Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏԵՐ ԼԵԿՈՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ Է

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից 14-ի մասնակցությամբ ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» հինգերորդ խաղարկությունը:

Խաղացված յոթ տուրերում առայժմ բոլորից լավ հանդես է եկել Հունգարիայի թիվ մեկ շախմատիստ Պետեր Լեկոն, որը չի կրել ոչ մի պարտություն եւ 5,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան կրնկակոխ հետեւում են ուկրաինացի Վասիլի Իվանչուկը եւ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովը: Նրանք իրենց անվան դիմաց գրանցել են 4,5-ական միավոր: Վերոնշյալ երկու գրոսմայստերներից կես քայլ ետ են մնում միանգամից հինգ շախմատիստներ՝ Լեւոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Եվգենի Ալեքսեեւը եւ Պավել Էլյանովը:

Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ըստ ամենայնի, չի կարողանում գտնել իր իսկական խաղը եւ 2,5 միավորով Իվան Չեպարինովի ու Գատա Կամսկու հետ բաժանում է 11-13-րդ հորիզոնականները:

Երեկ կայանալու էր ութերորդ տուրը, որում Լեւոն Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն էր, իսկ Վլադիմիր Հակոբյանինը՝ Էտյեն Բակրոն:

Երեկ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հերթական կես միավորը վաստակեցին: Ոչ-ոքի խաղացին նաեւ Իվանչուկն ու Գելֆանդը: Մարզական էջն արդեն պետք է փակվեր, սակայն պայքարը շարունակում էին Պետեր Լեկոն ու Դմիտրի Յակովենկոն, Էռնեստո Ինարկիեւն ու Պավել Էլյանովը, Եվգենի Ալեքսեեւն ու Ռուստամ Կասիմջանովը, Իվան Չեպարինովն ու Գատա Կամսկին: Այնպես որ, մրցաշարային աղյուսակում հնարավոր փոխատեղումների մասին կտեղեկացնենք «Առավոտի» վաղվա համարում:

Այս օրերին մեր հանրապետության հինգ այլ շախմատիստներ՝ Զավեն Անդրիասյանը, Աշոտ Անաստասյանը, Հրանտ Մելքումյանը, Հրայր Սիմոնյանը եւ կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, հանդես են գալիս Աբու-Դաբիում ընթացող շախմատային 18-րդ փառատոնում:

Այստեղ հինգ տուրից հետո Զավեն Անդրիասյանը եւ Աշոտ Անաստասյանը եւս երեք շախմատիստի հետ կորցրել են ընդամենը կես միավոր եւ կազմում են մրցաշարային աղյուսակի առաջատարների խումբը: Հրանտ Մելքումյանն ու Հրայր Սիմոնյանը 4,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 14-րդ եւ 15-րդ հորիզոնականներում: Իսկ Լիլիթ Գալոյանը տղամարդկանց հետ մրցապայքարում վաստակել է 3,0 միավոր եւ 141 մասնակիցների մեջ 32-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել