Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքեց Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությանը

Օգոստոս 19,2009 00:00

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմահենակետին Թուրքիայի օդային տարածքով զենք ու զինամթերք չի՞ առաքվելու:

Օգոստոսի 14-ի իր հաղորդագրության մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի՝ թուրք-հայկական դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ վերջերս լրագրողներին տված մեկնաբանություններին:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ կայքէջում տեղադրված պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ԶԼՄ-ները՝ հղում անելով Կիրակոսյանին, տեղեկացրել էին, որ վերջինս ասել է, թե «գաղտնի համաձայնագիր» է ստորագրվել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, ըստ որի՝ ՌԴ-ին իրավունք է տրվել օգտագործել թուրքական օդային տարածքը՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմահենակետին զենք ու զինամթերք մատակարարելու համար:

Այս տեղեկությունը լայն տարածում գտավ, եւ օգոստոսի 15-ին ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը նյութ զետեղեց Բաքվում Թուրքիայի դեսպանատան կողմից՝ հերքելով «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմահենակետին Թուրքիայի օդային տարածքով զենք ու զինամթերք առաքելու վերաբերյալ լուրը»: Դեսպանատունը ադրբեջանական ԶԼՄ-ներին պաշտոնական հաղորդագրություն փոխանցեց՝ պնդելով, թե «այսօրինակ տեղեկատվությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա բարեկամությունն ու եղբայրությունը սասանելուն ուղղված քայլ է»:

Թերեւս հայկական սկզբնաղբյուրը մասամբ ճշգրիտ չէր, քանի որ ՌԱՀՀԿ տնօրենն ասել էր, որ «ներկայումս թուրք եւ ռուս պաշտոնյաները բանակցություններ են վարում երկկողմ մի պայմանագրի շուրջ, եւ եթե համաձայնություն ձեռք բերվի թուրք-հայկական փակ սահմանի բացման վերաբերյալ, ապա ռուսական ռազմական ուժերը հնարավորություն կստանան մուտք գործել Գյումրիի հենակետ՝ օգտագործելով թուրքական օդային եւ ցամաքային տարածքը»:

Ամենաուշագրավն այն է, որ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզյուգյարգինը քննադատեց Կիրակոսյանի մեկնաբանությունը՝ նշելով, որ «սա բացահայտ սադրանք է՝ ուղղված Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների խաթարմանը»: Քանի որ թուրք պաշտոնյան, ըստ էության, չժխտեց Կիրակոսյանի մեկնաբանությունների էությունը, դա մեկնարկ տվեց թուրքական առաջատար ընդդիմադիր թերթերի բուռն կոչերին, որոնք պաշտոնական Անկարայից պահանջեցին անհապաղ վերջ տալ Ռուսաստանի հետ բանակցություններին: Այսպես՝ «Միլլիեթ» օրաթերթը պնդեց, որ «Հայաստանին մատակարարվող ռուսական զենք-զինամթերքն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ»՝ հավելելով, որ «ռուսական ռազմական հենակետին աջակցություն ցուցաբերելն անընդունելի է»:

Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններում Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ իր հայտարարություններին Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքն ինքնին վկայում է թուրք-ռուսական հարաբերություններում առկա վստահության էական բացակայության, ինչպեսեւ Հայաստանի հետ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության թուլության մասին: Ըստ նրա, տեղի ունեցածը «հարցականի տակ է դնում Թուրքիայի՝ Հայաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու, ներառյալ Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ Հայոց ցեղասպանության ժառանգությունը քննարկելու վերաբերյալ նախկինում տված խոստումների անկեղծությունը»: Կիրակոսյանի պարզաբանմամբ՝ «բեռն այժմ Թուրքիայի ուսերին է, քանի որ միջազգային հանրությունը գնալով ավելի ու ավելի անհամբեր է դառնում Թուրքիայի չկողմնորոշվածության եւ Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսեւորման բացակայության հանդեպ»:

Կիրակոսյանի խոսքով՝ «Եթե անգամ Թուրքիան որոշի վերաբացել սահմանը եւ ընդլայնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ՝ նմանօրինակ քայլերը չպետք է դիտվեն որպես Հայաստանի համար որեւէ պարգեւ կամ հատուցում, քանզի այսպիսի նվազագույն քայլերը քաղաքակիրթ երկրներից ակնկալվող տարրական պահանջներ են»: ՌԱՀՀԿ տնօրենն ընդգծեց. «Չնայած տակավին գոյություն ունեցող որոշակի լարվածությանը, այնուամենայնիվ, Թուրքիան է, որ գտնվում է Հայաստանի հետ միասին առաջ գնալու ռազմավարական հնարավորությունը կորցնելու վտանգի առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել