Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եզդիները հայերին նեղո՞ւմ են

Օգոստոս 19,2009 00:00

\"\"

Ջամշլուում եզդիները ազգությամբ հայ բնակչին իր տնակից վտարել են ու տնակն իրենցով արել

Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Արմենուհի Մելքոնյանը հայտնվել է փողոցում: Նրան զրկել են իր միակ կացարանից՝ վագոն-տնակից, որտեղ բնակվել է 15 տարուց ավելի:

Արմենուհին աշխատել է Ջամշլուի 8-ամյա դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, իսկ նրա տնակը եղել է դպրոցի տարածքում: Նրա պատմելով՝ «Ես ասթմա ունեմ, ու ձմռան ամիսներին գյուղի սուր օդն ինձ վնասակար է, դրա համար էլ գալիս եմ Երեւան՝ բարեկամներիս, ընկերներիս տանն եմ ապրում, ամռանը նորից գնում եմ իմ տնակը: Բայց մի օր, երբ քաղաքից նորից վերադարձա Ջամշլու՝ էլ իմ տնակը չգտա. դպրոցի տնօրենը՝ Խուդո Խուդոյանը, այն սեփական նախաձեռնությամբ քանդել էր ու տարածքն օգտագործել: Ես տնակի դռան բանալին ձեռքս՝ մնացի օդում կանգնած, տնօրենը տնակի դուռը քանդել էր, դարձրել էր դպրոցի զուգարանի դուռ, պատերի փայտերով էլ վերանորոգել դպրոցի հատակը եւ այլն»:

Նշենք, որ Ջամշլու գյուղը հիմնականում զբաղեցված է եզդիներով: Այնտեղ բնակիչները ոչ սեփական բնակարաններ ունեն, ոչ էլ գրանցում, որովհետեւ երկրաշարժից հետո բոլորը բնակվում են ժամանակավոր կացարաններում: Ջամշլուում բնակվող հայերին մատների վրա կարելի է հաշվել: Արմենուհին հայ է: Նրա պատմելով՝ «եզդիներն այնտեղ հայերին նեղում են, տեղ չեն տալիս մնալու, քիչ-քիչ ուզում են տարածքը հայերից մաքրել, որ մնան իրենք իրենցով: Նրանք Ջամշլուում իրենց տեր ու տիրական են զգում, դրա համար էլ արխային քանդել են ինձ պատկանող տնակն ու օգտագործել այն՝ առանց վախենալու պատասխանատվությունից»:

Գյուղի դպրոցի հաշվեկշռում երկու տնակ կա, որոնք օգտագործվել են որպես դասասենյակ, սակայն, ըստ Ա. Մելքոնյանի, դպրոցի տնօրենը դրանք իր համար գոմ է սարքել. «Մեր դպրոցը «Բարի լոտոյի» խաղարկությամբ գումար էր շահել ու այդ փողով պետք է դպրոցի ամբողջ վերանորոգումն իրականացվեր, սակայն ոչ ոք չիմացավ, թե ուր կորան այդ գումարները, դպրոցը մնաց նույն խարխուլ, կիսաքանդ վիճակում: Տնօրենը աչքը դրել է միայն ուրիշի ունեցածի վրա: Երբ սկսեցի այլեւս չաշխատել դպրոցում, իմ ու Խուդոյանի հարաբերությունները վատացան, բայց դա նրան իրավունք չէր տալիս իմ տնակն ապամոնտաժելու, ես այդ տնակի համար երկրաշարժից հետո 70 ռուբլի եմ վճարել՝ չնայած դրանք բաժանվում էին որպես օգնություն»: Երբ Արմենուհին Խուդո Խուդոյանից պահանջել է ետ վերադարձնել իր տնակը կամ փոխհատուցում տալ՝ տնօրենը Արմենուհուն պատասխանել է, որ այդ տնակը դպրոցին է պատկանում, ուստի այն կարող են տնօրինել՝ ինչպես ուզում են:

Ներկայումս դպրոցի տնօրենը Խուդո Խուդոյանի եղբայրն է՝ Թեմուր Խուդոյանը, որը «Առավոտին» պարզաբանեց, որ Արմենուհին ոչ Խուդոյաններից, ոչ էլ դպրոցից պարտք ու պահանջ չունի. «Այդ տնակը դպրոցի հաշվեկշռում է, պատկանում է մեզ, ես չեմ հասկանում, թե այդ կինն ի՞նչ է ուզում մեզանից: Նա այդ տնակի հարցով դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ես դատը շահել եմ, բայց էլի նա չի հանգստանում»: Մեր հարցին՝ եթե տնակը դպրոցին է պատկանել, ինչո՞ւ է Արմենուհին 15 տարի շարունակ այնտեղ բնակվել՝ Թ. Խուդոյանը պատասխանեց. «Նա 15 օր էլ այդ տնակում չի ապրել, բոլորը ստեր են, ես բոլոր ապացույցներն ունեմ, որ այդ տնակը դպրոցինն է»:

Թեմուր Խուդոյանը նաեւ հավաստիացրեց, որ Ջամշլուում ոչ ոք հայերին չի ճնշում, բոլորն իրենց գլխի վրա տեղ ունեն. «Մենք հայերին շատ լավ ենք վերաբերվում, խնդիրներ ունենք միայն Արմենուհի Մելքոնյանի հետ, նա մեր երեխեքին ասում է՝ թուրքի մնացորդներ, նման մարդն իրավունք չունի մեր դպրոցում աշխատելու ու մեր երեխաներին դաս տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել