«Հայաստան ներմուծված ոչ պարենային՝ կենցաղային քիմիայի, լվացող, մաքրող միջոցների, պարֆյումերակոսմետիկական, օծանելիքների, կենցաղային նշանակության բարդ տեխնիկական եւ այլ ապրանքների շուկաներում մոտ 80%-ը վաճառվում է առանց հայերեն ցուցումների»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Նրա ներկայացմամբ՝ ներմուծված ապրանքների օգտագործման համար նշված ցուցումները ՀՀ օրենքին չեն համապատասխանում եւ գրվում են, ասենք՝ արաբերեն, անգլերեն կամ թուրքերեն, բայց՝ ոչ հայերեն:
Ա. Եղոյանի խոսքերով, հայերեն ցուցումների բացակայության պատճառով, սպառողը մշտապես ապրանքը ճիշտ օգտագործելու խնդիր է ունենում. հատկապես՝ երբ ապրանքների պիտանելիության ժամկետը լրացած է լինում, ապա այդ ապրանքները կարող են վնասել սպառողի առողջությունը, գույքը, նաեւ շրջակա միջավայրը:
Հ/կ նախագահի խոսքերով՝ բացի այն, որ ապրանքների վրա պարտադիր պետք է նշվեն պիտանելիության ժամկետները, նաեւ անհրաժեշտ է ապրանքի վրա գրել, որ ցուցումները չկատարելու դեպքում սպառողին ինչ է սպառնում:
Ներմուծված ոչ պարենային ապրանքները՝ առանց հայերեն մակնշման վաճառքի հիմնական պատճառը, ըստ պարոն Եղոյանի, համապատասխանության սերտիֆիկատների բացակայությունն է:
Հ/կ-ն մշակել ու առաջիկայում կառավարությանը կներկայացնի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի կիրարկմանը նպաստող նախագիծ, որը կխթանի ոլորտի թափանցիկության բարձրացմանը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը. նախատեսվում է ծրագրի անցկացման երկու փուլի տարբերակը. «Ոչ պարենային ապրանքների մի մասը 2010-ի հուլիսի 1-ից պետք է պարտադիր մակնշվեն հայերենով, մի մասն էլ՝ 2011-ի հունվարի 1-ից»:
Ա. Եղոյանը հավաստիացրեց, որ ներկրողներն ու վաճառողներն այդ մասին կիրազեկվեն:
Այս սեզոնին, Ա. Եղոյանի ներկայացմամբ՝ անմխիթար իրավիճակ է նաեւ պարենային շուկայում. չկազմակերպված առեւտրի կետերում շարունակվում է հյութերի վաճառքը եւ փողոցային սննդի առետուրը. «Փողոցային առեւտուր անողները պետբյուջե ոչինչ չեն վճարում: ՀՀ օրենսդրությամբ, փողոցում սնունդ վաճառելն արգելված է, իսկ ո՞ւմ են նրանք վճարում՝ արդեն կարելի է պատկերացնել»:
Պարոն Եղոյանի համոզմամբ՝ տուրիստական արտադրանքի ոլորտում սպառողի իրավունքներն ընդհանրապես պաշտպանված չեն, իսկ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը հստակ սահմանում է հյուրանոցային սպասարկման եւ տուրիստական ծառայությունների մատուցման կանոնները. «Հայաստանում սպառողը վճարում է անհամեմատ ավելի մեծ գումար, քան տրամադրվող ծառայությունը: Չի կարելի այնպիսի գներ գովազդել, որ մեր քաղաքացուն ստիպի Անթալիա գնալ»,- ասաց Ա. Եղոյանը: