Իսկ ընտանիքը շարունակում է բնակվել տնակում
Վանաձորցի Արաքսյա տատիկի որդուն՝ Զավեն Ռամազյանին, 1994 թվականին առեւանգել են ադրբեջանցիները: Տղան այն ժամանակ 15 տարեկան էր: Առեւանգել են հենց Վանաձորից: Այդ օրվանից ի վեր տիկին Արաքսյան որդուն չի տեսել: Այս գործի առիթով հրապարակումներ շատ են եղել հայկական տարբեր թերթերում: Ինչպես Արաքսյա տատիկն է պատմում, որդուն առեւանգել են ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցի մի զինվորի հարազատները:
1998 թվականին հնարավորություն էր առաջացել փրկել որդուն: Առեւանգիչները մորը հրավիրել էին Մառնեուլ քաղաքի փոստի մոտ՝ բանակցելու: Հենց այդ ժամանակ էլ տիկին Արաքսյան վաճառել է իր բնակարանը՝ $15000 վերցնելով հետը՝ որպես փրկագին: Այդ օրվանից նա բնակվում է տնակում: Բանակցությունները, ըստ Արաքսյա տատիկի, նորմալ էին ընթանում, կողմերը գրեթե համաձայնության էին գալիս. «Սակայն գործը փչացրին ինձ հետ եկած Ազգային անվտանգության աշխատակիցները, ովքեր քիչ հեռվում էին սպասում: Նրանք անսպասելի օդ կրակեցին եւ շրջափակեցին ադրբեջանցիներին: Իսկ ինձ խոստացան, որ հենց հաջորդ օրը որդիս կվերադառնա: Ես ուրախությունից չգիտեի ինչ անեի»: Հաջորդ օրը, սակայն, որդին չվերադարձավ: Բայց ութ օր հետո զանգեց ադրբեջանցի առեւանգիչը եւ $6 000 դոլար պահանջեց որդու դիմաց:
Տիկին Արաքսյան դիմել է բոլոր պատկան մարմիններին, բարեգործական կազմակերպություններին, սակայն պետք եղած $6 000-n այդպես էլ չի ճարվում: ՀՀ ապօրինաբար կալանված կամ դատապարտված անձանց պաշտպանության բարեգործական ֆոնդից տեղեկացրել են, որ «պետական կառույցների միջոցով փոխանակում կազմակերպելը հնարավոր չէ, քանի որ Զավեն Ռամազյանը որպես պատանդ պահվում է մասնավոր անձանց մոտ»: «Ես հիմա որդի եւ՛ ունեմ, եւ՛ չունեմ»,- արտասվում է տիկին Արաքսյան՝ ամեն անգամ նայելով որդու նկարին:
Արաքսյա տատիկի հետ տնակում ապրում է դուստրը՝ չորս անչափահաս երեխաների հետ: Պայմանները շատ ծանր են, անմարդկային. ջուր չկա, սանհանգույց չկա, ձմռանը տնակը տաքացնում են փայտի վառարանով: Տնակում նրանց մշտական ուղեկիցներն են կրծողներն ու զանազան միջատները: «Խոնավությունից բոլոր երեխաներն էլ հիվանդ են, սակայն ինչ էլ որ լինի, ես նրանց ինձնից չեմ հեռացնի, չեմ հանձնի ոչ ոքի: Մեկին ես արդեն կորցրել եմ»,- ասաց Արաքսյա տատիկը: