«Խոզի գրիպի» տարածումից ու մոտ 1700 մահացածության դեպքերից հետո, մի շարք երկրներ ձեռնամուխ են եղել վարակի դեմ պատվաստանյութերի ստեղծմանը:
Չինաստանում H1N1 վարակի դեմ պատվաստանյութն արդեն պատրաստ է: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը: Դեղամիջոցը ստեղծել է «Սինովակ» դեղագործական ընկերությունը: Ընկերությունից վստահեցնում են, որ պատվաստանյութն անվտանգ է եւ արդյունավետ: Պատվաստանյութը փորձաքննության է ենթարկվել մարդկանց վրա: «Սինովակ» չինական դեղագործական ընկերության տվյալների համաձայն՝ առաջին անգամ պատվաստանյութը օգոստոսի 4-ին ներարկվել է 1,614 կամավորականներին: Արդյունքը դրական է գնահատվել: Փորձնական ներարկման ենթարկված կամավորներից ոչ ոք պատվաստանյութից բացասական ազդեցություն չի կրել: «Սինովակ» ընկերությունից տեղեկացրել են, որ կամավորների 12%-ը զգացել է «թեթեւ եւ անցողիկ» զգացողություններ, ինչը բնորոշ է նաեւ սեզոնային գրիպին:
Նշենք, որ H1N1 վարակի դեմ պատվաստանյութի բժշկական փորձարկում էր սկսվել նաեւ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ ՀՀ առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ Հայաստանում վարակի դեպք չի արձանագրվել եւ կանխարգելման բոլոր միջոցառումները լիարժեք կատարվում են: