Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՎՃՌԻՆ ՄԵՆՔ ՍՊԱՍԵԼ ԵՆՔ 5,5 ՏԱՐԻ»

Օգոստոս 18,2009 00:00

Ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը

– Տիկին Դոյդոյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ Ելփինի գյուղապետի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ, դատական աննախադեպ վճռի առիթով: Այս վճիռը Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ սպասելի:

– Այս վճռին մենք սպասել ենք 5,5 տարի Երբ 2003 թ. վարչական օրենսդրությամբ սահմանվեց :պատասխանատվություն տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար, այդ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը փորձել է կյանքի կոչել այդ դրույթը, սակայն՝ ապարդյուն: 30-ից ավելի դատական գործեր ենք նախաձեռնել այդ օրից ի վեր, սակայն միայն 2009 թ. հուլիսին Ելփինի գյուղապետարանի դեմ դատական գործով մեզ հաջողվեց 50 հազար դրամ վարչական տույժի ենթարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենսդության պահանջները անհիմն մերժած պաշտոնյային:

– Ձեր հարցազրույցներում դուք միշտ նշում էիք, որ երբ լուծվի պաշտոնյաներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ տեղեկատվության անհիմն մերժումները զգալիորեն կնվազեն: Ի՞նչ եք կարծում, Ելփինի նախադեպը որքանո՞վ զգաստացնող ազդեցություն կունենա պաշտոնյաների վրա՝ տեղեկատվություն տրամադրելու առումով:

– Այս նախադեպը նախեւառաջ կպայմանավորի առաջիկայում տեղեկատվության ազատության ոլորտում դատական պրակտիկայի զարգացման ուղին: Մինչ այս՝ դատարանները խուսափում էին վարչական պատասխանատվության մեր պահանջներին դրական լուծում տալ: Սակայն համոզված եմ, որ դատավոր Արթուր Պողոսյանին հաջողվեց կոտրել այդ վախի ստերեոտիպը եւ նախապատվությունը տալ մարդու իրավունքներին: Նման արդար եւ բանիմաց դատավորների շնորհիվ է վերջապես կայանալու մեր դատական համակարգը, առանց որի՝ մարդու իրավունքների պաշտպանության բոլոր կոչերը ձախողման են դատապարտված: Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ մինչեւ գաղտնի եւ փակ աշխատելու համար պաշտոնյաների անձնական գրպանին հարված չտրվի՝ նրանք չեն զգաստանա: Այդ հարվածը վերջապես հասցված է եւ անպայմանորեն ունենալու է իր վճռորոշ դերը:

– «Սեւ ցուցակ», դատական գործընթացներ, վարչական պատասխանատվություն: Ի վերջո, ո՞րն է այն մեխանիզմը, որով հնարավոր կլինի լիարժեքորեն ապահովել հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

– Ձեր նշած բոլոր մեխանիզմները հասարակական վերահսկողության տարրեր են: Հասարակությունը պետք է լինի պահանջողի դերում, ոչ թե մեկ-երկու կազմակերպություն կամ անհատներ։ Մինչեւ ներքեւից չգա պահանջը, որ կառավարությունը, ՏԻՄ-երը բաց ու հաշվետու աշխատեն մարդկանց առջեւ, երբեք իշխանությունները չեն ցանկանա հրապարակային աշխատել:

– Այսօր մշակվում է տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրական փաթեթ: Կնշեի՞ք մի քանի հիմնարար խնդիրներ, որոնք օրենքը փոխելու անհրաժեշտություն առաջացրին:

– Առաջին կարեւորագույն օրենսդրական բացը ենթաօրենսդրական ակտերն են, որոնք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված էր ընդունել, սակայն արդեն 6 տարի է՝ դրանք ընդունված չեն եւ խոչընդոտում են տեղեկություն ստանալու իրավունքի իրականացմանը: Անհրաժեշտություն կա նաեւ ուժեղացնել եւ հստակեցնել վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը, քանի որ փաստն այն է, որ 6 տարվա ընթացքում միայն վերջերս՝ հուլիսին մեզ հաջողվեց վարչական պատասխանատվության ենթարկել «ՏԱ մասին» օրենքը խախտած պաշտոնյային: Միաժամանակ նշեմ, որ որոշ էական հարցեր դուրս են մնում օրենքի կարգավորման շրջանակից: Այդպիսի հարցերից են, օրինակ, էլեկտրոնային հարցումների ընդունման եւ ընթացք տալու պայմանները, տեղեկատվության տրամադրման համար վճարման կարգն ու պայմանները, տեղեկատվության պրոակտիվ հրապարակման ձեւերն ու պայմանները եւ այլն: Սրանց սահմանումը էականորեն կբարելավի տեղեկատվության ազատության պրակտիկան Հայաստանում: Օրենսդրական բարեփոխումները պետք է բացառապես իրականանան հանրային ակտիվ քննարկումների եւ մասնակցության շնորհիվ: Սա է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի քաղաքականությունը:

Ի դեպ, մեր կենտրոնի ինտերնետային կայքում՝ www.foi.am, մանրամասն կարող եք ծանոթանալ տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրական փաթեթի նախագծին, ինչպես նաեւ՝ ԻԱԿ-ի դատական գործերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել