Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՏՈՐԹԻ ՄԵՋ ՀՈԳԻ ԵՄ ԴՆՈՒՄ»

Օգոստոս 18,2009 00:00

Տորթերի մասնագետը խորհուրդ է տալիս չխաբվել խանութում վաճառվող թխվածքների գլազուրի փայլին

\"\"

Սպառողը, խանութից տորթ կամ ցանկացած թխվածք գնելով, չի կարող ենթադրել անգամ, թե այդ՝ առաջին հայացքից ախորժալի թվացող ու գայթակղիչ տորթն իրականում ինչ պայմաններում \"\"եւ ինչ նյութերով է պատրաստվել: Երբեմն խանութի ցուցատախտակին կարելի է տեսնել փայլուն գլազուրով տորթ ու կարծել, թե դա հենց նոր է պատրաստվել ու բերվել խանութ, մինչդեռ տորթերի շուկայում մեքենայություններին ծանոթ մասնագետները շատ լավ են պատկերացնում, թե որքան հեշտությամբ կարելի է նույնիսկ մեկ ամսվա հնություն ունեցող բիսկվիթի վրայից հանել չորացած գլազուրն ու վրան նոր գլազուր անել՝ այն վաճառելով իբրեւ թարմ տորթ: Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Լիանա Մկրտչյանի հետ, որը 7 տարուց ավելի է՝ հարսանյաց, նշանադրության եւ այլ առիթների համար տորթեր է պատրաստում ու դասավանդում սկսնակներին: Նրա խոսքերով՝ շատ ընկերություններ, ընդամենը ապահովելով տորթերի ապրանքային տեսքը, կարողանում են հին ու առողջության համար վնասակար թխվածքները վաճառել խանութներում, ընդ որում՝ բավականին թանկ գներով: Շարքային գնորդը չի կարող գլխի ընկնել, թե ինչ քիմիական հավելանյութեր են դրանց մեջ օգտագործված. «Տորթերի համար հատուկ քիմիական հավելանյութեր ու համային տարբեր էսենցիաներ կան, որոնք փոխում են բիսկվիթի հին համը: Կան բարձրացնող ու \"\"փխրեցնող հավելանյութեր, առանց դրանց՝ խմորեղենն այն բարձրությունը չի ունենա, ինչ կարող է տալ միայն ձուն: Սպառողը ուտելուց հետո էլ չի հասկանա, թե իրականում իր օրգանիզմին ինչ վնաս է հասցնում անգամ մի կտոր թխվածքը: Նման նյութերը թույլ են տալիս ավելի քիչ մթերք օգտագործել ու անհամեմատ էժան գնով ստանալ բավականին գեղեցիկ ու մեծ տորթ: Մինչդեռ իրականում դրանք շատ վտանգավոր են մարդու առողջության համար»: Ըստ Լիանայի՝ մատների վրա կարելի է հաշվել այն ընկերություններին, որոնք ուշադրություն են դարձնում հիգիենային, որովհետեւ շատ արտադրամասերում, միջատներից սկսած՝ ամեն ինչի կարելի է հանդիպել:

Նշենք, որ տորթերի շուկան օր օրի զարգանում է, այստեղ անընդհատ նորամուծություններ են լինում, անընդհատ փոխվում է ճաշակն ու պահանջարկը: Եթե մի քանի տարի առաջ ամենահարգի թխվածքներն էին համարվում «Շախմատը», «Նապոլեոնը», «Պրագան», «Արջուկը», «Գարունը», «Հեքիաթը» եւ այլն, հիմա դրանց փոխարինելու են եկել «Վիա-գրան», «Բարոնուհին», «Վիետնամի ավերակները», մարցեպանով, տարբեր բեզեներով, կրեմներով, սերուցքով, ժելեով, սպիտակ եւ սեւ շոկոլադով պատրաստված թխվածքները: Ինչ վերաբերում է ձեւավորմանը, ապա առաջ եթե տորթերի վրա միայն կրեմով վարդեր ու տերեւներ էին անում, կամ լավագույն դեպքում՝ կալաներ, հիմա նախընտրելի են հիմնականում բնական ծաղիկներով ձեւավորումները: Իսկ ընդհանրապես ջրվեժներ, լճեր, բազմազան հուլունքներ, ժապավեններ, թելեր, կոճակներ, մի խոսքով, այն ամենը, ինչ օգտագործում ենք մեր կենցաղում, կարող է տեղափոխվել տորթերի վրա՝ կախված, թե ինչ առիթի համար է նախատեսված տորթը: Լիանայի պատմելով՝ նախկինում հարսանյաց տորթերը հիմնականում լինում էին ճերմակ կրեմով, սակայն, ինչպես հարսի զգեստը, այնպես էլ տորթը վերջին տարիներին նախընտրում են վառ գույներով: Որպես կանոն, տորթի գույնը հարմարեցնում են ռեստորանի պատերի կամ վարագույրների գույնի հետ:

Ինչ վերաբերում է մանկական տորթերին, եթե մի քանի տարի առաջ մանուկները հիանում էին, երբ տորթերի վրա տեսնում էին ճուտիկ, խոզուկ, տնակ, սունկիկներ, ծաղիկներ եւ այլն, որովհետեւ դա էր նրանց համար մանկական ու հեքիաթային աշխարհի խորհրդանիշը, հիմա նման ճուտիկներով ոչ մի մանուկի չես զարմացնի: Ըստ մասնագետի, այժմ տղա երեխաները նախընտրում են «Ռենջեր տորթը», «Spider-man»-ը, «Շռեկ» եւ այլ մուլտհերոսներով տորթերը, իսկ աղջիկների համար առայժմ նախընտրելի են «Բարբի տիկնիկ» հիշեցնող տորթերը: Մի քիչ ավելի մեծ տարիքի երեխաների համար շատ են պատվիրում վերնաշապիկի կամ շքեղ տոնական զգեստի նման տորթերը, գլխարկը, դպրոցականների համար՝ գիրք եւ նույնիսկ այբբենարան: Լիանա Մկրտչյանի տեղեկացմամբ, մարդիկ հաճախ են պատվիրում տորթեր՝ իրենց դիմանկարներով. «Թեեւ նման պատվերներ հաճախ եմ կատարում, բայց ինձ դա դուր չի գալիս: Կարծում եմ՝ աբսուրդ է, երբ մարդն իր նկարով տորթ է ուզում ուտել: Ես ինքս իմ նկարով պատրաստել եմ ու հասկացել, որ հոգեբանորեն շատ դժվար է այդ տորթը կտրելը, կարծես ինքդ քեզ մասնատես: Մի անգամ մի զույգ շատ պնդեց, որ իրենց նշանադրության տորթի վրա լինի հարսնացուի եւ փեսացուի առաջին հանդիպման լուսանկարը, ինձ չհաջողվեց նրանց համոզել, որ դա սխալ է, նշանադրությունից հետո զույգը խոստովանեց, որ, իսկապես, տորթը կտրելիս շատ ծանր ապրումներ են ունեցել»:

Ինչպես նկարչի համար է դժվար լինում վաճառել իր կտավները, Լ. Մկրտչյանի ներկայացմամբ՝ նույնքան դժվար է իր համար այդքան աշխատելուց հետո բաժանվել իր պատրաստած տորթից. «Ինձ համար շատ կարեւոր է այն պահը, երբ տեսնում եմ պատվիրատուի գոհ ու ժպտացող աչքերը, ես դա համարում եմ իմ աշխատանքի վարձատրությունը, որովհետեւ ես իմ հոգին եմ դնում տորթի մեջ, իմ երեւակայությունը եւ ինձ համար շատ կարեւոր է, թե ինչպես են այն ընդունում: Յուրաքանչյուր տորթ օրիգինալ է ստացվում, ոչ մի տորթ իր կրկնությունը չունի»:

Լիանան նաեւ դասավանդում է տորթերի պատրաստում եւ գտնում է, որ սխալ է, երբ աղջիկները գալիս են միայն իրենց ծնողների պարտադրանքով. «Պատահում են աշակերտներ, որոնք չնայած ամբողջ ուսման կուրսն ավարտել են, բայց քանի որ այդ ամենը ստիպողաբար է եղել, ուսումն ավարտելուց հետո անգամ իրենց տան փոքրիկ խնջույքների համար չեն ցանկացել իրենց ձեռքերով պատրաստել եւ նախընտրել են գնել խանութից: Առանց սիրելու չես կարող համեղ տորթ պատրաստել, որովհետեւ սերդ, տրամադրությունդ միանշանակ փոխանցվում է տորթին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել