Գերատեսչությունները չեն ենթարկվել վարչապետի հորդորին ու թանկարժեք մեքենաներ են գնել
Համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը հրահանգել էր պետական հիմնարկներին՝ խնայողություններ անել եւ բոլոր ոչ հրատապ ծրագրերն ու ծախսերը ժամանակավոր կասեցնել: Չնայած վարչապետի այս կոչին, կառավարության ղեկավարները շարունակում են իրենց շռայլություններ թույլ տալ ու ճոխ ծախսեր կատարել: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվել է, թե 2009-ի հունվարի 1-ից սկսած՝ նախարարություններից ու կառավարությանն առընթեր մարմիններից քանի՞ նոր ծառայողական մեքենա է գնվել, ի՞նչ մակնիշի, ի՞նչ մոդելի, ո՞ր թվականի արտադրության եւ որքա՞ն դրամ է ծախսվել այդ մեքենաներից յուրաքանչյուրի գնման համար: Ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը Լ. Բարսեղյանին է ուղարկել մի ցուցակ, ըստ որի, փաստորեն, մեր ղեկավարներն այս ճգնաժամային տարում էլ բավականին թանկ մեքենաներ են գնել ու բոլորովին էլ չեն զսպել պետության հաշվին կատարվող իրենց ծախսերը: Այսպես. 2009 թ. արտադրության 2 «Նիսան Ալտիմա» մեքենա «Մուրան» ՍՊԸ-ից գնվել է նախագահի աշխատակազմի համար: Դրա համար ծախսվել է 20 մլն դրամ: Կառավարության աշխատակազմի համար էլ գնվել է 12 «Նիսան Տիդա»՝ դարձյալ այս տարվա արտադրության, որի համար ծախսվել է 78 մլն դրամ: Միայն ոստիկանական համակարգի համար այս տարի գնել են 95 մեքենա, բոլորն էլ 2009թ. արտադրության: 70 «Տոյոտա Կորոլլա», 5 «ՎԱԶ 21214», 5 «Նիսան Սաննի», 15 «Սամանտ EL CNG». այս բոլոր մեքենաների համար ոստիկանությունը ծախսել է 662 մլն 716 հազար դրամ: Պետեկամուտների կոմիտեն 3 մլն 600 հազար դրամով գնել է 2009-ի արտադրության ընդամենը 1 ավտոմեքենա՝ «ՎԱԶ 21214»: Մեկ «Տոյոտա Քամրի» էլ գնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ 12 մլն դրամով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնել է 1 «Նիսան»՝ ծախսելով 8 մլն 100 հազար դրամ: Այս տարի ամենահին մեքենան գնել է Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ 2007թ. արտադրության «Աուդի Q7», որի համար ծախսվել է 19 մլն 30 հազար դրամ: Նախարարություններից մեքենաներ գնելու գայթակղությանը չի դիմացել միայն գյուղատնտեսության նախարարությունը: Նկատենք, որ հուլիսին Պետական գնումների գործակալությունից «Առավոտի» հարցմանը, թե նախարարություններն այս տարի քանի՞ ծառայողական մեքենա են գնել, պատասխանել էին, որ ոչ մի նախարարություն ավտոմեքենա չի գնել: Մինչդեռ ֆինանսների նախարարության՝ Լեւոն Բարսեղյանին տրամադրած ցուցակի համաձայն, գյուղնախարարությունն այս տարի գնել է 2009 թ. արտադրության 1 «Շկոդա Նյու Օկտավիա» մեքենա՝ 5 մլն 400 հազ. դրամով: