Լրահոս
Օրվա լրահոսը

Օհանյանին պետությունը խաբել է

Օգոստոս 18,2009 00:00

Վերջերս lragir.am էլեկտրոնային կայքէջում փորձագետ Մանվել Սարգսյանն իր «Ռազմական արդյունաբերությունը եւ նրա կադրերը» հրապարակման մեջ անդրադարձել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի՝ Բաքու այցին:

Այդ կապակցությամբ հաղորդագրություն էր տարածվել, որում հայտնվել էր, որ քննարկվելու է Ադրբեջանի եւ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցը: Մ. Սարգսյանն այդ համատեքստում անդրադարձել էր Հայաստանի ռազմաարդյունաբերության արդի խնդիրներին, մասնավորապես հիշատակելով ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու կողմնակից եւ նախաձեռնող Ավիկ Օհանյանի խնդրին. «Ավիկ Օհանյանն իր գործունեությամբ անգնահատելի ներդրում կատարեց առաջին լուրջ ռազմաարդյունաբերական ձեռնարկության ստեղծման գործում: Ձեւավորեց փամփուշտի արտադրության լիարժեք, ժամանակին համահունչ մի գործարան: Ենթադրեցի, որ հարմար առիթ է բավարարելու իմ հետաքրքրությունը Հայաստանում ռազմաարդյունաբերության վիճակի վերաբերյալ: Եվ հուսախաբ եղա: Իմ առջեւ կանգնած էր մի մարդ, որն իր մտահոգ եւ հուսահատ տրամադրությամբ արտահայտում էր այդ արտադրության այսօրվա վիճակը: Հետո մեր զրույցից տեղեկացա, որ նա կորցրել է ամեն ինչ»:

«Առավոտն» առաջին անգամ 2007թ. սեպտեմբերի 21-ին «Պատերազմի ժամանակ պայմանագրեր չեն բաժանում» հրապարակման մեջ բարձրացրեց Ավիկ Օհանյանի հարցը: Երեկ կրկին հանդիպեցինք նրան:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Հայաստան պետությունն առհասարակ պարտք է Ավիկ Օհանյանին՝ $60 000 գումար: 1994թ. հոկտեմբերի 16-ին Ա. Օհանյանի կապերի ու ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստան է բերվում փամփուշտների հոսքագծի համակարգ՝ $25 մլն արժողության 9 վագոն բեռ: Այն հանգրվանում է «Նեյտրոն» գործարանում: $25 միլիոնանոց բեռը, շնորհիվ Ավիկի կապերի, Հայաստան է հասնում $60 000-ով: Այդ մասին գիտեին Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները, մասնավորապես՝ հանգուցյալ նախարար Վազգեն Սարգսյանը: Վերջինս գործարքի «ձեւակերպման» ժամանակ Ավիկի «պարտքը» գրում է $10 000, պայմանավորվելով, որ մնացածը կտան:

1994թ. շահագրգիռ ատյանները խոստանում էին Ավիկին՝ նրա պարտքը մարել, քանի որ գիտեին՝ հոսքագիծը Հայաստան այդ գնով բերելու համար նա վաճառել է իր մեկ սենյականոց բնակարանը: Սակայն մինչ օրս Ավիկի նկատմամբ դրսեւորած անտարբերությունն ավելի է խորացրել նրա անձնական կորուստները: «1995-ից ի վեր ես պարտքեր փակելու անպտուղ գործընթացի մեջ եմ եւ չեմ կարողանում ձեւավորել ընտանիքիս, 2 անչափահաս երեխաներիս կենցաղը», երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նախկին ռազմաարդյունաբերողը:

Նա օրեր առաջ դիմել է ՀՀ նախագահ, պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին, ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն զարմանալին այս պատմության մեջ մեր պաշտպանության նախարարության սառնասիրտ պատասխանն է: «Առավոտի» տրամադրության տակ գտնվող ՊՆ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի պաշտոնական պատասխանը դրա վառ օրինակներից մեկն է. «Ձեր նամակը՝ հասցեագրված ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ տեղադրված հոսքագծերի ձեռքբերման համար դրամական միջոցներ հատկացնելու վերաբերյալ, համարում ենք անհիմն, որովհետեւ վճարման պայմանները նախատեսվում են պայմանագրերով, որոնք չկան: «Նեյտրոնի» բաժնեմասերի կառավարումը 1993-94թթ. պաշտպանության նախարարությանը վերապահված չէր, ուստի դիմեք այդ տարիներին ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող համապատասխան նախարարությանը»:

Գեներալ-լեյտենանտը հաստատ լավ գիտի, որ պատերազմի տարիներին՝ 1993- 94-ին, զենքը, զիմամթերքը «պայմանագրով» չէին նվիրում, գնում, վաճառում, իսկ ցանկացած գումար, որը դրվում էր պաշտպանական նպատակներով, մինչ օրս «ռազմական գաղտնիքի» մաս է կազմում:

Նա նաեւ լավ գիտե, որ Օհանյանն այդ հոսքագիծը, որն ամիսներ շարունակ արտադրանք է տվել, իր տանը չի պահել, իսկ այն նախարարությունը, որի մասին ակնարկվում է՝ գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունեն այն անձինք, ովքեր կարող էին վկայել, որ այդ տարիներին Ավիկ Օհանյանը սխրանք է կատարել հայրենիքի համար:

Օհանյանը պահանջում է, որ պետությունը, հանրապետության նախագահը մարի իր նյութական պարտքը եւ իր նամակներին վերջնական ընթացք տա: Եթե, իհարկե, նամակը նրան հասնի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31