Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական տարեդարձ

Օգոստոս 18,2009 00:00

1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախի ղեկավարությունը հռչակեց ԼՂ անկախությունը: Նույն 91-ի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, միջազգային ամենաընդունելի իրավանորմով՝ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ, անբեկանելիորեն վավերացրեց իր ղեկավարության որոշումը: Երկու շաբաթից քիչ մնաց «ծննդյան» 18-ամյակին: Ցավոք, ՀՀ իշխանությունները հիշարժան տարեթվի նշումը ցայսօր պատկերացնում են լոկ պաշտոնական հերթապահ շնորհավորանքների մակարդակով: Մինչդեռ հարկ էր «տարեդարձը» տոնել աշխարհասփյուռ համահայկական միջոցառումների անցկացմամբ՝ Հայաստանի ու ԼՂՀ դրոշներով, պաստառներով, տեղեկատվական թռուցիկներով եւ այլն: Նման միջազգային բնույթի ակցիայի օգտակարությունը կասկածից վեր է, թեկուզ եւ՝ այդ երկրների քաղաքացիների շրջանում հասարակական կարծիքի ձեւավորման տեսանկյունից: Եվ քանի որ այդ պետությունների ղեկավարներն իրենց երկրների արտաքին քաղաքական այս կամ այն հարցում անպայման հաշվի են առնում «սեփական հպատակների» կողմնորոշումները, ապա չի բացառվում, որ այդ կարծիքը որոշակիորեն կարող է յուրատեսակ զսպաշապիկ հանդիսանալ Ադրբեջանի ռազմատենչության համար: Խնդիրն առավել հրատապ է այսօրվա բանակցային ակտիվացած գործընթացի համատեքստում, քանզի դրա հնարավոր ձախողումից (այլ ոչ՝ ձգձգումից) հետո Ալիեւը կարող է պատերազմ սանձազերծել: Այնինչ, սեպտեմբերի 2-ի ու դեկտեմբերի 10-ի միջազգայնացումը նրան կստիպի՝ եւս մեկ անգամ առնվազն վերանայել ագրեսիայի դիմելու մտադրությունը:

Հետեւաբար, հենց այս տարվա սեպտեմբերի 2-ից էլ անհրաժեշտ է սկսել՝ դրանով իսկ մասամբ ամրապնդելով հայկական կողմի խաղաթղթերը. մասնավորապես՝ բանակցային ներկա փուլում շրջանառվող «իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման» շրջանակներում Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի կամ չանցկացումը (միանգամից հիմք րնդունելով 1991-ի եւ 2006-ի հանրաքվեների արդյունքները), կամ, ենթադրենք՝ մեկ տարի հետո անցկացնելը, ինչի արդյունքը միանգամայն կանխատեսելի կլինի: Փաստորեն, Մինսկի խմբի եռանախագահների առաջարկած՝ հանրաքվեի անցկացման ենթատեքստը իրենց նախաձեռնությամբ ընթացող բանակցությունների հանգուցալուծման օրինականությունը մինչեւ վերջ պահելն է: Ըստ այդմ, հանրաքվեի կանխատեսելի արդյունքին, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմանը, իրենք էլ են արդեն համակերպված եւ հակված են գլխավորապես հենց այդ հանրաքվեի արդյունքներով միջազգային հանրության ու ՄԱԿ-ի անդամ պետությունների առաջ կանաչ լույս վառել՝ որպես հակամարտության վերջնական կարգավորում Արցախի օրինական անկախությունը ճանաչելու համար:

Ամփոփելով խոսքս՝ հույս եմ հայտնում, թե ՀՀ իշխանությունները լրջորեն կվերաբերվեն սեպտեմբերի 2-ի եւ դեկտեմբերի 10-ի հրատապ միջազգայնացմանը, եւ արտգործնախարարության ու սփյուռքահայ գաղթօջախների միջոցով աշխարհի հայաշատ երկրներում կհամակարգեն արտաքին քաղաքական ու հասարակական կարեւոր նշանակության այդ ակցիայի կազմակերպումն ու անցկացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել