Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդին դատարկվո՞ւմ է

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Ֆինանսատնտեսական ճգնաժամը դարձել է արտագաղթին նպաստող լրացուցիչ գործոն

Բնակչության արտագաղթը Ալավերդիում նոր թափ է ստացել: Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, Ալավերդիում մշտական բնակվում է 16,6 հազար մարդ: Այսօր՝ մարդահամարից 8 տարի անց, Ալավերդու քաղաքապետարանը հայտարարում է, որ քաղաքում ապրում է 20 հազար բնակիչ: Ալավերդու ամենամեծ՝ Սանահին/Սարահարթ թաղամասի ԲՇՏ-ի պետ Ֆրունզիկ Ռամազյանի կարծիքով, թաղամասի բնակչության 60%-ը քաղաքից բացակայում է (Ալավերդիում համատիրություններ չեն ձեւավորվել, քաղաքում գործում է երեք ԲՇՏ): «Մեր շենքում 50 բնակարան կա, սակայն հազիվ 20 բնակարանում է բնակիչ ապրում: Բնակիչների մեծաքանակ բացակայությունը նպաստում է բնակֆոնդի էլ ավելի արագ քայքայմանը, քանի որ շատ դեպքերում փակ բնակարաններում կոյուղու եւ ջրի խողովակների պայթելուց հետո մենք չենք կարողանում վերացնել վթարները, որովհետեւ իրավունք չունենք բացել բացակայող բնակիչների փակ դռները»,- ասաց ԲՇՏ-ի պետը: Նա հայտնեց, որ իրենց թաղամասի 13 բարձրահարկ շենքերից ոչ մեկի վերելակը խորհրդային համակարգի փլուզումից մինչեւ օրս չի աշխատել: Այդ շենքերի բնակիչները վերելակների աշխատելու պահանջ չեն էլ դնում քաղաքապետարանի առաջ: Հավանաբար վերելակների պես ժանգոտել է նաեւ հավատը առ քաղաքապետարան: Ալավերդցին աշխատող վերելակից առաջ աշխատատեղ է ուզում: Ու քանի որ այս հարցն առայսօր ամբողջությամբ լուծված չէ, ալավերդցին հեռանում է ուր պատահի ու աչքը կտրի:

Ալավերդու զբաղվածության կենտրոնում գրանցված են 3300-ից ավելի գործազուկ եւ աշխատանք որոնող: Ալավերդու անձնագրային բաժնում մեզ հայտնեցին, որ Հայաստանից ելքի վիզա ստացող ալավերդցիների թիվը վերջին ամիսներին մեծացել է, սակայն անձնագրային բաժնի պետը խուսափեց կոնկրետ թիվ հաղորդել: Ալավերդուց չհեռացած բնակիչներն էլ շարունակում են Ալավերդին մեռնող կամ ապագա չունեցող քաղաք համարել: «Այս վիճակում ես ապագա չեմ տեսնում, ոչ աշխատատեղ կա, ոչ ապրանքաշրջանառություն, ի՞նչ ապագայի մասին է խոսքը»,- կարծում է ալավերդցի Վարդան Նալբանդյանը: Բնակչության անվստահությունը քաղաքի ապագայի նկատմամբ՝ ձեւավորվում է նաեւ քաղաքի կառուցապատման վիճակից, որի մասին ճարտարապետ Արարատ Մաթեւոսյանը ասաց. «Ալավերդին անհեռանկար է: Ալավերդու խնդիրը պղնձաձուլական գործարանի հիմքի վրա է լուծվելու: Գործարանը պետք է հզորանա, ստեղծվի առնվազն 1800 աշխատատեղ, որպեսզի ենթակառուցվածքներն էլ զարգանան: Ալավերդիում կառուցապատում հասկացություն չկա: Բարեկարգում ասելով, ցավոք, էսօր մենք հասկանում ենք միայն աղբահանություն, այդքան նեղացել է ընկալումը: Բայց բարեկարգումը դա չէ, այ, էս ընկած քարերն են: Քաղաքում բացակայում է շատ կարեւոր մի բան՝ գենպլան ասածը: Ենթադրենք պետությունը լուծեց, տվեց, բայց գենպլանը ընդամենը Ալավերդու սահմանն է որոշում: Ալավերդուն էսօր պետք է մանրամասն հատակագծման նախագիծ՝ 35 տարվա կտրվածքով: Մինչեւ չունենանք՝ հողային խնդիրը չի լուծվի»:

Արարատ Մաթեւոսյանի կարծիքով, քաղաքաշինական կենսական խնդիրները լուծելու համար Ալավերդուն խիստ անհրաժեշտ է գրագետ ավագանի, որը կարողանա քննարկել քաղաքաշինական լուրջ ծրագիր եւ հետո այն ներկայացնել ՀՀ կառավարությանը: Երիտասարդ Արմեն Աբգարյանը քաղաքի ապագան տեսնում էր զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտի զարգացման մեջ, սակայն գտնում է, որ վերջիններիս հաշվին պետք չէ արտադրությունը կանգնեցնել: Կենսաթոշակառու, մետալուրգ Ռաֆիկ Օսյանը քաղաքի ապագան չի տեսնում, որովհետեւ վիճակը քանի գնում՝ վատանում է: Գործարար Ֆրունզիկ Լալայանը մատնացույց արեց քաղաքի զարգացմանը խանգարող գործոնները. «Իմ ունեցած տվյալներով, Ալավերդին իր սոցիալ-տնտեսական կյանքով եւ առհասարակ ամեն հարցում հանրապետությունում գրավում է վերջին տեղը: Քաղաքի վիճակի բարելավումը կախված է նախ մեզանից՝ ալավերդցիներիցս, որ ամենքս մեր տեղում ինչ-որ բան անենք: Մեր քաղաքի համար էլ, մեզ համար էլ, մեր հարեւանի համար էլ: Բայց ոչ մի բան էլ չենք անում: Դարձել ենք մեկս մեկի թշնամի»,- կարծում է Ֆրունզիկ Լալայանը: Գործարարը չգիտեր, թե քաղաքի բյուջեն ինչքան է. «Ինձ բյուջեն հեչ չի հետաքրքրում, քանի որ գիտեմ, որ էդ բյուջեն ոչ մի բան չի կարող անել էս քաղաքի համար: Ես չեմ կարող մասնակցել դրա կազմավորմանն էլ, բաշխմանն էլ, վերահսկմանն էլ: Էլ ինչի՞ս ա պետք: Եթե գիտենամ, որ պարզ կլինի, թափանցիկ կլինի, ամեն ինչը կհետաքրքրի: Որ գիտես չես իմանալու՝ ուր գնաց, ինչու գնաց, ինչի՞ս ա պետք»:

Ֆրունզիկ Լալայանը տաքսի ծառայություն ունի եւ կարծում է, որ այս բիզնեսը «կարդարացնի իրեն, եթե մնացած տաքսիներն էլ օրինական աշխատեն, ոչ թե «գրդոնչիներով» լցվի քաղաքը: Քաղաքում ով մեքենա ունի, մի հատ «զնակ» ունի տաքսու, գալիս ա կանգնում, «զնակը» դնում ավտոյի վրեն, ասում՝ տաքսի եմ: Անունը դրել են իրավական պետություն, բայց իրավական ոչ մի քայլ չկա: Էն մարդն էլ, որ մտնում ա իրավական դաշտ, քաշվում ա: Իսկ դա հասարակ մարդն ա»:

«Էսօր վիճակը վատ ա, ապագան էլ չեմ տեսնում: Առաջընթաց չկա, շարժում չկա: Առաջընթացը մարդկանց ապրելով տի ըլի»,- ասաց կենսաթոշակառու Վերա Մայիլյանը: Մանկավարժ Հենրիկ Մամաջանյանը գտնում է. «հիմա ալավերդցին ահավոր վիճակում ա ապրում»:

Ալավերդու ապագան շատերի համար է անորոշ ու անորոշության մեջ էլ ամեն օր ալավերդցիների մի ստվար խումբ հեռանում է քաղաքից: Սակայն մինչեւ ե՞րբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել