Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԵԿ ԻՋԵՎԱՆՈՒՄ ԷՐ

Օգոստոս 19,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեկնել էին Տավուշի մարզ, Իջեւան՝ այցելելու համար մարտիմեկյան դեպքերի առնչությամբ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող եւ այսօր կալանքի տակ գտնվող, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարազատներին: Փաշինյանի հայրական տանը ջերմությամբ հյուրընկալեցին ՀՀ առաջին նախագահին եւ նրան ուղեկցողներին: Առատաձեռն հյուրասիրությունից հետո կոնգրեսականները այցելեցին նաեւ Իջեւանում ՀԱԿ-ի տարածքային գրասենյակ, որտեղ նրանց դիմավորեցին աղուհացով: Տեղի ունեցավ նաեւ հանպատրաստից հանդիպում իջեւանցիների հետ: Լ. Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, թե 1998թ.-ից ի վեր քանի գնում ընտրություններն ավելի բռի, վայրենի ու ցինիկ են դառնում, ու դրան նպաստում է նաեւ այն, որ Արեւմուտքին ձեռնտու է այս իշխանությունը: «Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան, այդ ժամանակ էլ իրենց (Արեւմուտքին) պետք չի լինի այս իշխանությունը»: Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե՝ համոզվա՞ծ է, որ տալու են Ղարաբաղը, ՀՀ առաջին նախագահը արձագանքել է՝ «տված, վերջացրած է»: Լ. Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը վերջնականապես չկորցնելու համար նաեւ ելք առաջարկեց. «Պետք է հեռանա այս մարդը (Սերժ Սարգսյանը) որքան հնարավոր է՝ շուտ»: Հարցին, թե իր վերադառնալով ի՞նչ կփոխվի, ՀՀ առաջին նախագահը պատասխանեց. «Արդեն փոխվել է: Իմ վերադառնալով ստեղծվել է ժողովրդական, քաղաքացիական հզոր հասարակություն»: Կոնգրեսի երեկվա այցը Իջեւան ավարտվեց երթով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել