Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (ՄՊՀ) մոտ 45 հազար ուսանողներից 1,5-2 հազարը հայեր են, որոնցից 600-700-ը անդամակցում են ՄՊՀ-ի Հայկական ուսանողական ընկերակցությանը (ՀՈՒԸ): Ինչպես «Նոյյան տապանին» հայտնել է ընկերակցության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Սահակյանը, ՀՈՒԸ-ի նպատակներից է ՄՊՀ-ի եւ Մոսկվայի այլ բուհերի հայ ուսանողներին հայ մշակույթին, հայոց լեզվին եւ հայ ժողովրդի պատմությանը հաղորդակից դարձնելը:
Ա. Սահակյանի հավաստմամբ, ընկերակցությունն ամեն շաբաթ ՄՊՀ-ում կազմակերպում է հայկական կինոնկարների դիտումներ, հայ ժողովրդի պատմության դասախոսություններ, հայոց լեզվի դասընթացներ, կազմակերպվում են հանդիպումներ հայ պատմաբանների, մասնավորապես՝ թուրքագետների, քաղաքական եւ այլ ոլորտների ականավոր գործիչների հետ: Ա. Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՈՒԸ-ի անդամները մշտապես մասնակցում են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ռուսաստանում Թուրքիայի դեսպանության առջեւ կազմակերպվող ցույցին ու հայկական եկեղեցու մոտ անցկացվող հիշատակի միջոցառմանը: Ընկերակցությունը կազմակերպում է նաեւ հայ ուսանողների մասնակցությունը ՄՊՀ-ի մշակութային միջոցառումներին: Վերջին միջոցառումներից էր հայ, ղազախ եւ ադրբեջանցի ուսանողների համատեղ համերգային ծրագիրը, որի շրջանակներում ՀՈՒԸ-ի անդամները ներկայացրել են նաեւ հայկական ազգային խոհանոցը: Նրանք նշում են նաեւ հայկական ազգային տոները՝ Ամանորը, Տեառն Ընդառաջը, Վարդավառը, կազմակերպում երեկոներ, ուր հնչում են հայ երգահանների եւ բանաստեղծների ստեղծագործություններ: Ընկերակցության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը ցանկություն հայտնեց սերտացնել տեղեկատվական կապերը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ, ինչը կընձեռի նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումների մասին Մոսկվայի հայ ուսանողությանը արագ տեղեկացնելու հնարավորություն: