Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԸ՝ ՇՈՒՏՈՎ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Օգոստոս 19,2009 00:00

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող պաշտպանը հույս չունի, որ Հայաստանի դատարաններում իրեն կհաջողվի ապացուցել սեփական ճշմարտացիությունը:

Օգոստոսի առաջին տասնօրյակում ավարտվել է փաստաբաններ Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցված գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, քանի որ նախագահող դատավորի ոչ օրինական գործողությունների դեմ իրենց առարկություններն արտահայտել էին՝ լքելով դատական նիստերի դահլիճը: 2008-ի հոկտեմբերին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Պիցցա դի Ռոմա» սրճարանի տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ աշխատակից Անուշ Ղավալյանի դատաքննության ժամանակ այս փաստաբանները հայտարարել էին, թե դատավոր Եվա Դարբինյանը փաստաթուղթ է կեղծել: Դատավորը չէր վերացրել իր ապօրինությունը, եւ պաշտպաններն ի նշան բողոքի հեռացել էին դահլիճից:

Դիանա Գրիգորյանը մեր զրույցի ընթացքում նշեց, թե բավական կարճ ժամանակ է իրենց տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Ինքը դեռ չէր ծանոթացել. «Ես նյութերի պատճենները պահանջեցի քննիչից, նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, թե գործով այլ մասնակիցների՝ մեղադրյալների մոտ կա, հետեւաբար իրենցից կստանամ: Ասաց նաեւ, որ կարող եմ այնտեղ նստել ու ծանոթանալ կամ սպասել ժամերով, գնալ իր հետ իրեն ցանկալի ինչ-որ տեղ, պատճենել ու վերցնել: Ասացի՝ շնորհակալ եմ, դուք ինձ կտրամադրե՛ք պատճենները»: Ըստ Դիանա Գրիգորյանի՝ մեղադրական եզրակացությունն էլ դեռ չունեն, եւ գործը չի ուղարկվել դատարան:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ընդդիմադիրներին առնչվող գործերում ներգրավված պաշտպանների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ ասել էր. «Քաղաքական հոտառություն էլ չունեն գործ հարուցող կամ հարուցելու հանձնարարություն տվող պարոնայք՝ ինչո՞ւ էր պետք այս լրացուցիչ աղմուկը: Մանավանդ, եթե ուշադիր կարդային դատարանների սանկցիաները՝ կտեսնեին, որ դատավորները թույլ են տվել սխալ, որի արդյունքում է, որ փաստաբանը դուրս է եկել դատարանի դահլիճից: Այն էլ կոպի՛տ սխալներ է թույլ տվել, ապօրինությո՛ւն է կատարել դատարանը: Ես խոսում եմ բոլո՛ր դատավորների մասին, որոնք սանկցիաներ են կիրառել փաստաբանների նկատմամբ, բացառությամբ 1-2 սանկցիաների, որոնք չեն վերաբերում մարտի 1-ի գործերին»:

Հայ ազգային կոնգրեսը հուլիսի 24-ին տարածել էր հայտարարություն, որով փաստաբաններ Մուշեղ Շուշանյանին, Արա Զաքարյանին, Արթուր Գրիգորյանին եւ Դիանա Գրիգորյանին կոչ էր արել օգտվել համաներման ընձեռած հնարավորությունից եւ համաձայնել իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի կարճմանը: Սակայն նրանք այսուհանդերձ հրաժարվել էին համաներումից: Մեր հարցին, թե ինչո՞ւ չփորձեցին օգտվել այս հնարավորությունից՝ մանավանդ այն պայմաններում, որ դա իրենց չէր զրկում գործի հետագա բողոքարկման հնարավորությունից՝ Դիանա Գրիգորյանը պատասխանեց. «Ո՛չ, եթե համաներումն ընդունեցիր՝ քո դատավարական գործողություններն արդեն փաստացի մտնում են փակուղի: Այսինքն՝ դու ընդունում ես, որ մեղավոր ես, կամ՝ չնայած ձեւականորեն կարող ես չընդունել, որ մեղավոր ես, բայց եթե համաներումը կիրառվի քո նկատմամբ՝ այդ հիմքով քրգործը կարճվում է եւ ընթացք չի ստանում, այսինքն՝ չի գնում դատարան, ու դու այնտեղ չես կարող ապացուցել քո արդարացիությունն ու ճշմարտացիությունը: Սա է խնդիրը՝ հաստատվում է, որ դու կատարել ես հանրորեն վտանգավոր արարք, բայց քո նկատմամբ քրեական հետապնդում՝ պատժի տեսքով, չեն իրականացնում»: Սակայն հարցին՝ արդյոք Հայաստանի դատական համակարգի պայմաններում իրենք հույս ունե՞ն, որ առաջիկայում սկսվելիք դատաքննության ընթացքում հաջողվելու է ապացուցել սեփական ճշմարտացիությունը, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ: Բայց դա չի նշանակում, որ այդ հանգամանքը գիտակցելու պայմաններում պետք է ձեռքներս ծալենք ու նստենք: Այսինքն՝ հնարավոր բոլոր միջոցները պետք է կիրառենք, եւ ավելի քան համոզված եմ, որ այս գործը գնալու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մենք ցույց կտանք, որ ամեն դեպքում չէ, որ ինչ ուզենան՝ կարող են անել: Չենք թողնելու, որ հեշտ մարսեն այս ամենը»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունիսի 8-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով որոշել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Պաշտպանը նշել էր, թե այդ հոդվածի «անորոշությունը պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման ու կիրառման համար», եւ վիճարկվող այդ նորմի կիրառմամբ՝ մի շարք փաստաբանների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Միաժամանակ նկատի ունենալով, որ «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է մինչեւ 5 տարի ժամկետով, եթե նա մեղադրվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, որը կապված է նրա փաստաբանական գործունեության հետ՝ Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդել էր այս ընթացքում կասեցնել վիճարկվող նորմի գործողությունը: Դիանա Գրիգորյանը մեզ հայտնեց, որ ՍԴ-ից այս կապակցությամբ ոչ մի նորություն չկա:

Շուրջ 1 տարի առաջ փաստաբանները պահանջել էին քրեական պատասխանատվության ենթարկել դատավոր Եվա Դարբինյանին: «Դիմել էինք գլխավոր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը ու հանցագործության մասին հաղորդման մեկական օրինակներն ուղարկել ե՛ւ ՀՀ նախագահին, ե՛ւ Վճռաբեկ դատարանին, ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանին, ե՛ւ եվրոպական կառույցներին,- պատմեց Դիանա Գրիգորյանը:- Բայց այս ընթացքում չի եղել ոչ մի արձագանք, որեւէ պատասխան: Դատավարական առումով՝ չի կայացվել որեւէ որոշում, թեեւ իրենք պարտավոր էին դա անել՝ թեկուզ կայացնել որոշում, որ քրեական գործ չի հարուցվում, եթե գտնում են, որ դատավորն արդար է վարվել, չի կատարել որեւէ հանցագործություն: Բայց մեր հաղորդմանը ոչ մի ընթացք չի տրվել, ոչինչ չի արվել՝ խախտելով օրենքով սահմանված բոլոր ժամկետները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել