Եթե անկախ սոցիոլոգիական հարցումները հաստատեն, որ իշխանությունը 3-5 տոկոս ժողովրդականություն է վայելում
«Միգուցե մենք ամբիցիոզ ենք, իշխանության ենք ձգտում, բայց ես դեղատոմս եմ առաջարկում. թող իշխանությունը փորձի անկախ սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել, եւ դրա արդյունքում եթե իրենք ունենան 3-5 տոկոս ժողովրդական աջակցություն եւ վստահություն՝ ես կանցնեմ իշխանության կողմը»,- այս հայտարարության հեղինակը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն է, որը երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերջերս հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, համաձայն որոնց՝ հարցվածների մեծամասնությունը ցանկություն էր հայտնել լքել Հայաստանը, կարծիք հայտնեց. «Նման վիճակ չի եղել երբեք: Ոչ պատերազմի, ոչ անկախության դժվարագույն տարիներին, որին նախորդել էին երկրաշարժը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը: Դիլեմային վիճակ է: Թվում է, թե լույսը կա, սով չկա, բայց մարդիկ ցանկություն ունեն լքել սեփական հայրենիքը: Ես վստահ եմ, որ այդ տոկոսն ավելի բարձր է, քանի որ Հայաստանը հայերի համար ամենաանպաշտպան, անկանխատեսելի երկիրն է դարձել»: Ըստ մեր զրուցակցի, այս ամենի բացատրությունը առկա ներքին խնդիրներն են: Նա պատերազմի վերսկսման հնարավորություն այս պահին չի տեսնում, ինչպես նաեւ՝ էներգետիկ ճգնաժամի եւ սովի, բայց՝ «Իր անպաշտպանվածությունից եւ անհեռանկարությունից ելնելով՝ իրենց երեխաների ապագան ցանկանում են տեսնել այլ երկրում: Սա իշխանության նպատակային եւ ծրագրային տեռորի հետեւանքն է, որը միտված է իշխանությունը պահելուն: Խախտվում են ժողովրդավարության բոլոր նորմերը, մարդու բոլոր իրավունքները՝ քաղաքական, տնտեսական: Բացի կերակրատաշտի մոտ կանգնած մի քանի հոգուց եւ իր գործառույթներից որեւէ մեկն իրականացնելու անընդունակ, անգրագետ պառլամենտից՝ բոլորն օձիք են թափ տալիս այս իշխանությունից»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ կոնգրեսականնե՞րն են ավելի հոռետես, թե՞ իշխանավորներն են լավատես. առաջիններն արդեն երկու տարի է՝ խոսում են անհապաղ իշխանափոխության անհրաժեշտության մասին, երկրորդները չեն տեսնում որեւէ արտահերթ իրավիճակի անհրաժեշտություն: «Կոնգրեսականները հոռետես չեն, այլ աշխատում են բաց տեքստով, իշխանավորներն էլ լավատես չեն, այլ աշխատում են փակ միջոցներով: Մենք հստակ ասում ենք, որ մեր երկրի առջեւ կանգնած բոլոր մարտահրավերների անվիճելի լուծումն իշխանափոխությունն է: Մենք ամեն ինչ անելու ենք դրան հասնելու, որովհետեւ դա ոչ թե մեր, այլ երկրի շահն է: Թույլ իշխանությունը խաղացող չէ ոչ ներքին, ոչ էլ արտաքին դաշտում, եւ այդ թուլությունն օգտագործվում է Հայաստանի բոլոր ռեսուրսները մսխելու համար: Բայց իրենք անգամ չեն էլ արձագանքում մեր քննադատություններին, մեր բարձրացրած խնդիրներին: Դե թող փորձեն ապացուցել, որ իրենք ուժեղ են որեւէ դաշտում եւ լեգիտիմության խնդիր չունեն: Իրենք կիրառում են նենգ միջոցներ՝ դատարանը, դատախազությունը, ոստիկանությունն անհատ քաղաքացու հետ անհատական աշխատանք են տանում՝ ճնշելու, ահաբեկելու, վախեցնելու: Իսկ նման երկիրը գնալով հայի համար ոչ սիրելի է դառնալու: Սրանք բոլոր բնագավառներում ապացուցել են խնդիրներ լուծելու իրենց անկարողությունը՝ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե ցանկացած այլ դաշտում»,- ասում է Արամ Մանուկյանը:
Դիտարկմանը, որ այնուհանդերձ ներկայիս ռեժիմը շարունակում է բավականին «բարեհաջող» կառավարել, մեր զրուցակիցը հակադարձում է, որ այդպես երկար շարունակվել չի կարող, որ մի օր մի տեղ անպայման «կպայթի, կկտրվի. իշխանությունը պահելու միայն իրենց ցանկությունը բավարար չէ»: Նա նաեւ հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ «Պառավն էլ դժոխք չէր գնում: Իրենք դժոխք գնալու են»: Այս իրողությունների ֆոնի վրա Արամ Մանուկյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչ խնդիրներ կծառանան մեր պետության առջեւ՝ այն բանից հետո, երբ Վրաստանն արդեն պաշտոնապես դուրս եկավ ԱՊՀ կազմից, քանի որ այդպիսով մենք մեծ հաշվով կորցնում ենք ԱՊՀ-ի հետ միակ սահմանը: Մանավանդ որ՝ անկախացումից ի վեր հայ-վրացական հարաբերություններն իրենց հստակությամբ չեն էլ փայլել: Կանխատեսումները բացասականի դաշտում էին. «Քանի որ միակ քրիստոնյա եւ նույն քաղաքական համակարգում գտնվող երկիրը դուրս է գալիս այդ համակարգից: Մի բարեկամ սահման կորցնում ենք, այն էլ՝ մեր աշխարհագրական դիրքում: Դա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հետեւանքներ կունենա, մանավանդ որ՝ Աստված մեր իշխանություններին դիվանագիտությունից էլ է զրկել: Քանի որ չցանկանալն ու չկարողանալը միացել են եւ մեր իշխանավորների մոտ ռեզոնանս են առաջացրել՝ մենք տուժում ենք եւ ներսում, եւ դրսում»: