Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՆԱԼԳԻՆ» ՓՆՏՐՈՂԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ «ՍԻԱԼԻՍ»

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Դեղատան աշխատողները շահագրգռված են տղամարդու պոտենցիան բարձրացնող «Սիալիս» դեղը վաճառել, քանի որ պարգեւատրում են ստանալու:

Մայրաքաղաքի շատ դեղատներում արական սեռի հաճախորդ մտնելուն պես՝ դեղատան աշխատողները նրան շտապում են առաջարկել «Սիալիս» կոչվող դեղամիջոցը եւ գովազդել, թե ինչքան լավ ազդեցություն է այն ունենում, ինչքան հաջող դեղ է եւ այլն: Նշենք, որ «Սիալիսը» «Վիա-գրայի» կարգի դեղ է, միայն այն տարբերությամբ, որ ավելի երկար է պահում տղամարդու էրեկցիայի ազդեցությունը՝ 36 ժամ: Այն, դեղագետների հավաստիացմամբ, իսկապես բավականին հաջող է գրգռիչ ազդեցություն ունեցող դեղերի շարքում, դրա համար էլ բավականին թանկարժեք է՝ 20 միլիգրամը կամ 1 հաբը՝ 10-12 հազար դրամ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այն պետք է վաճառվի դեղատոմսով, դեղատան աշխատակիցներն իրավունք չունեն առանց դեղատոմսի առկայության այդ դեղը վաճառելու, հետեւաբար նաեւ՝ գովազդելու ու առաջարկելու ամեն պատահած հաճախորդի: Մինչդեռ, մեր տեղեկություններով, դեղատան աշխատողները «Սիալիսը» վաճառելու մեջ իրենց շահն ունեն: «Սիալիսի» մատակարարը դեղատներում ակցիա է անցկացնում. դեղատան աշխատողը որքան շատ վաճառի այդ դեղորայքից, նրան խոստանում են, այսպես ասած, «բոնուս» տալ՝ գումարի տեսքով: Այդ դեղի տուփի վրա հոլոգրաֆիկ նշան կա: Դեղատան աշխատակիցներն ամեն անգամ «Սիալիսը» վաճառելիս այդ նշանը պոկում են, որպեսզի մատակարար ընկերությանը ցույց տան, թե քանի «Սիալիս» են վաճառել՝ համապատասխան վարձատրություն ստանալու նպատակով:

Այս առնչությամբ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլաննա Գեւորգյանն «Առավոտին» պարզաբանեց. «Մենք ոչինչ չենք կարող անել: Քանի որ բոլոր դեղատները մասնավորեցված են, ընկերությունները կարող են միմյանց հետ համաձայնության գալ ու դեղատան աշխատողներին շահագրգռել, որ իրենց դեղը վաճառեն, այդտեղ նախարարությունը չի կարող միջամտել, նման ակցիաների համար մեզանից ոչ ոք թույլտվություն չի վերցնում: Մենք պարզապես դեղատներում ժամանակ առ ժամանակ ստուգումներ ենք անում՝ ճշտելու, թե վաճառվող դեղերը ժամկետի մե՞ջ են կամ գրանցում ունե՞ն, թե՞ ոչ, մնացած հարցերի հետ կապված՝ իրավունք չունենք խառնվելու: Սակայն, եթե դեղը դեղատոմսով վաճառվող է, օրենքով ընդհանրապես արգելվում է այն գովազդել, ուստի այդ դեղի դեպքում ակցիան հակաօրինական է համարվում»: Տիկին Ռուսլաննան նաեւ նշեց, որ հաճախ տարբեր ընկերություններ ոչ միայն դեղատների հետ են համաձայնության գալիս, այլեւ ակտիվորեն համագործակցում են հենց բժիշկների հետ, որոնք իրենց հերթին են հիվանդներին առաջարկում ակցիա իրականացնող դեղերը:

Ի դեպ, որոշ դեղագետներ ասում են, որ «Սիալիսը», առանց բժշկի, մասնավորապես՝ ուրոլոգների ու սեքսապաթոլոգների նշանակումների վաճառվելու դեպքում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ տղամարդու առողջության վրա: Նրանց խոսքերով, հատկապես, եթե մարդը տառապում է սրտանոթային հիվանդություններով, այդ դեղը կարող է բացասաբար ազդել նրա օրգանիզմի վրա: Մեր այցելած բոլոր դեղատներում ժխտեցին այդ՝ հավաստիացնելով, որ «Սիալիսը» կարելի է օգտագործել նույնիսկ ալկոհոլ օգտագործած ժամանակ, այն որեւէ հակացուցում չունի: Երբ խնդրեցինք դեղի բաղադրությանը ծանոթանալ, դեղատներում հրաժարվեցին այն տրամադրել՝ նշելով, որ տուփն այնպես է փակված, որ բացելու դեպքում դեղի ազդեցությունը կարող է թուլանալ:

«Սիալիսի» մատակարար ընկերության գործադիր տնօրեն Գոռ Վերմիշյանը չհերքեց, որ դեղատներում իրենք ակցիա են անում, սակայն, ըստ նրա՝ դա անում են կեղծ արտադրանքի դեմ պայքարելու համար, հոլոգրաֆիկ նշանները ցույց տալու դեպքում իմանում են, թե քանի՞ մարդ է օգտվում օրիգինալ դեղից, քանիսը՝ կեղծ «Սիալիսից»: Գ. Վերմիշյանը խոստացավ խնդրի առնչությամբ ավելի մանրամասն պարզաբանումներ տալ մի քանի օրից: Նա միայն վստահեցրեց, որ «Սիալիս» դեղը սրտանոթային հիվանդությունների դեպքում բացասական ազդեցություն ունենալ չի կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել