Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրերս Ռուսաստանում էր եւ հարցազրույց է տվել ՌԴ Հեռավոր Արեւելքի լրատվամիջոցներին եւ հայտարարել. «Ռուսաստանը սրբություն է»: Սա՝ ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի: Կաթողիկոսը հայտարարել է, որ աղոթք է հղում առ Աստված, որ Ռուսաստանը լինի հզոր գերտերություն, որ ռուս ժողովուրդը ապրի բարեկեցիկ կյանքով, քանի որ հայերի կաթողիկոսը վստահ է, եթե լավ է ռուսների համար՝ ուրեմն լավ է հայերի համար:
Հավանաբար Վեհափառ հայրապետը մո ռացել է, որ Ռուսաստանում այլատյացության հողի վրա պարբերաբար հայերի են սպանում, որ 20-րդ դարասկզբի հայերի ցեղասպանությունը իրականացավ ռուսների առնվազն անտարբերության պարագայում:
Աստծո եւ հավատացյալի միջեւ միջնորդը եկեղեցին է: Թե ինչու է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Աստծուց հայոց համար բարեկեցություն աղերսելու հարցում միջնորդ ընտրել ռուսներին՝ պարզ չէ:
Հայաստանի իշխանությունների կամոք սկսված էլիտար շինարարության արդյունքում շատ հայեր զրկվեցին բարեկեցիկ ապրելու հնարավորությունից: Թե ինչու այնժամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայերի համար բարեկեցության աղոթքներ չհղեց առ Աստված՝ պարզ չէ:
Մեկ անգամ չէ, որ հանրությունը տեսել է կաթողիկոսի ծառայողական մեքենան՝ գերմանական BMW-ն: Ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Վեհափառը ասել է, որ ունի մի քանի մեքենա եւ նախապատվությունը տալիս է ռուսական ԶԻԼ-ին: