հեռացավ Հայաստանից դիրիժոր Արա Մարկոսյանը

Դիրիժոր Արա Մարկոսյանի անունը 1990-ականների սկզբներից անհետացավ հայաստանյան մշակութային դաշտից: Միայն մեկ անգամ շատ հպանցիկ ասվեց, որ 2006-ին ԳԻՏԻՍ-ի ուսանողների ուժերով մի հայ դիրիժոր հայերեն «Անուշ» է բեմադրել: Այս օրերին 1999-ից Մոսկվայի պետական կամերային ակադեմիայի երաժշտական թատրոնի (Պոկրովսկու թատրոն) դիրիժոր Արա Մարկոսյանը արձակուրդն անցկացնում է հայրենիքում:

Հիշեցնենք, որ նա 1975-84թթ. ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, հանդիսանալով մեծանուն Դավիթ Խանջյանի ասիստենտը, աշխատել է նաեւ Ազգային օպերային թատրոնում եւ օպերային ստուդիայում: Դիրիժորի՝ հայրենիքից հեռանալու պատճառը 1990-ականների սկզբին մեր երկրի վիճակն էր: «1992թ. Մոսկվայում գործող «Նոր ֆիլհարմոնիա» կազմակերպությունը, որի նպատակն էր Բախի կանտատների եւ օրատորիաների պրոպագանդումը, հրավիրեց ինձ: Հավաքագրեցի կամերային նվագախումբ, երգչախումբ եւ հասցրի կատարել Բախի որոշ ստեղծագործություններ: Սա իմ ռուսաստանյան կարիերայի սկիզբն էր»,- նշեց Ա. Մարկոսյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ իբրեւ հրավիրված դիրիժոր ղեկավարել է Կազանի, Տոմսկի, Ռոստովի, Յարոսլավլի, Սարատովի, Կրասնոյարսկի, Վլադիվոստոկի, Խաբարովսկի եւ այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբեր, իսկ ՌԴ մշակույթի նախարարության առաջարկով վարել է Բուրյաթիայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Հասցրել է վերականգնել Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», «Ռիգոլետտո», Չայկովսկու «Իոլանտա», Ռախմանինովի «Ալեկո» եւ օպերային գրականության այլ գլուխգործոցներ: Շուրջ տասը տարի Բ. Պոկրովսկու թատրոնում (տնօրեն եւ գլխավոր դիրիժոր՝ Լեւո Օսովսկի) իր գործունեության մասին խոսելով՝ մեր զրուցակիցը հպարտորեն շեշտեց, որ հենց Պոկրովսկու հետ է բեմադրել «Ֆիգարոյի ամուսնությունը»: Որպես բեմադրող-դիրիժոր իրականացրել է Օ. Նիկոլայի «Վինձորի զվարճասեր կանայք», Մուսորգսկու «Սորոչինյան տոնավաճառ», Հենդելի «Հուլիոս Կեսար», ինչպես նաեւ ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում՝ Բորիս Կրավչենկոյի մանկական օպերաները:

Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ դիրիժորին չենք հանդիպում հայրենիքում, Ա. Մարկոսյանը նախ ասաց, որ Պոկրովսկու թատրոնի արտիստները մինչ օրս պահպանում են 70-ականների կեսերին իրենց երեւանյան հյուրախաղերի տպավորությունները, հետո էլ ավելացրեց. «Թատրոնն ապրում է գերհագեցած ստեղծագործական կյանքով: Տարվա ընթացքում գոնե երկու անգամ մեկնում ենք Եվրոպա: Կարծում եմ, պետական հրավերի դեպքում կիրականացնենք նաեւ երեւանյան հյուրախաղեր»: Ա. Մարկոսյանը տեղեկացրեց, որ անցել է նաեւ գրական գործունեության. «Վաղուց մտադրություն ունեի բարձրաձայնել մինչ այսօր չասված պատմական ճշմարտությունը, օրինակ՝ հայերս ունենք Կարլ Մարքսի «Կապիտալի» եզակի թարգմանությունը, որի հեղինակ Թադեոս Ավդալբեկյանի վաստակը թղթին հանձնեցի ու հրապարակեցի: Գրեցի նաեւ Կոմիտասի անվան քառյակի 1947-68թթ. ժամանակահատվածի երաժիշտների գործունեության մասին պատմող «4 դիմանկար» գիրքը, որտեղ առանձին-առանձին ներկայացրել եմ Ավետ Գաբրիելյանին՝ իբրեւ քառյակի գեղարվեստական ղեկավար եւ մենակատար, Սարգիս Ասլամազյանին՝ կամերային երկերի փոխադրումների հեղինակ, Ռաֆայել Դավիդյանին՝ կվարտետի եւ կատարողական արվեստի տեսաբան, եւ Հենրի Թալալյանին՝ իբրեւ ակադեմիական հրապարակումների խմբագիր ու մանկավարժ, եւ այլ աշխատություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել