Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄ ԵՆ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ

Օգոստոս 19,2009 00:00

\"\"Հայաստանի մարզերի մի շարք գյուղերի բնակիչներ չեն ուզում միանալ հարեւան գյուղերին

Բավականին երկար ժամանակ կառավարությունը մշակում է համայնքների խոշորացման հայեցակարգը, որը լուրջ ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո միայն կմեկնարկի: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այս ծրագրի իրականացման արդյունքում, ճիշտ է, սկզբնական շրջանում բավականին շատ գումարներ կծախսվեն, սակայն հետագայում պետբյուջեն ահագին խնայողություններ կանի: Չնայած ծրագրի հեղինակներն ու կառավարությունը վստահ են, որ խոշորացման արդյունքում համայնքները շատ արագ կզարգանան, սակայն հազարավոր գյուղացիներ եւ գյուղապետեր հակառակ կարծիքին են:

Համայնքների խոշորացման ծրագիրը «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության սրտով չէ: Կազմակերպության անդամներ են տարբեր մարզերի բնակիչներ եւ գյուղապետեր, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի մասնագետները: «Առավոտի» հետ զրույցում հ/կ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքերով՝ «Այդ խոշորացումը ձեռնտու է մի քանի հոգու, բայց ոչ հասարակ գյուղացիներին: Մեր կարծիքով, գյուղական համայնքների միավորման եւ խոշորացման գործընթացով գյուղացիներից շատերը ավելի կմեկուսացվեն երկրի իշխանություններից եւ երկրում տեղի ունեցող գործընթացներից, միաժամանակ՝ գյուղական համայնքների խոշորացման գործընթացի իրականացումը կնպաստի գյուղերում աղքատության եւ թշվառության աճին: Դրանով ավելի կխորացվի գյուղերի ամայացումը: Այսօր գյուղում ապրելու եւ աշխատելու նորմալ պայմաններ չկան, գյուղացին անպաշտպան է: Պետք է այս ուղղությամբ մտածել»:

Նշենք, որ ներկայումս կա 914 համայնք, որոնց թիվը խոշորացման արդյունքում զգալիորեն կպակասի: Ընդ որում, գյուղերի միավորումը պատահականության սկզբունքով չի լինելու, այլ այդ գյուղերն ընտրվելու են մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ: Օրինակ՝ թե այդ գյուղերը քանի կիլոմետր հեռավորության վրա են, հաշվի է առնվելու համայնքների ընդհանուր վարչական սահմանի առկայությունը եւ այլն:

Կազմակերպության անդամների խոսքերով. «Գոնե կառավարությունը հրապարակի միավորվող գյուղերի ցուցակը, գուցե շատ գյուղերի բնակիչներ դեմ են միանալ հարեւան գյուղին: Մեր կարծիքով, այդ ծրագրով բյուրոկրատական քաշքշուկներն ավելի կշատանան: Մի փաստաթուղթ ստանալու համար ստիպված ենք լինելու մի քանի կիլոմետր գնալ, իսկ այսօր հենց գյուղապետից հեշտությամբ ստանում ենք»: Բացի այդ, գյուղացիները կարծում են, որ հայկական մենտալիտետը կխանգարի արդար ու ազնիվ գյուղապետ ունենալուն, քանի որ, հայկական մենտալիտետով, ընտրված գյուղապետի սիրտը կցավի միայն իր հայրենի գյուղի համար. «Իսկ հարեւան գյուղերի վրա ոչ էլ ուշադրություն կդարձնի: Ինչ դոտացիներ էլ ստանա, առաջին հերթին իր գյուղի վրա կծախսի եւ այլն: Պետք է հաշվի առնվեն նման մանրուքները»:

«Առավոտին» դիմած գյուղացիների կարծիքով, գյուղերի խոշորացման ծրագրով որոշ իշխանական պաշտոնյաներ մտադիր են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կեղծելն է՛լ ավելի հեշտացնել. «Եթե հիմա մի գյուղում 1-2 թեկնածու է լինում, ամեն գյուղում առանձին էին աշխատում, հետո այդ գյուղերը կմիավորվեն ու 10 գյուղի տեղը մի գյուղում կաշխատեն կեղծիքների վրա»:

«Ֆերմերային շարժում» գյուղացիական հասարակական կազմակերպությունը դատապարտում է իշխանությունների կողմից կամ իշխանությունների թողտվությամբ երկրում իրականացվող գյուղաքանդ գործընթացները եւ երկրի իշխանություններից պահանջում է անհապաղ դադարեցնել համայնքների խոշորացման դեռ չսկսված գործընթացը:

Համայնքների խոշորացման հայեցակարգից «վախեցած» գյուղացիներին տարածքային կառավարման նախարարությունն այսպես է «հանգստացնում». «Միանշանակ պետք է շեշտել, որ 1996-ին ստեղծված 926 համայնքների առկայության պայմաններում հնարավոր չէ արդյունավետ տեղական կառավարում իրականացնել: Իհարկե, ռիսկեր կան: Բայց դա երբեք բարեփոխումներից հրաժարվելու պատճառ չպետք է դառնա։ Պարզապես պետք է կարողանանք մեր քայլերը ճիշտ հաշվարկել։ Գյուղերը ստիպողաբար չեն միավորելու։ Մարդկանց կբացատրենք, կներկայացնենք խոշորացումից եւ միավորումից սպասվող ակնկալիքները»։ Ինչ վերաբերում է գյուղապետերի անտարբերությանն ու ընտրությունների կեղծիքներին, նախարարությունը վստահեցնում է, որ մշակված է այնպիսի մեխանիզմ, որն անօրինականությունները բացառում է. «Որպեսզի համայնքապետերը պատշաճ ուշադրություն դարձնեն արդեն խոշորացված համայնքում գտնվող հարեւան գյուղերին, մշակվում է ավագանիների կազմավորման այնպիսի մեխանիզմ, որով հակակշիռ կստեղծվի: Այսինքն՝ մյուս գյուղերի ներկայացուցիչների թիվը ավագանու կազմում գերակշռի այն համայնքի ավագանու անդամների թվին, որտեղից ընտրվել է համայնքապետը:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառա վարման մարմինների ընտրությունները կեղծելուն, ապա միաժամանակ մի քանի համայնքների՝ ընտրություններին մասնակցելն ինքնին փոխադարձ վերահսկման մեխանիզմ է ենթադրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել