Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՑՈՒՂԻՆԵՐԸ ԿԱՆԳԱՌ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ

Օգոստոս 18,2009 00:00

Այսօր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տասնյակ անօրինական կանգառներ են «ձեւավորվել», որոնք գտնվում են հիմնականում հասարակական կարեւոր նշանակության վայրերում, կառույցների, գերատեսչությունների հարեւանությամբ:

Արտաքին գործերի նախարարության հարեւանությամբ գտնվող հետիոտնային անցուղին արդեն քանի տարի է՝ ծառայում է որպես կանգառատեղի. վարորդները անցորդներին են խանգարում, անցորդներն էլ՝ վարորդներին: Երկու րոպեի ընթացքում այդ վայրում կայանում է նվազագույնը 4-5 միկրոավտոբուս՝ խոչընդոտելով երթեւեկությանը: Նկատենք, որ այդ հատվածի օրինական կանգառը գտնվում է ընդամենը մի քանի մետր այն կողմ, սակայն, սովորության համաձայն, վարորդները կանգնում են հենց անցուղու վրա:

Նման մի կանգառ էլ կա Թումանյան-Աբովյան խաչմերուկում՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության դիմաց: Այդ հատվածում նույնպես կուտակումներ են լինում՝ անօրինական կանգառի պատճառով: Մանկավարժական համալսարանի դիմաց գտնվող հետիոտնային անցումը նույնպես ավելի շատ որպես կանգառ է ծառայում:

Նույն պատկերն է Արգիշտի 1 հասցեում: Քաղաքապետարանի դիմացի փողոցի անցուղին հազվադեպ է ազատ լինում, որպեսզի մարդիկ օգտվեն դրանից: Այդ հատվածում հիմնականում ուղեւորներ են կանգնած, որպեսզի օգտվեն հասարակական տրանսպորտից: Հաջորդ վտանգավոր կանգառն էլ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտ տանող Ամիրյան 18/3 հասցեում է:

Վարորդները մեզ հետ զրույցում ասացին. «Անհարմարություններ կամ վտանգներ միշտ էլ կան, դրանք հիմնականում անցորդների կամ այլ մեքենաների հետ բախումներն են, որոնք վերջ չունեն»: Նրանց կարծիքով, այդ խառնաշփոթի վերջը կգա, եթե հարմար վայրում կանգառասրահ տեղադրվի, բայց վարորդներից մեկի համոզմամբ, գուցե դա էլ չօգնի, քանի որ Ամիրյան փողոցի այդ հատվածը բավականին նեղ է: Անցուղին կանգառ է դարձել նաեւ Ալեք Մանուկյան 7, Խանջյան 41, Տիգրան Մեծի 29 եւ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի հարեւանությամբ: Մեր թվարկած հասցեներից բացի, մայրաքաղաքում նման անօրինական կանգառներ շատ կան, որոնք խոչընդոտում են առանց այդ էլ ծանրաբեռնված երթեւեկությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել