Լրագրողին դատական որոշմամբ լավություն չեն արել
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը պատասխանել է «Առավոտ» եւ «ՉԻ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ կապված վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորի հուլիսի 15-ին կիրառված համաներման կապակցությամբ ուղղված դիմումի հետ: Պատճենն ուղարկվել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Ի դեպ, Գ. Շամշյանի բողոքն այս պահին գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում:
Հիշեցնենք, որ լրագրողը մեղադրվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից այս տարվա ապրիլի 17-ին դատապարտվել 350 000 դրամ տուգանքի:
ՀՀ վերաքննիչ դատարանը կիրառել էր համաներում, այն դեպքում, երբ նախկինում լրագրողի նկատմամբ մեկ այլ քրեական գործով կիրառվել էր համաներում՝ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ: Ստացվել էր, որ մեկ անձի նկատմամբ վերջին 10 տարում կրկնակի համաներման որոշում էր կայացվել:
Գլխավոր դատախազի տեղակալը, գնահատելով կատարվածը, հանգել էր հետեւյալին. «Այսպիսով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Գ. Շամշյանի նկատմամբ անհիմն, առանց օբյեկտիվ հիմքերի կիրառել է համաներման որոշումը, արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը»: Դատախազը պահանջել է բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշումը: Ֆոտոլրագրողը դիմել է նաեւ ՀՀ արդարադատության խորհրդին՝ կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ: Իր հերթին ԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Գալստյանը տեղեկացրել է մեր գործընկերոջը. «Ձեր վերաբերյալ քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում, հետեւաբար, բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում, գործի քննության արդյունքներով վճռաբեկ դատարանը կկայացնի որոշում՝ օրենքով սահմանված կարգով արտահայտելով իր իրավական դիրքորոշումը դատական ակտի վերաբերյալ:
Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ դիմումում Ձեր բարձրացրած հարցը՝ կարգապահական վարույթ հարուցել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների նկատամբ, արդարադատության խորհրդի կողմից քննարկման առարկա կարող է դառնալ միայն նշված գործով վերջնական դատական ակտ կայացնելուց հետո»:
Իրավունքի մասնագետների դիտարկումներով, Գ. Շամշյանի նկատմամբ թույլ տված դատական սխալի համար նկատողություններ կստանան դատավորները, իսկ Շամշյանին էլ կպատժեն 350 000 դրամ տուգանքով, այն՝ ինչ վճռել էր ընդհանուր իրավասության դատարանը: