Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՏԱՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 19,2009 00:00

\"\"Լռւյս է տեսել Մերուժան Հարությունյանի «Թարգմանելու արվեստը» գիրքը

Այս գիրքն իրոք եզակի է, քանզի հայ իրականության մեջ ոչ ոք երբեւէ մանրամասն չի վերլուծել թարգմանական արվեստի զլխավոր սկզբունքները, չնայած այն փաստին, որ հայերենի այբուբենն ու թարգմանական ավանդույթներն արդեն մոտ 1600 տարեկան են, ու որ հայերը «Թարգմանչաց տոն» ունեն։

Մ. Հարությունյանն իր այս գրքում անգլիական ու ռուսական պոետների 33 բանաստեղծության թարգմանություն է վերլուծել։ Սրանցից մոտ 20-ի բնագիրը համեմատել է ամեն մի բնագրի առնվազն երկու հայերեն թարզմանության հետ, ընդ որում, թարգմանություններից մեկը միշտ հեղինակինն է։ Մնացած բանաստեղծությունների առաջին անգամ արված թարգմանությունները հեղինակինն են։

Հեղինակը, բավական մանրամասն ու խիստ համոզիչ քննությամբ, ցույց է տալիս, որ ժամանակակից համարյա բոլոր հայ պոետների այլ լեզուներից արած հայերեն թարգմանությունները քննադատությանը բոլորովին չեն դիմանում (ու սա ցույց է տալիս՝ համեմատելով այդ պոետների թարգմանություններն ի՛ր թարգմանությունների հետ), իսկ ժամանակակից հայ քննադատներն ու գրականագետներն էլ ոչինչ չեն անում այս ցավալի իրողությունը շտկելու համար։

Այդ համեմատական թարգմանությունները ներառնում են՝ Դիլան Թոմասի, Լերմոնտովի, Պուշկինի, Բլոկի, Պաստեռնակի, Ռոբերտ Բյորնսի (Բեռնզի), Ռոբերտ Ֆրոստի, Վիլյամ Էմսոնի ու Վիլյամ Բաթլեր Յեյցի բանաստեղծությունները։

Գրքի առաջին մասը, մեծ մասամբ՝ առաջին անգամ, քննարկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են.

* Հայերը քրիստոնեությունն ինչո՞ւ են ընդունել։

* Հայերն ինչո՞ւ են այբուբեն ստեղծել։

* Հայերը, ի տարբերություն, օրինակ՝ հույների, այբուբենն ստեղծելուց հետո, հների գեղարվեստական գրականությունն ինչո՞ւ համարյա չեն թարգմանել։

* Թարգմանության նպատակն ի՞նչն է։

* Որո՞նք են թարգմանության կանոնները։ Թարգմանելիս ի՞նչն է կարեւոր, ու ի՞նչն է անթույլատրելի։

* Արդյոք լեզո՞ւ է «գրական լեզու» կոչվածը, եւ ո՞վ ունակություն կամ իրավունք ունի հսկելու կամ կառավարելու այդ «լեզուն»։

* Կա՞ արդյոք որեւէ «ոչ մաթեմատիկական լեզուն» հսկելու կամ կառավարելու որեւէ հնարավորություն։

* Ինչո՞ւ էր Հովհաննես Թումանյանը համոզված, որ հայերեն գրական լեզուն ո՛չ միայն ոչ մի բանի պետք չի, այլեւ վնասակար է, ու որ դրանից պիտի անպայման հրաժարվենք։

* Եթե հայերը հայերեն սխալ են խոսում (ինչպես որ պնդում են մեր համարյա բոլոր լեզվաբաններն ու գրականագետները ու մտավորականներից շատ շատերը), այդժամ աշխարհում ո՞վ է ճիշտ հայերենով խոսում, թուրքե՞րը, հրեանե՞րը, չինացինե՞րը, չուկչինե՞րը, ո՞վ։

* Եթե հայերը սխալ հայերենով են գրում, այդժամ հայերն առհասարակ ումի՞ց են հայերենը սովորել։

* Հայերը ե՞րբ են ճիշտ հայերենով խոսել, քանզի Մաշտոցից ընդամենը երկու-երեք տասնյակ տարի հետո մեր հունաբան հեղինակներն է՛լ էին պնդում, թե «հայերը խոսում են ռամիկ ու գարշելի լեզվով»։

Պատասխանելով այս հարցերին ու նաեւ բազում ուրիշ հարցերի, Մ. Հարությունյանը, առաջին անգամ հայ իրականության մեջ, ձեւակերպում է Լեզվի Գլխավոր Օրենքը (ինչը վաղուց հայտնի է հնդեվրոպագիտությանն ու, օրինակ՝ անգլիացիներին), ու այդ օրենքով հիմնավորում է իր ասածներն ու բացատրում է բազում ուրիշ վիճելի հարցեր։

Այնուհետեւ, նորից ելնելով Լեզվի Գլխավոր Օրենքից, հայ իրողության մեջ առաջին անգամ, հեղինակը բերում է արարատյան բարբառի (ավելի ճիշտ՝ Երեւանի խոսվածքի) ու դրա հնչյունական մի քանի առանձնահատկության (ինչը չափազանց կարեւոր է հայ թատրոնի, կինոյի, հեռացույցի ու ռադիոյի համար) ու գրական ժամանակակից ոճերի թեեւ հակիրճ, բայց ճշգրիտ համեմատությունը։

Շատ հաճախ բնագրերի ու սրանց համապատասխան թարգմանությունների տների աջ կողմը հեղինակը տեղադրել է հանգավորելու համակարգն ու այդ տան տողերի վանկերի թիվը, որ ընթերցողը հնարավորություն ունենա թարգմանություններն ու բնագիրը համեմատելու իրար հետ։

Հեղինակի ելակետերն ու շարադրանքի ձեւը միանգամայն յուրօրինակ են, լեզուն չափազանց պարզ է ու հստակ, ու հնարավորին չափ հակիրճ։ Բացի սա, թերեւս արժե, որ նշվի, որ հեղինակի թարգմանությունների «լեզուն», անկասկած, գրական է, թեեւ այդ «հեղինակային գրական լեզուն» խիստ անհատական է ու լրիվ հիմնված է արարատյան բարբառի Երեւանի խոսվածքի վրա (համարյա ճիշտ այնպես, ինչպես Խ. Աբովյանի ու Հ. Թումանյանի լեզուն), ինչը գուցե փոքր-ինչ վիճելի է, բայց հեղինակն իր գրքի առաջին՝ «տեսական» մասում խորագույնս հիմնավորում է իր այսօրինակ ելակետը։

Գրքի վերջում հեղինակը տեղադրել է մի հավելված, որտեղ շարադրում ու հիմնավորում է ողջ աշխարհում հայտնի այն գիտական իրողությունը, որ մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում երբեւէ չի եղել ու չկա «մաքուր լեզու», ու չի էլ լինի։

Հավելվածի այս ակնհայտ «թեորեմը» լրիվ «ապացուցելու» համար հեղինակն այդ հավելվածի մեջ բերել է հայերենի փոխառյալ բառերի համարյա լրիվ ցուցակը (ըստ Աճառյանի), փակագծերի մեջ բացատրելով դրանց իմաստներն ու նշելով փոխառությունների աղբյուրները։

Հայերենի փոխառյալ բառերի հենց միայն այս փոքրիկ բացատրական բառարանը օգտակար կլինի շատ շատերին, քանզի Աճառյանի հիանալի «Հայերենի արմատական բառարանից» օգտվելը շատերի ուժից վեր է, մանավանդ որ՝ այդ բառարանը քչերն ունեն։

Ինչ վերաբերում է հեղինակի սեփական թարգմանություններին, ապա սրանք արված են ոչ միայն համաձայն այն 41 կանոնի, որ հեղինակն է ձեւակերպել իր գրքի մեջ, այլեւ այնպիսի վարպետությամբ, ինչը վայել է ա՛յն գրողին, ով իրեն համարում է Չուկովսկի- մարշակյան դպրոցի ու Թումանյանի հետեւորդը։

Ինչպիսին էլ լինի այս գրքի հետագա ճակատագիրը, մի բան պարզ է. գիրքը չափազանց է հետաքրքիր, ու միայն ժամանակն ու ընթերցողը կասեն, թե հեղինակն ինչքան է ճիշտ, որ ընտրել է իր այս անհատական գրական ոճը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել