Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՄԵՐՁ ՉԵՆ

Օգոստոս 19,2009 00:00

\"\"Մերձավոր Արեւելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ORSAM) տնօրեն Հասան Քանբոլաթը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն պետական չինովնիկների, այլ նաեւ ժողովրդական լայն զանգվածների համագործակցությամբ պետք է ընդհանուր ապագա կառուցեն, ունենան միասնական հեռանկար: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Cumhuriyet» էլեկտրոնային պարբերականը: «Վերջերս այս երկու պետությունների միջեւ արհեստական ճգնաժամ էր ստեղծվել: Եկել է ժամանակը մեկ միասնական ճանապարհային քարտեզ կազմելու, որպեսզի հստակեցնենք, թե ինչպես պետք է բարեկամությունից ու եղբայրությունից զարգացնենք ռազմավարական գործընկերությունը»,- ասել է Քանբոլաթը՝ ընդգծելով, որ Թուրքիան հանել է Ադրբեջան մեկնելու վիզային ռեժիմը, այնինչ Ադրբեջանում այդ համակարգը ոչ միայն գործում, այլեւ ավելի խստացվում է:

«Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվող առեւտրաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 2 մլրդ դոլար: Քամբոլաթը, սակայն, դա բավարար չի համարել: Նա ափսոսանք է հայտնել, որ թուրքերը նույն եռանդով ու ոգեւորվածությամբ չեն սովորում ադրբեջանական թուրքերենը, որքան ազերիները՝ թուրքերեն: Թուրքերն Ադրբեջան հիմնականում մեկնում են քաղաքական, պաշտոնական կամ էլ գործարար նպատակներով»,- գրում է «Cumhuriyet»-ը: Անդրադառնալով նաեւ Հայաստանի հետ կապված խնդիրներին՝ Քանբոլաթն ասել է, թե Թուրքիան ու Ադրբեջանն այդպես էլ չկարողացան միասնական ընդհանուր քաղաքականություն մշակել հարեւան Հայաստանի նկատմամբ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, երեկ թուրքական «Milliyet» օրաթերթն էլ է անդրադարձել թուրք-ադրբեջանական հարաբերություններին, բայց այլ տեսանկյունից: Թերթի մատուցմամբ, «Nabucco»-ն նախաձեռնած Եվրոպայի համար առայժմ անհայտ է այն հարցը, թե ո՛վ է լինելու առաջին գազամատակարարը: «Թուրքիան ու Ադրբեջանը գնի հարցում այդպես էլ չկարողացան համաձայնության գալ, ինչն էլ պատճառ դարձավ, որ անհրաժեշտ ուշադրությունը կենտրոնացվի միայն թուրքմենական գազի տարբերակի վրա: Ամենայն հավանականությամբ, սկզբնական շրջանում «Nabucco»-ին գազ կտրամադրվի հենց Թուրքմենստան-Իրան գազատարից»,- գրում է «Milliyet»-ը եւ նկատել տալիս, որ որոշ առումներով Ադրբեջանը, կարծես, խաղից դուրս է մնում:

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Միջին Ասիայի բնական գազի ամենաշատ պաշարներն ունեցող Թուրքմենստանի եւ Իրանի 8 մլրդ խմ գազատարի տարողունակությունը 20 մլրդ խմ-ի հասցնելու աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Տարեկան 78 մլրդ խմ բնական գազ արտահանող Թուրքմենստանը 50 միլիարդը՝ Ռուսաստանին, իսկ 8 միլիարդն էլ Իրանին է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել