Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ

Օգոստոս 18,2009 00:00

\"\"
Հայաստան մայրիկի միակ հույսը Աստծո
կամքն ու օրհնությունն է:

Հայաստան տատիկի տնակը առաջինն է Վանաձորի Լենինգրադյան փողոցի տնակների շարքում: Նա այստեղ բնակվում է արդեն 20 տարի: Միայնակ թոշակառու է: Տնակում չկա ջուր եւ սանհանգույց: Տնակը տաքացվում է փայտով, որը մեծ դժվարությամբ է հայթայթվում: Տնակում Հայաստան տատիկի միակ «ընկերները» առնետներն են:

«Վերջին անձրեւների ժամանակ գետի հունը շատ էր բարձրացել, քանդեց փոքրիկ բանջարանոցս: Քիչ էր մնում ջուրը լցվեր տնակ. ավերվեց նաեւ տնակի տանիքը»,- պատմում է տիկին Հայաստանը: Նա պետությունից ստանում է 15 000 դրամ կենսաթոշակ, երբեմն՝ նաեւ դեղորայք: Իսկ դեղորայք նրան շատ է անհրաժեշտ: 20 տարի խոնավ տնակում ապրելն անհետեւանք չի մնացել. Հայաստան տատիկը տառապում է հոդացավով: Հավատում է Աստծուն եւ միշտ աղոթում: Նրա համեստ տնակում աչքի են զարնում սրբապատկերները:

Լենինգրադյան փողոցի մյուս տնակներում եւս գրեթե ամեն ինչ նույնն է՝ չկա ջուր, սանհանգույց, խոնավությունից սնկեր են աճում եւ փտում են պատուհանները: Անձրեւներից հունը փոխած Տանձուտ գետը մեծ փոսեր է առաջացնում եւ շատ տնակներ հայտնվել են վտանգավոր գոտում՝ փտման ու փլուզման եզրին:

«Քաղաքապետարանից գալիս են, ասում են՝ տնակները պիտի հանեն, սակայն կոնկրետ ոչինչ չեն խոստանում: Ասում են՝ նախ տներ են տրամադրվում Քիմշեն թաղամասի տնակների բնակիչներին»,- պատմում են տեղի բնակիչները:

Տնակներում բնակվող գրեթե բոլոր երեխաները որեւէ հիվանդություն ունեն, հիմնականում՝ ոսկրացավ, հոդացավ:

Ընտանեկան ծանր պայմաններն այստեղ մի ընտանիքի ողբերգության պատճառ են դարձել: Տիկին Նաիրան երեք երեխա ուներ: Չկարողանալով հոգալ նրանց կարիքները՝ երեխաներին հանձնել է Վանաձորի մանկատուն. «Փոքրիկս՝ աղջիկս, յոթ ամսական էր: Թուլակազմ էր, ինչը հետեւանք է թերսնման: Սակայն ինձ հավաստիացրին, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, նա կառողջանա: Կարճ ժամանակ անց երեխան մահացավ մանկատանը»,- պատմեց որդեկորույս մայրը: Մյուս երկու երեխաներին տիկին Նաիրան վերցրել է մանկատնից: «Հիմա երեխաներիս խնամել օգնում է «Զանգակ» բարեգործական կազմակերպությունը: Մի քանի տարի հետո էլ տղաներիս բանակ են տանելու: Այսպես մեծացած զինվորը ո՞նց է ծառայելու»,- նկատեց տիկին Նաիրան:

Այսպիսի բազմաթիվ տնակներ եւ այս խնդիրների տակ կքած բազմաթիվ ընտանիքներ կան Վանաձորի Լենինգրադյան փողոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել