«Էկոլուրի» փոխանցմամբ, օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին հարցաքննության է հրավիրվել բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Ոստիկանությունը 2 օրվա ընթացքում փոխել է «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մ. Սուխուդյանի մեղադրանքի հոդվածը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Մ. Սուխուդյանը ծանուցագիր էր ստացել՝ որպես մեղադրյալ օգոստոսի 15-ին ցուցմունք տալու համար: Ծանուցագրում նշվել էր մեղադրանքի հիմքը՝ զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին ոստիկանությունում նրան հայտնել էին, որ մեղադրվում է մեկ այլ հոդվածով՝ սուտ մատնության համար, որը կատարվել է շահադիտական դրդումներով: Քրեական օրենսգրքով այդ հոդվածով նախատեսված է պատիժ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում:
Բնապահպանը մեղադրվում է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման ժամանակ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկի պատմածի համար, ուր խոսք էր գնացել ուսուցչի՝ Լ. Ս.-ի կողմից սեռական ոտնձգություններ կատարելու մասին: