Հայաստանի բնակչության շրջանում անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը անց է կացվել կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն: Այն իրականացվել է ԱՅ ԷՖ Ի ԷՍ եւ ՀՌԿԿ կազմակերպությունների աջակցությամբ: Հարցվել են 1500 քաղաքացիներ Երեւանում, քաղաքներում եւ գյուղական համայնքներում: Հետազոտության վերաբերյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով տպագրվել է զեկույց՝ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում: Ըստ հետազոտման արդյունքների՝ «Կոռուպցիան չափազանց տարածված երեւույթ է համարվում պետական հաստատություններում եւ հիմնարկներում: Հարցվածների 2/3-ը հավատացած է, որ իրավապահ մարմինները եւ դատախազությունը որոշակիորեն կամ մեծապես կոռումպացված են: Հարցվածների գերակշիռ մասը՝ 58%-ը կոռումպացված է համարում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»: Ի դեպ, հարցվածների 66%-ը, ըստ հետազոտության արդյունքների, կոռուպցիան բնորոշ էր համարել ընտրական համակարգերին եւ գործընթացներին, 65%-ն այն կապել էր ոստիկանության, 32%-ը՝ ճանապարհային ոստիկանության, 61%-ը՝ առողջապահության եւ 58%-ը՝ կրթության ոլորտների հետ: Հետազոտման ժամանակ հնչել էր մի հարց, թե արդյոք ովքե՞ր են ավելի շատ կաշառք պահանջում: Ամենամեծ «պահանջատերը» «գաիշնիկներն» են՝ 37%, մաքսային մարմինները՝ 34% եւ առողջապահության համակարգը՝ 23%: Ուզո՞ւմ են հայաստանցիները կաշառք տալ եւ ինչո՞ւ են տալիս: Հարցվածների 53%-ը «հակված է շարունակել կաշառք տալ, քանզի համոզված է, որ որեւէ գործ գլուխ բերելու այլ ճանապարհ կամ գործերի ընթացքն արագացնելու այլընտրանք չկա»: Իսկ ընդհանրապես, հարցվածների 72%-ը՝ գերակշռող մեծամասնությունը, այն հարցին, թե եթե առաջարկեն իրեն կաշառք վերցնել՝ ի՞նչ կանի, տվել է անբասիր պատասխան՝ «կհրաժարվի կաշառք վերցնելուց»: Հարցման կազմակերպիչները հանգել էին նաեւ այն եզրակացության, որ հակակոռուպցիոն աշխատանքներում ներգրավված հ/կ-ների մասին իրազեկությունը ցածր է: 6%-ն է տեղյակ «կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող» հ/կ-ների մասին: Երեւանցիների 52%-ը չի հավատում, որ կառավարությունն ունի կոռուպցիայի դեմ պայքարելու անկեղծ ցանկություն եւ կամք, իսկ 44%-ը հավատում է այդ նախաձեռնությունների անկեղծությանը: