Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԼՎԱՑՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՆԵՐՈՒՄ

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Ասում են՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը Հայաստանի օրենսդրության մեջ լավագույններից է: Չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց ժամանակ առ ժամանակ լսում եմ, որ այդ օրենքի պահանջները բավարարելու համար դատարանները քաղաքացիների կամ հ/կ-ների օգտին վճիռներ են կայացնում՝ պետական մարմիններին պարտադրելով պատասխանել մարդկանց հուզող հարցերին:

Ամենաթարմ օրինակը ՀՀ վարչական դատարանի այս տարվա հունիսի 23-ի վճիռն է, որը Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցնում է բավարարել «Պետական կարիքների զոհերն ի պաշտպանություն ժողովրդավարության» հ/կ-ի հետաքրքրասիրությունը, որը ցանկացել է իմանալ, թե ՀՀ կառավարության 17.06.2004 թ. N 909 որոշմամբ Գլխավոր պողոտայում «պետական կարիքների» համար վերցված տարածքներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ի՞նչ կարգով եւ ի՞նչ սկզբունքներից ելնելով են ընտրվել, տվե՞լ են քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար բավարար երաշխիքներ եւ կառավարության ո՞ր որոշմամբ են Հյուսիսային պողոտայում կառուցապատման իրականացման իրավունք ստացել «Մոսկովսկի դոմ», «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.», «Նազարեթ Բերբերյան», «Գառնի Գրուպ», «Պրոգրես Արմենիա», «Մերկատուր», «Լոկալ Դեվելոպերս», «Հայկապալ», «Խաս Պրոֆիտ», «Սոգլասիե Արմենիա», «Գլոբալ Դեվելոփմենթ», «Նորդ Այլենդ», «Մոսկովսկայա ինվեստիցիոննայա կոմպանիա» ընկերությունները:

Դատարանում հ/կ -ի տարած այս փոքրիկ հաղթանակը, իհարկե, անհետեւանք կմնա կամ, լավագույն դեպքում, քաղաքապետարանից ինչ-որ պատասխան կտան՝ հղում անելով ՀՀ կառավարության «Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» (16.07.2001 թ., N 645) որոշմանը, որի 4-րդ կետով Երեւանի քաղաքապետին թույլ է տրվում «առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով տրամադրել հողամաս…»:

Այս հղումը չի պատասխանի հ/կ-ի հարցերին, բայց նոր կասկածների ու ենթադրությունների առիթ կդառնա, որովհետեւ նույն որոշման 3-րդ եւ 4-րդ կետերի միջակայքում կա չհամարակալված մի նախադասություն. «ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման մրցույթի պայմանները»:

Եթե որոշման 4-րդ կետով կառավարությունը թույլատրում է Երեւանի քաղաքապետին «առանց մրցույթի… տրամադրել…», ի՞նչ կարիք կա «…հաստատման ներկայացնել… մրցույթի պայմանները»։ Սա հասկանալու համար որոշման 4-րդ կետը պետք է ուշադիր կարդալ: Առանց մրցույթի, շուտափույթ գործելու իրավունքը քաղաքապետարանին տրվել է «Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքները խթանելու նպատակով»: Չսպասելով քաղաքապետարանի պատասխանին՝ փորձենք պարզել, թե ինչպե՞ս են ընտրվել վճռում նշված ընկերությունները:

2008 թվականի հունիսին՝ պատասխանելով «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանի հարցմանը՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանը հայտնել է, որ «Մոսկովսկի դոմ» եւ «Գլոբալ Դեվելոփմենթ» ընկերությունները Հյուսիսային պողոտայում կառուցապատում չեն իրականացրել։ «Ավո Ֆ.Մ.Հ.» եւ «Գառնի Գրուպ» ընկերություններին ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով հողամասեր տրամադրվել են համապատասխանաբար կառավարության N 1154-Ա եւ N 2023-Ն որոշումներով: Մնացած ինը ընկերություններին «…հողամաս տրամադրվել է Երեւանի քաղաքապետի մի շարք որոշումների հիման վրա…»:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս են կառուցապատողներից երկուսն իրավունք ստանում կառավարության որոշումներով, իսկ մյուսները՝ քաղաքապետի: Տարօրինակ ու անբացատրելի է նաեւ այն, որ Գլխավոր պողոտայի դեպքում (N 909-Ն որոշում), թեեւ դարձյալ առանց մրցույթի, արձանագրվում են կառուցապատողները, իսկ Հյուսիսային պողոտայի ներդրողները մնում քաղաքապետի քմահաճույքին:

«Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մի հարցում էլ արել է 2008-ի մարտի 25-ին, որին ԾԻԳ-ի տնօրեն Ռ. Հարությունյանը պատասխանել է՝ հղում անելով ՀՀ կառավարության N 645 որոշման չորրորդ կետին եւ պարզաբանել, որ «…տարածքների ձեռք բերող են հանդիսացել ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա նախկինում քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտները»: Սա նշանակում է, որ այդ «սուբյեկտները» մինչեւ 2007 թվականի հունվարի 25-ը, երբ ընդունվել է կառավարության N 108-Ն որոշումը, պետք է որ քաղաքաշինական գործունեությամբ զբաղված լինեին՝ կառավարության կամ Երեւանի քաղաքապետի որոշումների հիման վրա:

Այստեղից էլ այլ հարց է ծագում՝ ՀՀ կառավարության ո՞ր որոշման հիման վրա են մինչ այդ գործունեություն ծավալել «Նազարեթ Բերբերյան», «Պրոգրես Արմենիա», «Մերկատուր», «Լոկալ Դեվելոպերս», «Հայկապալ», «Խաս Պրոֆիտ», «Սոգլասիե Արմենիա», «Նորդ Այլենդ», «Մոսկովսկայա ինվեստիցիոննայա կոմպանիա» ընկերությունները։ Կամ ինչո՞վ են վաստակել Երեւանի քաղաքապետի վստահությունը, որ արժանացել են «առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով» կառուցապատող դառնալու պատվին։ Արդյո՞ք սրանք պարզապես խողովակներ չեն, որոնցով հոսել են Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քրեական հեղինակությունների լվացման կարիք ունեցող փողերը։ Փողերի լվացման ռիսկը վերծանելու համար փորձենք ծանոթանալ նշված ընկերությունների բազային տվյալներին:

Կառուցապատող ընկերություններից երեքը՝ «Պրոգրես Արմենիա», «Մերկատուր» եւ «Լոկալ Դեվելոպերս», պատկանում են «հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին եւ նրա տիկնոջը՝ Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանին: Առաջինը գրանցվել է 1991 թվականին (վերագրանցվել 2001-ին), երկրորդը՝ 2001-ին, երրորդը՝ 2002-ին: Մինչեւ Հյուսիսային պողոտայում հայտնվելը՝ այս ընկերությունների գործունեության մասին ոչինչ հայտնի չէ: Մամուլում բազմիցս գրվել է, որ Մայրապետյան-Քյալյան ամուսինները կապեր ունեն նախկին նախագահ Քոչարյանի եւ նրա աշխատակազմի ղեկավար, ներկայում տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ:

Շատ բան հայտնի չէ 2002 թվականին քաղաքացի Արթուր Ալեքսանյանի հիմնադրած «Խաս Պրոֆիտ» ՍՊԸ-ի մասին։ Իսկ «Նազարեթ Բերբերյան» ընկերության մասին պետռեգիստրը տեղեկություններ չի հաղորդում։ Հայտնի է միայն, որ այն պատկանում է այս տարվա գարնանը չբացահայտված հանգամանքներում սպանված ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանին:

«Սոգլասիե Արմենիան» ստեղծվել է 2001-ին: Հիմնադիրը Մոսկվայում գրանցված «Սոգլասիե» ՓԲԸ-ն է, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերյոժա Աբրահամյանին: Վերջինս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է: Ռուսահայկական ծագում ունի նաեւ 2004-ին գրանցված «Մոսկովսկայա ինվեստիցիոննայա կոմպանիան», որի հիմնադիրը ռուսաստանցի հայ գործարար Սերգեյ Համբարձումյանն է:

2001-ին գրանցված «Նորդ Այլենդի» մասին պետռեգիստրի տրամադրած տվյալները ժլատ են, թեեւ, ըստ որոշ տեղեկությունների, ընկերության հետեւում կանգնած է Կիպրոսում գրանցված ռուս-կիպրոսյան մի կազմակերպություն: Ընկերության տնօրենը Գալինա Եդիգարյանն է, ով 80-90-ական թվականներին եղել է քաղաքաշինության փոխնախարար, 2005 թվականին ստեղծել «Մակարեդ» ՓԲԸ-ն՝ համահիմնադիր ունենալով Բահամյան կղզիներում գրանցված «Մեզվյու» ՍՊԸ-ին: «Մակարեդն» այժմ բնակելի շենք է կառուցում Բուզանդ-Կողբացի փողոցների անկյունում:

Հասկանալի չէ, թե այս ցուցակում ինչպե՞ս է հայտնվել 1996-ին գրանցված «Հայկապալ» ՓԲԸ-ն:

Հասկանալի չէ, որովհետեւ՝ բացառությամբ այս մեկի, վերը թվարկված գրեթե բոլոր կազմակերպությունները ստեղծվել են 2001 թվականին կամ դրանից հետո, երբ կառավարությունն արդեն կայացրել էր Հյուսիսային պողոտայի կառուցապատման մեկնարկն ազդարարող 25.11. 2000 թ. N 774 եւ կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին 16.07.2001 թ. N 645 որոշումներն ու Երեւանի քաղաքապետին տվել «ընտրության» լայն հնարավորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել