Արդեն առաջիկա ամիսներին ականատես կլինենք Անդրկովկասի երկրներ եւ Ռուսաստանի շրջակա տարածքներ ՆԱՏՕ-ի արագացված տեմպերով առաջխաղացմանը, «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօերն Վլադիմիր Զախարովը:
«Հյուսիսատլանտյան դաշինքն ինչ եւ ինչպես պետք է անի Ռուսաստանի շուտափույթ փլուզման համար՝ կետ առ կետ շարադրված է հատուկ այդ նպատակով գրված գլխավոր գաղափարախոս Զբիգնեւ Բժեզինսկիի «Օրակարգ ՆԱՏՕ-ի համար» աշխատությունում: Ըստ որում, ամերիկացի քաղաքագետի գլխավոր գաղափարը Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների շուտափույթ կարգավորումն է եւ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումը: Դա, նրա կարծիքով, կնպաստեր Դաշինքի՝ դեպի արեւելք, դեպի ասիական աճող տերություններ ելքին, որոնք կարող են ներգրավվել անվտանգության բնագավառում համատեղ նախագծերում»,- նշել է նա:
Զախարովի կարծիքով, հոդվածը կհայտնվի «Foreing Affairs» պարբերականի սեպտեմբերյան համարում, որում Բժեզինսկին առաջարկում է ՆԱՏՕ-ի քաղաքականության զարգացման նոր տարբերակներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Աֆղանստանում, Հեռավոր Արեւելքում եւ ռուսական ուղղությամբ, ուր Վրաստանը պետք է գերիշխող դեր խաղա իր հարեւան պետություններին ՆԱՏՕ-ին անդամակցության մեջ ներգրավելու հարցում: