Այսօր մայրաքաղաքի մի շարք այգիներում գործող կարուսելները պատշաճ մասնագիտական փորձաքննության չեն ենթարկվում:
Ճիշտ է, 3 տարի առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծեց «Ազգային անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն էլ զվարճանքի օբյեկտների հետ պայմանագիր կնքելով եւ որոշակի գումար ստանալով՝ տարին մեկ անգամ այցելում էր այգիներ եւ այնտեղի կարուսելները ենթարկում էր փորձաքննության, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այս կառույցը կարուսելները ոչ էլ ենթարկում էր փորձաքննության, այլ՝ վերցնում էր գումարները եւ հեռանում: Նշենք, որ մինչ այդ կառույցի ի հայտ գալը, կարուսելները ստուգում էին այգիների տեխնիկական աշխատողները:
Հաշվի առնելով դժգոհությունները՝ նախարարությունը որոշեց փորձաքննություն անցկացնող մասնավոր ընկերությունների մրցույթ հայտարարել, որի արդյունքում այժմ շուկայում, բացի «Ազգային անվտանգության կենտրոնից», գործում են նաեւ 2-3 նմանատիպ ընկերություններ: Չնայած դրան, զվարճանքի օբյեկտների տնօրենները հավաստում են, որ մասնավոր ընկերությունների փորձագետները միայն աչքով են զննում կարուսելի անվտանգությունը, իսկ օբյեկտների տեխնիկական աշխատողները ամեն օրվա վերջում գործիքներով ստուգում են, զգում են թուլացած պտուտակները եւ այլն:
Կարուսելներ շահագործողները նաեւ վստահեցնում են, որ մասնավոր փորձաքննության ընկերությունների ստեղծումը ոչ թե օգնեց գործընթացի որակի բարձրացմանը, այլ ընդհակառակը, իսկական խառնաշփոթ ստեղծեց, քանի որ մասնավոր կազմակերպությունները զվարճանքի օբյեկտներին ուղղակի ստիպում են իրենց հետ պայմանագիր կնքել՝ համոզելով, որ իրենք «Ազգային անվտանգության կենտրոնի» հետ կապ չունեն եւ բոլորովին այլ ծառայություններ են մատուցում: Այդ մասնավոր ընկերությունները վստահեցնում են զվարճանքի օբյեկտի տերերին, որ կարող են պայմանագիր կնքել եւ իրենց, եւ «Ազգային անվտանգության կենտրոնի» հետ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց արատակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ դիագնոստիկայի վարչության պետ Վլադիմիր Հովսեփյանը, իրենց կենտրոնն ու այդ մասնավոր ընկերությունները լրիվ նույն ծառայությունն են մատուցում, եւ այդ օբյեկտները պարտավոր են ընդամենը մեկ ընկերության հետ համագործակցել:
Հաղթանակի զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մեզ փորձաքննության «ՏԵԳ» մասնավոր ընկերությունը դիմեց՝ ասելով, որ պետք է պայմանագիր կնքենք, եթե ոչ՝ պետությունը կտուգանի մեզ: Մենք էլ կնքեցինք պայմանագիր, բայց իրենց ծառայությունները շատ թանկ էին»: Ըստ Թ. Ումրիկյանի, գները սկսում էին 500 հազար դրամից մինչեւ 1 միլիոնից ավելի. «Չգիտեմ՝ ի՞նչ սկզբունքով են որոշել: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս են որոշում վտանգավորության աստիճանը: Ես մտածում եմ, որ եթե այդ կազմակերպությունը պետության համար կարեւոր գործունեություն է կատարում եւ նախարարությանն էլ կից է, ապա պետք է մատչելի լինի»:
Մեր այն հարցին, որ եթե նախկինում սեփական ուժերով էին փորձաքննություններն անցկացրել, ի՞նչ չափանիշներով են որոշել, որ կարուսելը որքան կարելի է օգտագործել, պարոն Ումրիկյանը պատասխանեց. «Կա կարուսել, որը կարելի է օգտագործել 1 տարի, իսկ հնարավոր է՝ 5: Դա գործարանային ժամկետն է: Ինչպես նաեւ մեր տեխնիկներն են ստուգումներ անցկացրել, ինչը հիմա էլ են անում ամբողջ տարվա ընթացքում»: Մեր հարցին էլ՝ իր կարծիքով այս մասնավոր ընկերությունների ծառայությունները փաստորեն ավելո՞րդ էին, նա պատասխանեց. «Ավելորդը՝ ավելորդ չէր: Ուղղակի լավ կլիներ, որ մատչելի լիներ կամ պետական ֆինանսավորում լիներ: Եթե մտածում են երեխաների անվտանգության մասին, պետք է ավելի նորմալ կառույցներ ստեղծեին»:
Ի տարբերություն Թ. Ումրիկյանի, «Լունապարկի» տնօրեն Սուրեն Գյուլամբարյանը այնքան էլ դժգոհ չէր իր կնքած պայմանագրից: Նա ասաց, որ տարին մեկ անգամ այցելությունն իրենց օգնում է. «Եթե, Աստված չանի, արտակարգ իրավիճակ լինի, որը մինչեւ հիմա չի եղել, ապա մենք նրանց կկանչենք, եւ նրանք լրացուցիչ կայցելեն»: Մեր այն հարցին, թե ե՞րբ են որոշում կանչել փորձաքննություն անցկացնող ընկերությանը, պարոն Գյուլամբարյանը պատասխանեց. «Ամեն դետալ ունի իր «սրոկը», երբ լրանում է՝ կանչում ենք «ՏԵԳ» ընկերության մասնագետներին եւ նրանց հետ միասին փոխում ենք»:
Նշենք, որ թեեւ որոշ կարուսելներ արգելված են որոշակի տարիքի երեխաներին, այնուամենայնիվ, աշխատակիցները չեն ուզում զրկվել մի քանի հարյուր դրամից եւ թույլատրում են փոքրիկներին օգտվել արգելված կարուսելից:
Մենք վերոնշյալ 2 զվարճանքի օբյեկտներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են վերահսկում, որ իրենց աշխատակիցը կարգը չխախտի եւ արգելված կարուսելներին մոտ չթողնի փոքրիկներին, Թորոս Ումրիկյանն ասաց՝ իր մոտ աշխատում են միայն փորձառուները եւ իր աշխատողներն են որոշում երեխաների տարիքը. «Այդ աշխատակիցներն ունեն 15-30 տարվա աշխատանքային փորձ»: Իսկ «Լունապարկի» տնօրենն էլ այսպես մեկնաբանեց. «Մեր աշխատողներն են ստուգում, երեխաների տեսքից են որոշում՝ քանի տարեկան են, թույլ տա՞ն, թե՞ ոչ: Տենց որ լինի՝ բոլորից պետք է ծննդյան վկայականներ պահանջենք»: