Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է խաբում ՀՀ վարչապետին

Օգոստոս 19,2009 00:00

Հերթական բաց նամակը Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցից:

Այս նամակը գրում եմ հրապարակայնորեն, որովհետեւ համոզվել եմ, որ Ձեզ հղած իմ գրություններին, որոնք վերահասցեագրվում են ՀՀ Կոտայքի մարզպետարան, պատասխանում են, մեղմ ասած, ոչ ըստ էության: Կոնկրետ, որոշ ժամանակ առաջ ես Ձեզ տեղյակ էի պահել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից դիտավորյալ ձախողվում է ՀՀ կառավարության 2009թ. մարտի 19-ի «Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպելու՝ միացնելով «Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 միջն. դպրոց» ՊՈԱԿ-ին՝ 267-ն որոշման իրականացումը: Ես նշել էի որոշման իրականացումը տեղապտույտի վերածող անձանց անուններ, մասնավորապես՝ մարզպետարանի քարտուղարության իրավաբանական ծառայության բաժնի պետ Աբրահամ Հարությունյան, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյան: Այդ գրությունը վերահասցեագրվել է մարզպետարան եւ տեսեք, թե ինչ է պատասխանել մարզպետարանը (կատարող՝ նույն Աբրահամ Հարությունյան). «ՀՀ վարչապետին հասցեագրված Ձեր գրության կապակցությամբ հայտնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը»: Ստացվում է, որ ես, իբրեւ դպրոցի տնօրեն, ՀՀ վարչապետին խաբել եմ: 2009թ. օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ կառավարության հիշյալ որոշումը կատարված չէ: Ո՞վ է խաբում վարչապետին, ե՞ս, թե՞ Ա. Հարությունյանը: Ես իմ գրության մեջ նշել էի, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կարծես թե մարզպետարանի միակ նպատակը ոչ թե կառավարության որոշումն իրականացնելն է, այլ ինձ աշխատանքից ազատելը: Փաստորեն, ես չսխալվեցի: ՀՀ Կոտայքի մարզպետը 2009թ. հունիսի 1-ին ինձ ներկայացնում է ծանուցում՝ հիմք ընդունելով կառավարության հիշյալ որոշումը եւ երկու ամսից հետո 2009թ. օգոստոսի 7-ին ազատում գործադիր տնօրենի պաշտոնից՝ հիմք ընդունելով ծանուցումը, այն դեպքում, երբ ոչ դպրոցի գործունեությունն է դադարեցված եւ ոչ էլ հանձնման-ընդունման աշխատանքներն են կատարված:

Հիմա ամենախայտառակը բոլոր խայտառակություններից. ինձ ազատելուց հետո տնօրենի պարտականությունը մարզպետը դրել է արձակուրդի մեջ գտնվող՝ աշխատանքի ուսուցման ուսուցչուհու վրա: Այսինքն՝ ես գույքը պետք է հանձնեմ մի մարդու, ով աշխատանքի մեջ չէ, ընդսմին, ինքն էլ հրաժարվում է տնօրենի պարտականությունը կատարելուց: Առանց մարդուն բացատրելու, թե ինքը ինչ պետք է անի, վերցրել են եւ պարտականություն դրել նրա վրա: Գոնե նախապես ասեին՝ որ ես արձակուրդից ետ կանչեի ու բացատրեի անելիքը:

Դիմել եմ ՀՀ վարչական դատարան, ակնկալում եմ արդարացի վճիռ: Սա խոսում է այն մասին, որ այս հարցով զբաղվել են ոչ թե կրթությունն ու օրենքը հասկացող մարդիկ, այլ դրանք շրջանցողները:

Ապշելու բան է. ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետը տեղյակ չէ, թե ինչպես է իր վարչության աշխատակից Կարեն Հունանյանը անօրինական պահանջում, որ ես դպրոցը հանձնեմ մի մարդու, ով չի ուզում այն ընդունել:

Պարոն վարչապետ, այս գործելակերպը աշխատաոճ է դարձել ՀՀ Կոտայքի մարզպետարանի համար՝ գոնե մեր դպրոցին վերաբերող մասով: Ակնհայտ է, կայացող պետության մեջ պրոբլեմների թիվը կնվազի, եթե դրանք աստիճանաբար լուծվեն եւ ոչ թե անտեսվեն: Եթե իմ գրությունը մի փոքր ուշադրության արժանանար եւ դուք պահանջեիք, թե ով է խաբել Ձեզ, համոզված եմ՝ այսօր չէր լինի այսպիսի դառը պատկեր. ես իբրեւ տնօրեն ազատված եմ աշխատանքից եւ դիմել եմ դատարան, մանկավարժները եւ ծնողները անորոշության մեջ են, իսկ սեպտեմբերի 1-ը հաստատակամ մոտենում է:

Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ ,

ՀՀ Կոտայքի մարզպետի անհասկանալի կարգադրությամբ ազատված տնօրեն

12/08/09թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել