Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրրանին» կրկին ձեռք մեկնեցին

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Հերթական բարեգործական ճաշկերույթն ու աճուրդը

«Օրերս» «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպության՝ արդեն ավանդույթ դարձած հերթական բարեգործական ճաշկերույթը, որի նպատակն էր եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը բեւեռել կարիքավոր երեխաների, նրանց ընտանիքների եւ միայնակ ու անապահով ծերերի սոցիալական խնդիրների լուծմանը՝ այդ ուղղությամբ մեծացնելով կատարվող ներդրումների ծավալը: Այս տարի եւս միջոցառումը բաղկացած էր բացօթյա ընդունելությունից, որի ընթացքում հանդես եկան «Օրրանի» սաները, բուն ճաշկերույթից, աճուրդից եւ համերգային մասից: Այս տարի աճուրդին վաճառքի էին հանվել Հայաստանը խորհրդանշող ծաղիկներ եւ ծառեր, որոնք հետագայում տնկվելու են Երեւանի «Օրրանի» եւ Վանաձորի «Օրրանի» մասնաճյուղի այգիներում:

Ճաշկերույթին մասնակցում էին «Օրրանի» վաղեմի եւ նոր բարեկամները: Մեծ Բրիտանիայից հատուկ ժամանած Գրիգոր Գրիգորյանը նկատեց, որ ճգնաժամը ազդել է նաեւ «Օրրանի» վրա, եւ բոլորի պարտքն է միասին օգնել կազմակերպությանը՝ հաղթահարելու այն: Այս տարի դարձյալ առատաձեռն էր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, «Օրրանի» բարեկամ Ռալֆ Յիրիկյանը, որն այդ երեկո կազմակերպությանը նվիրաբերեց $64000: Նկարչուհի Արեւ Պետրոսյանի ստեղծած «Մետաղյա տերեւ» աշխատանքն էլ, որը կյանքի հարատեւությունը խորհրդանշող ծառի մի մասնիկն էր, աճուրդում վաճառվեց $27000-ով, գնորդը Սաուդյան Արաբիայից ժամանած գործարար Հովիկ Քյուրքչյանն էր: «Օրրանին» նվիրատվություն արեցին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր Կարո Արմենը, «Լինա» ամսագրի տնօրինությունը, «Best», «Coca-Cola» ընկերությունները: Ողջունելի էր նաեւ տեղացի գործարարների մասնակցությունը: Միջոցառմանը գույն հաղորդեցին սիրված երգիչ Միստր X-ի կատարումները, Էլենի եւ Էմանուելի կրակոտ պարերը, ինչպես նաեւ «Ավետիս-զանգակներ» խմբի երաժշտությունը: Երեկոն վարում էին «Արմենիա» TV-ի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը եւ HSBC բանկի գլխավոր մենեջեր Փիթեր Հերբերտը: Ինչպես նկատեց «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը. «Գնալով մեծանում է «Օրրանի» բարեկամների թիվը, եւ վաղեմի ընկերների կողքին հայտնվում են նորերը, ինչպես, օրինակ՝ «Բիբլոս» բանկը, Մեծ Բրիտանիայից ժամանած տեր եւ տիկին Աուրելիան եւ Անահիդ Մարդիրոս ընտանիքը՝ իրենց Անդրանիկ որդու հետ: Նրանք $10500-ով Հայաստանի խորհրդանիշ ծիրանի ծառ գնեցին եւ պատրաստ են օգնության ձեռք մեկնելու աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներին, կարիքավոր մանուկներին ու ծերերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել