Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Օգոստոս 19,2009 00:00

Սյունիքի մարզի գյուղական ամբուլատորիաները հիվանդին տեղափոխելու տրանսպորտ չունեն

Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներում շարունակում է դժգոհության տեղիք տալ բուժսպասարկման անբավարար որակը, որից է՛լ ավելի է մեծանում գյուղաբնակների դժգոհությունը: «Ամիսներով բժշկի երես չենք տեսնում, իսկ մեր գյուղի բուժկետում դեղորայքը կրկնակի թանկ է վաճառվում: Նույնիսկ առաջին անհրաժեշտության դեղերն էլ ենք մենք առնում, բայց թեկուզ դրանք պետք է մեզ անվճար տրվի, չէ՞»,- դժգոհում է Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի բնակիչներից մեկը: Խնդիրն էլ ավելի է լրջանում, երբ գյուղերում շտապօգնության ծառայության անհրաժեշտություն է զգացվում: Գյուղացիների ասելով, այս դեպքում հիվանդի հարազատներն են ստիպված լինում մեքենա ունեցող այս կամ այն հարեւանին խնդրել-նեղություն տալով՝ հիվանդին շտապ հասցնել մոտակա հիվանդանոց. «Բուժկետերից միշտ նույն պատասխանն ենք լսում. մեզ տրանսպորտ չեն տրամադրել ու ոչ էլ վառելիքի համար ֆինանսավորում ունենք»:

Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը նշեց, որ խնդիրն իրոք մտահոգիչ է եւ այն բազմիցս բարձրացվել է, առողջապահության նախարարությունում տեղյակ են խնդրին, իսկ մարզի սոցիալ-զարգացման ծրագրով փորձ կարվի գյուղական համայնքներում որոշակիորեն բարելավել բուժսպասարկումը:

Սյունիքում 100-ից ավելի գյուղական համայնքներ կան, որոնց՝ բնակչությանը սպասարկող առողջության առաջնային պահպանման կենտրոններն ընդամենը 11-ն են: «Հաշվի առնելով մարզի գյուղերի բնակչության սակավությունը, այդ գյուղական ամբուլատորիաներին ամրակցվել են հարակից գյուղական համայնքների բնակչության սպասարկումը, ինչպես նաեւ մոտակա այդ գյուղերի բուժակ- մանկաբարձական կետերը: Քանի որ ֆինանսավորումը իրականացվում է ըստ սպասարկվող բնակչության քանակի, ապա գյուղական ամբուլատորիաների համար լուրջ խնդիրներ են առաջանում՝ հոգալու բուժակ-մանկաբարձական կետերի պահպանման ծախսերը, ապահովելու անհրաժեշտ դեղորայքով եւ կազմակերպելու բժշկի ամենամսյա պարտադիր այցելություններն իր հսկողության տակ գտնվող գյուղական համայնքներ»,- պարզաբանում է պարոն Ծատրյանը:

Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, օրինակ, սպասարկում է հարակից 19 գյուղերի 3198 բնակիչներին, Բռնակոթինը՝ 7 գյուղերի 3977 բնակիչներին:

Զրուցակցիս խոսքերով, առողջության առաջնային պահպանման 11 կենտրոններից միայն 4-ն է ապահովված տրանսպորտային միջոցներով (որոնք 10-12 տարվա վաղեմության մեքենաներ են), ինչն էլ հնարավորություն չի տալիս բժշկին պատշաճ իրականացնելու իր գործունեությունը: «Բացի տրանսպորտային միջոցների ապահովման խնդրից, կարծում եմ, ճիշտ կլինի տարբերակված մոտեցում ցուցաբերվի գյուղական համայնքներին, քանի որ այդտեղ լրացուցիչ շատ ծախսեր են պահանջվում»,- նկատեց Աշոտ Ծատրյանը:

Իսկ շտապօգնության կանչերն այս կենտրոնները սպասարկում են միայն ցերեկային ժամերին, երեկոյան ժամերին՝ արդեն տարածաշրջանների բժշկական կենտրոնները:

Մարզի 26 գյուղական համայնքների բուժկետերի պայմանները որոշ չափով կբարելավվեն, քանի որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի» շրջանակներում այստեղ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում: Բուժկետերը կապահովվեն անհրաժեշտ գույքով ու բուժսարքավորումներով: 73 միլիոն դրամ արժողությամբ այս ծրագրով սկսված շինաշխատանքները կավարտեն ընթացիկ տարվա սեպտեմբերին: Իսկ Տաթեւ գյուղի բուժկետը կնորոգվի ու Տեղ գյուղում ամբուլատորիա կկառուցվի ներդրումային այլ ծրագրով՝ կտրամադրվի $220 հազար:

Պետբյուջեի միջոցներով էլ 64 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ կտարվեն Մեղրու բժշկական կենտրոնի վերանորոգման համար: Համաշխարհային բանկից Գորիսի հիվանդանոցի նորոգմանը կհատկացվի 2,5 միլիոն դոլար: Կկառուցվի նաեւ հիվանդանոցի նոր մասնաշենք:

Նորոգման աշխատանքներ, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն նաեւ Կապանի բժշկական կենտրոնի մանկական մասնաշենքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել