Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՈՐՈԳԱՅԹ

Օգոստոս 19,2009 00:00

Մադրիդյան սկզբունքները դիտարկվում են ոչ թե որպես փոխզիջումների իրականացման ծրագիր, այլ՝ որպես հայկական կողմի լիակատար կապիտուլյացիայի ծրագիր: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել Երեւանի քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի համակարգող Շուշան Խաթլամաջյանը:

«Այդ առնչությամբ հարց է ծագում, թե արդյոք հասարակությունները պատրա՞ստ են փոխզիջումների, եւ արժե՞ արդյոք լրամշակել այդ սկզբունքները, որոնք հակամարտող կողմերից մեկի մոտ հարուցում են նման բուռն խանդավառություն, իսկ մյուսի մոտ՝ միայն մտավախություններ: Կարծում եմ՝ մեկնաբանությունն այստեղ ավելորդ է»,- նշել է վերլուծաբանը: Նրա ասելով, Ադրբեջանի առաջնորդների բազմաթիվ ռազմաշունչ հայտարարությունները կասկած չեն թողնում, թե հակամարտող կողմերից որ մեկը կցանկանար հակամարտությունը լուծել ուժային եղանակով: Ընդ որում, տվյալ սկզբունքներում ոչ մի կերպ չի նախանշվում Բաքվի ռազմատենչ ձգտումները զսպելու մեխանիզմ, ձեւացվում է, թե նման ոտնձգություն, սկզբունքորեն, չի կարող լինել: Միեւնույն ժամանակ, Խաթլամաջյանի կարծիքով, ադրբեջանցի քաղաքական գործիչները եւ վերլուծաբանները նույնպես քննադատում են Մադրիդյան սկզբունքները, սակայն ավելի շատ՝ «ձեւի համար»: Ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ թեմայի քննարկումն ապացուցում է, որ հայկական կողմի մտավախությունները լուրջ հիմք ունեն: Ուշագրավ է, որ Բաքվում փաստաթուղթը դիտարկվում է որպես հայերին խաբելու գործուն եւ խորամանկ միջոց՝ ստիպելով նրանց ստորագրել ճանապարհային քարտեզը եւ դադարեցնելով գործընթացը՝ Ադրբեջանին ձեռնտու փուլերի կատարումից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել