Կես հեգնանքով եւ կես լրջությամբ ասում է նախկին հրամանատար «Տրոսը»
Հայ ազգային կոնգրեսի շարքային անդամներն ու համակիրները՝ ինչպես անցյալ տարեվերջին, այսօր էլ համոզված են, որ առաջիկա ամիսներին՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, մեր երկրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված լրջագույն զարգացումներ են տեղի ունենալու, որոնք այս կամ այն կերպ հանգեցնելու են իշխանափոխության: Շատերը հենց դրանով են բացատրում մինչեւ սեպտեմբեր ամիսը հանրահավաքային շարժումը դադարեցնելու մասին Կոնգրեսի որոշումը: Կոնգրեսի համակիրներն ու շարքային անդամները վստահ են, որ գործող իշխանությունները պատրաստ են ԼՂ հարցում լուրջ եւ միակողմանի զիջումների գնալ, բայցեւ հույս ունեն, որ այդ դեպքում այլեւս այդ իշխանությունները Հայաստանի կառավարության ղեկին մնալու բոլոր ռեսուրսները վերջնականապես կսպառեն եւ ստիպված կլինեն ժողովրդի ճնշման արդյունքում հրաժարական տալ: Այսպես է կարծում նաեւ Արցախյան ազատամարտի մասնակից, Հատուկ գնդի նախկին հրամանատար, գնդապետ «Տրոսը»՝ Համլետ Հովհաննիսյանը, որը մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ եւ ընդամենը վերջերս է ազատ արձակվել՝ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց:
«Սերժ Սարգսյանը իշխանությունը պահելու ռեսուրս չունի այնքանով, որքանով ինքը «դրսի» կողմից Ղարաբաղի հարցում այնպիսի ճնշումների տակ է, որ իր միակ թիկունքը ժողովուրդը պիտի լիներ, որն այսօր իշխանության համար թիկունք չէ: Ղարաբաղի հարցում արվող զիջումներն այս իշխանություններին դարձրել են ազգի դավաճան, էլ ի՞նչ ռեսուրսի մասին է խոսքը: Այսօր Սերժ Սարգսյանի կողքին կանգնած նրա թիմը, որ սազը ձեռքին գովաբանում է, թե՝ որքան հայրենասեր է նա, մնալու է իր կառուցած թղթե տան մոխրակույտի տակ»,- «Առավոտի» հետ զրույցում նկատեց Հ. Հովհաննիսյանը:
Դուք լրջորեն կարծում եք, որ Ս. Սարգսյանը Ղարաբաղը կամ անգամ ազատագրված տարածքները կվերադարձնի՞ Ադրբեջանին՝ անտեսելով Ղարաբաղի եւ Հայաստանի շահերը: Մեր այս հարցադրումը, կարծես, նույնիսկ վիրավորեց Հ. Հովհաննիսյանին. «Ո՞նց թե՝ կարծում եք: Ես կարծեմ, թե չկարծեմ՝ փաստն արձանագրված է»: Փաստը փաստ է այն ժամանակ, երբ կա կոնկրետ ստորագրված փաստաթուղթ: Թե չէ՝ ՀՀ առաջին նախագահին էլ էին մեղադրում Ղարաբաղը «տալու» մեջ, նույնիսկ պետպաշտոնյաներ կային, ովքեր երդվում էին, թե նման փաստաթղթի տակ, իբր, անձամբ են տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը: Պարզվեց՝ դա այդպես չէր, չէ՞: «Այդպիսի եզրահանգման կարելի է գալ, եթե լսենք մեր հակառակորդ կողմից հնչող ելույթները, հետեւելով Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ադրբեջանցիները հայտարարում են, թե հաղթել են: Իսկ եթե նրանք հաղթել են, նշանակում է՝ պարտվել ենք մենք: Էլ ի՞նչ փաստաթուղթ պիտի իմ աչքով նայեմ, որ հավատամ»,- իր հայտարարությունն այսպես փաստարկեց «Տրոսը»:
Եթե նույնիսկ ենթադրենք, որ կարող է նման բան լինել, ո՞րն է լինելու ժողովրդի պատասխանը դրան:
Նախկին հրամանատարի առաջին արձագանքն այն էր, որ առաջին հերթին դրա մեղավորներին, դավաճաններին պետք է պատժել: Հետո նա նաեւ հավելեց, թե՝ չէր ցանկանա, որ նորից պատերազմ լիներ, որովհետեւ այդ դեպքում Ղարաբաղի, նրա ձեւակերպմամբ՝ հետ բերելը շատ դժվար կլինի:
«Թե որը կլինի ժողովրդի արձագանքը, ժամանակը ցույց կտա, ես ի զորու չեմ տալ դրա պատասխանը: Դա մեր ազգի համար շատ բարդ ու ճակատագրական հարց է, դրա լուծումը ես չէ, որ պիտի տամ: Բայց մենք Եռաբլուր ունենք, եւ հանուն դրա ես պատրաստ եմ էլի գնալ ու կռվել, բայց ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Գալուստ Սահակյանի, այլ՝ իմ ժողովրդի, մեր ազգի պատվի, մնայուն արժեքների համար: Էդ գալուստսահակյանները, լֆիկներն ու ալրաղացիլյովիկները, ովքեր իրենց բանդաներով ժողովուրդ են կոտորում, ինձ թվում է՝ իրենք էլ կգան Հայրենիք պաշտպանելու՝ առաջին գծում: Եթե իրենք առաջին գիծ չգնան, ուրեմն Երեւանում պիտի իրենց գերեզմանը գտնեն: Իրենք պիտի գնան առաջին գիծ՝ ցույց տալու համար, որ իրենք արնախում են ոչ միայն Երեւանի կենտրոնում անպաշտպան կանանց ծեծելով կամ խաղաղ ժողովրդին կոտորելով: Մի հատ էլ թուրքի դեմ թող դուրս գան, էլի, երբ էն կողմից կրակոց լինի եւ թիկունքում էլ կռվող տղերքը լինեն, որ թույլ չտան նրանց նահանջել, էն ժամանակ կտեսնենք՝ իրենք տղամա՞րդ են, թե՞ չէ»,- մի քիչ վրդովված ասաց Հ. Հովհաննիսյանը:
Նա խոսեց նաեւ հասարակության ներսում ԼՂ հիմնախնդրի նկատմամբ այսօր դեռ առկա անտարբերության, անհրաժեշտ պահին հանուն Ղարաբաղի ազատության նորից կռվելու մեր ժողովրդի պատրաստ լինել-չլինելու մասին: «Միգուցե հիմա արտաքուստ այդ պատրաստակամության ազդակները տեսանելի չեն, բայց վստահ եմ, որ ճակատագրական պահին մեր հայրենիքի պաշտպանության, նաեւ ինքնապահպանման բնազդը ժողովրդի մոտ կարթնանա, եւ մարդիկ կպայքարեն, կկռվեն, բայց ոչ թե հանուն էդ երկու ղարաբաղցու, այլ՝ մեր Հայրենիքի, որովհետեւ դա կլինի կռիվ ոչ թե միայն հանուն Ղարաբաղի, այլեւ մեր ընտանիքի, մեր տան պաշտպանության: Միգուցե հիմա ժողովուրդը կուզենար իր ձեռքերով խեղդել մի-երկուսին, բայց արտաքին վտանգի, արտաքին թշնամու դեմ հանդիման մենք միասնական կլինենք: Այլ կերպ լինել չի կարող: Դա չգրված օրենք է»,- վստահեցրեց նախկին հրամանատարը: Բայց որ առաջիկայում Ղարաբաղի հարցում էական տեղաշարժեր եւ դրանով պայմանավորված՝ Հայաստանում ներքաղաքական խմորումներ են լինելու՝ Հ. Հովհաննիսյանը վստահ է ճիշտ այնպես, ինչպես վստահ է ընդդիմության հաղթանակի մեջ: