Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Իրենց ֆիլմն այսպես ներկայացրին հեղինակները

«Այսօր-պլյուս» ֆիլմարտադրության հիմնադիրներ եւ կինոռեժիսորներ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը «Առավոտին» տեղեկացրին, որ սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա իրենց վերջին՝ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի հայկական պրեմիերան: Կինոաշխատանքն արդեն մասնակցել է 4 միջազգային կինոփառատոների, առաջիկայում էլ նախատեսվում է նրա մասնակցությունը եւս 4-5 փառատոնի, այդ թվում՝ Ռումինիայում եւ Հնդկաստանում: Իսկ թե ինչո՞ւ է հայ ռեժիսորների ֆիլմը նախ «դրսում» ցուցադրվում, ապա հայրենիքում, այս մասին հեղինակներն ասացին, որ համաշխարհային պրեմիերա ասվածը ենթադրում է ֆիլմի ներկայացում միջազգային, պրոֆեսիոնալ հանդիսատեսին, ինչի լավագույն միջոցը կինոփառատոներն են: Ն. Մկրտչյանի խոսքով՝ «Չի կարելի սահմանափակվել միայն Հայաստանով: Եթե աշխատանք ես անում, այն պիտի դուրս գա, ճանաչվի, այդպես կարեւորվում է ոչ միայն ստեղծագործությունը, այլեւ երկիրը: Շատ լավ կլիներ, որ այսօր մեր գրականությունն էլ ավելի լայն տարածում ունենար եւ նման իրավիճակում հայտնվեր, ինչպես կինոն է: Միշտ էլ անհատականություններով է մեր երկիրը աչքի ընկել, այսօր գրականության ոլորտում էլ կան անհատականություններ, պարզապես ավելի մեծ անհատականություն է անհրաժեշտ գրական նյութը թարգմանելու եւ լավ ներկայացնելու համար, որովհետեւ ինչպես ներկայացնում ենք, անպես էլ մեզ ընկալում են»:

Ա. Ազատյանն էլ հավելեց, որ երբ համաշխարհային պրեմիերան կայանում է, օրինակ՝ Կաննում, Բեռլինում, Ռոտերդամում, Պուսանում եւ նմանօրինակ փառատոներում, դա նպաստում է ֆիլմի առաջխաղացմանը՝ բոլոր առումներով:

«Առավոտի» դիտարկմանը, թե Երեւանում անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի առիթով էլ կինոաշխարհի երեւելի դեմքերն են ժամանում Հայաստան, ինչո՞ւ իրենց «Անառակ որդու վերադարձը» չտեսանք երեւանյան կինոփառատոնում, Ա. Ազատյանն այսպես պատասխանեց. «Հայերը սիրում են ամեն ինչ անձնավորել, տվյալ դեպքում «Ոսկե ծիրանը» անձնավորվում է իր ղեկավարներով, մեր ֆիլմը՝ հեղինակներով, երկիրը՝ նախագահով եւ այլն: Մենք պետք է ավելի լայն նայենք հարցին… Ցավոք, այսօր հայկական կինոարդյունաբերություն չկա, ընդամենը որոշակի արտադրություն է: Բնականաբար, այս ենթատեքստում կինոփառատոնը մի տեսակ կարծես ցցվել է… Եվ մենք էլ, փոխանակ քննադատելու այն, պիտի աշխատենք ամեն ինչ անել, որ պրոֆեսիոնալ կինոմիջավայրը վերականգնվի: Ինչ վերաբերում է մեր ֆիլմին, այն «Ոսկե ծիրանին» չմասնակցեց, որովհետեւ սեպտեմբերի 18-ին պիտի լինի հայաստանյան պրեմիերան եւ պարբերական ցուցադրությունները, իսկ փառատոնը ավելի շուտ էր սկսվել: Եկող տարի գուցե մասնակցենք «Ոսկե ծիրանին», եթե իրենք ցանկություն կունենան, մանավանդ նաեւ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակն է (Ա. Ջիգարխանյանը նկարահանվել է այդ ֆիլմում- Գ. Հ.): Որեւէ բացասական բան չեմ ուզում ասել «Ոսկե ծիրանի» մասին, քանի որ իրենց չեմ ներկայացրել իմ ցանկությունները»:

Ն. Մկրտչյանն էլ փաստեց. «Կինոարդյունաբերություն ասվածը մեծ համակարգ է, տարեկան գոնե 15-30 ֆիլմ պիտի արտադրես, որպեսզի կինոարդյունաբերություն լինի: Իսկ Հայաստանում սակավաթիվ ֆիլմեր են ստեղծվում, չկա կինոմթնոլորտ, կինոն բիզնես չի դառնում: Հենց կինոն Հայաստանում դառնա բիզնես, միգուցե բոլոր ցավոտ հարցերը լուծվեն, մարդիկ ուզենան ոլորտում ներդրումներ անել: Նաեւ կինոյի ցանցը, կինոթատրոնները պիտի վերականգնվեն: Ցանկացած կինեմատոգրաֆիստի, կինոռեժիսորի եւ պրոդյուսերի համար շատ կարեւոր է, որ իր ֆիլմի իրացումը կատարվի իր իսկ երկրում, ինչը Հայաստանում հնարավոր չէ»:

Մեր հարցին՝ արդյո՞ք կինոն բիզնես չդառնալու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում ամեն ինչի հիմքում ընկած է տնավարիությունը, Ա. Ազատյանը պատասխանեց. «Տնավարիությունը բնորոշ է ոչ միայն կինոյին, այլեւ բոլոր ոլորտներին: Մեր հայկական նկարագիրը, խառնվածքը շատ տնավարի է, մենք քիչ ենք՝ մեկս մյուսին բարեկամ ու միաժամանակ մեկս մյուսին թշնամի… Ասում ենք՝ անկախ ենք, բայց այդպես չէ, որովհետեւ Ռուսաստանի պոչն ենք, ամեն տեսակ ազդեցությունների ներքո: Երբ մեկը փորձում է որեւէ համարձակ բան անել, անմիջապես դառնում է թիրախ, բայց, միեւնույն ժամանակ՝ բոլորն ուզում են, որ դու դառնաս հերոս, հետո նոր իրենք փորձեն նույնը անել, ասեն՝ կարելի է»:

Ն. Մկրտչյանն ու Ա. Ազատյանը նշեցին, որ իրենց ֆիլմը կցուցադրվի ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, իրենք էլ ակնկալում են հանդիսատեսի մեծ հոսք:

«Ամեն դեպքում ֆիլմը ստեղծել ենք ժողովրդի համար: Վերջապես մեր մասին է, ուստի լավ կլինի, որ շատ մարդ դիտի: Այս ֆիլմում մեր հոգին ու սերն ենք դրել, մեր ժողովրդի հանդեպ մեր վերաբերմունքը: Ֆիլմը սիրո խոստովանություն է մեր ժողովրդին»,- ասում է Ա. Ազատյանը: Ն. Մկրտչյանն էլ հավելում. «Ֆիլմում տող ունենք, որտեղ ասվում է՝ «Աստված յուրաքանչյուր մարդու ներում է 77 անգամ»: Արդյո՞ք մենք ներում ենք իրար գոնե 1 անգամ: Ուզում եմ ասել, որ մեր ֆիլմը նաեւ բարության կոչ է»: Ն. Մկրտչյանի խոսքով. «Շատ կարեւոր է հենց կինոթատրոնում ֆիլմը դիտելը: Պատահական չէ, որ այնտեղ լույսերն անջատվում են, եւ մի ուրիշ կենտրոնացման մեջ ես ընկնում. մնում ես դու ու այն պատկերը, որ էկրանին է: Ի վերջո, իսկական արվեստը ուտել-խմելով, սուրճի բաժակի շուրջ չեն դիտում»:

Ա. Ազատյանն էլ ասաց. «Ներդրողները այսօր մի պարզ բան պիտի հասկանան, այսօր մենք աշխարհին արտահանում ենք միայն կինո, ուրիշ ոչինչ, եթե, օրինակ, մեր ֆիլմը աշխարհի միայն 15-20 երկրում է ցուցադրվում, ներողություն, ուրեմն՝ ցույց տվեք որեւէ այլ արտադրանք, որը երկիր է ներկայացնում»:

Ռեժիսորները փաստեցին, որ այսօր արտերկրում գնում են իսկական արվեստի հետեւից, իրենք ականատես են եղել, թե ինչպես են մարդիկ առավոտից ժամերով հերթ կանգնում ֆիլմի տոմս ձեռք բերելու համար:

Նրանք հիշեցին, որ ժամանակին Երեւանում 22 կինոթատրոն կար, չհաշված խոշոր հաստատություններում գործող սրահները, եւ եթե դրանցից թեկուզ տասը մնար, ամեն ինչ այլ կլիներ: Ըստ ռեժիսորների, այսօր Վրաստանում 90-ից ավելի կինոթատրոն կա, նույնքան էլ՝ Ադրբեջանում: Նրանք չեն օտարել, չեն «փոշիացրել» այդ օջախները, պրոֆիլը չեն փոխել, ընդամենը օգտագործման են տվել վարձավճարի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել