Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

74 կուսակցությունը խիստ շատ է. պետք է «օպտիմալացնել»

Օգոստոս 19,2009 00:00

Հայաստանյան «կուսակցամանիան» բազմիցս է քննարկման առարկա դարձել հասարակական տարբեր շերտերի՝ ներառյալ տնային տնտեսուհիների համար:

Գաղտնիք չէ, որ դե յուրե գրանցված 74-ից առնվազն 4-5 տասնյակը մի քանի հոգուց կազմված, այսպես կոչված՝ մարդ-կուսակցություններն են: Դրանց ղեկավարների ճնշող մեծամասնությունը քաղաքական դաշտում «ինքնահաստատվելու» լավագույն միջոցը թերեւս դիտարկում է համապետական որեւէ ընտրության ժամանակ կուսակցական կնիքը բարեհաջող «իրացնելը»: Սեփական ամբիցիաները բավարարելու կուսակցապետերի մտայնությունը, սակայն, հասարակությունը հանդուրժեց բավական երկար: Ըստ իս, վաղուց է հասունացել անհրաժեշտությունը՝ առողջ քաղաքական համակարգ կամ կուսակցապետեր դիլեման հանգուցալուծելու հօգուտ առաջինի:

Եթե ԱԺ ընտրություններին, որպես կանոն, մասնակցում է երկու տասնյակի չափ կուսակցություն, որոնց գրեթե կեսն էլ, ի դեպ, ստանում է ընտրողների վստահության մեկ տոկոսից էլ քիչ, ապա հարց է առաջանում. չմասնակցելով քաղաքական ուժերի թիվ 1 վարկանիշային մրցություն համարվող ԱԺ ընտրություններին, կամ՝ 4-5 տարի նախապատրաստվելուց հետո հավաքելով զրո ամբողջ չգիտեմ քանի տոկոս, այլեւս ինչի՞ համար, ի՞նչ նպատակով են փոքր կուսակցությունները շարունակում իրենց քաղաքական գոյությունը: Արդյոք ավելի ճիշտ չէ՞ միավորվելը այլ կուսակցություններին:

Ինչ վերաբերում է «մահկանացուներիս», ապա մենք միարժեքորեն կշահենք քաղաքական դաշտի «զուլալումից», քանզի այդ դեպքում խորհրդարանական հաջորդ ընտրություններին կմասնակցի արդեն 10-12-ից ոչ ավելի քաղաքական միավոր: Հետեւաբար, ընտրողներս էլ կկարողանանք առավել ճիշտ կողմնորոշվել դրանց եւ նախընտրական խոստումների ու հավակնոտ ծրագրերի «լաբիրինթոսում»:

Այս հանգամանքը ինքնին չափազանց կարեւոր է, քանի որ սակավաթիվ դարձած կուսակցություններին կստիպի՝ հետայսու ոչ միայն չափավորել ընտրախոստումները, այլեւ, խորհրդարանում ցանկացած թվաքանակով խմբակցություն ձեւավորելուց հետո, ամեն կերպ ձգտել դրանք կյանքի կոչել՝ հաջորդ «քննության» ժամանակ խոսքը գործով ապացուցածի շահավետ իմիջով հասարակությանը ներկայանալու համար: Իսկ ընտրողներն էլ կկարողանան հետամուտ լինել իրենց տված նախընտրական խոստում-ծրագրերի լիարժեք իրականացմանը: Հենց այս վերահսկողությունն է, որ, ի վերջո, կհանգեցնի ՀՀ քաղաքացիների «տիրապետության հաստատմանը» քաղաքական ուժերի եւ գործիչների հանդեպ:

Ուստի առաջարկում եմ ՀՀ նախագահ-կուսակցությունների ղեկավարներ առաջիկա հանդիպումներից մեկը կազմակերպել «74 կուսակցությունները եւ քաղաքական համակարգի կայացումը» թեմայով: Քննարկումները, հավանաբար, կլինեն որքան թեժ, նույնքան էլ՝ հետաքրքիր. արդյունքը՝ բոլոր դեպքերում, օգտակար: Եվ եթե հաշվի առնենք նաեւ, որ վերոնշյալ ձեւաչափով կայացած երկու հանդիպման մասնակից շուրջ 50 կուսակցությունների ղեկավարների բացարձակ մեծամասնությունը որպես «վերուստ եկող հրաման» է ընդունում Նախագահի կամքը, ապա բավական է վերջինս լոկ արտահայտի իր ցանկությունը, որպեսզի մի քանի տասնյակ մարդ-կուսակցությունները սկսեն հապճեպ «օպտիմալացվել»: Վերջնարդյունքում՝ մեր երկրում պետական կարեւոր անհրաժեշտության հիմքը կդրվի՝ ձեւավորելու առողջ, ճկուն, բազմաթիվ մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու ունակ քաղաքական համակարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել