«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի դեմ մայիսի 6-ի գիշերը կատարված հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործում հետաքրքիր նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Այս մասին փոխանցում է «news.am»-ը՝ մանրամասնելով, որ այդ գործի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է 2 հոգու՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 1987թ. ծնված Դավիթ Խաչատրյանին ու Վահե Թադեւոսյանին: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությունը: Բայց խնդիրն այն է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ոչ թե ի սկզբանե հարուցված մեղադրանքով՝ միջին աստիճանի, այլ՝ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Ոստիկանությունում բացատրելով հանցագործության դրդապատճառները՝ «news.am»-ին փոխանցել են, թե երիտասարդները Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկելով, իբր, պարզապես խուլիգանություն են արել, եւ ոչ ավելին:
Մնացականյանից մեկնաբանություններ ստանալ աղբյուրին չի հաջողվել. հեռուստալրագրողը օգոստոսի 15-ից մեկնել է արձակուրդի: Հիշեցնենք, որ «news.am»-ը ավելի վաղ գրել էր շրջանառվող այն վարկածի մասին, թե Մնացականյանին ծեծի ենթարկելը կազմակերպված է եղել ԱԺ գործարար պատգամավորներից մեկի կողմից: