Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզերում մարդիկ չկա՞ն

Օգոստոս 18,2009 00:00

ՀՀ մարզերը աշխարհին ներկայանում են միայն պաշտոնյաներով

Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերն էլ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվական համակարգում՝ կայքում, իրենց հատվածը ունեն, որը տնօրինում են հենց իրենք: Այս կայքերի միջոցով մարզերը կամ, ավելի ճիշտ՝ մարզպետարանները հնարավորություն ունեն ներկայացնելու ինչպես մարզի առօրյան, այնպես էլ մարզի մասին ընդհանուր տեղեկություններ, մարզի հասարակական, կրթական, առողջապահական հաստատություններն ու կառույցները: Մարզպետարանների կայքերում կա նաեւ «Մարդիկ» բաժինը:

Կայքերի «Ընդհանուր տեղեկություններ», «Դատարաններ» կամ այլ բաժինների օրինակով ենթադրվում է, թե «Մարդիկ» բաժնից կարելի է տեղեկանալ, թե այս կամ այն ոլորտում հայտնի որ գործիչն է ծնվել տվյալ մարզում: Սակայն մարզպետարանները նման տեղեկություն չեն մատուցում: Բացառություն է միայն Արմավիրը: Այս մարզի վիրտուալ «կրկնօրինակը» տեղեկացնում է, որ արմավիրցի են մշակույթի վաստակավոր գործիչներ Գեւորգ Աթանեսյանը, Ռուբեն Շարբաթյանը գրողներ Ռաֆայել Սահակյանը, Ռուբեն Հովսեփյանը, օպերային երգիչներ Գեւորգ Հակոբյանը, Անահիտ Մխիթարյանը, ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանը, քանդակագործներ Ռուբեն Նալբանդյանը, Նիկողայոս Նիկողոսյանը, ոսկեգործ, արծաթագործ Արշակ Մանուկյանը, խեցեգործ Արարատ Մարտիրոսյանը, աշուղ Էմմա Հովհաննիսյանը: Մեկ էլ Տավուշի մարզպետարանի կայքից կարելի է տեղեկանալ, որ տավուշցի է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը: Մնացած մարզպետարանների կայքերի «Մարդիկ» բաժիններում միայն պաշտոնյաներ են: Շիրակում՝ մարզպետարանի ղեկավարությունն ու պատգամավորները, Լոռիում, Արագածոտնում՝ մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքապետեր, պատգամավորներ: Արդեն առիթ եղել է նկատելու, որ Կոտայքի մարզպետարանի տարածած տեղեկություններում մարզպետը ներկայացվում է մարզի մակարդակով ժողովուրդների հայր: Կոտայքի մարզպետարանի կայքի «Մարդիկ» բաժնում մարզպետն է եւ համայնքապետերը: Ի հավելումն՝ մարզպետի մասին տեղեկություններ կան նաեւ «Մարզպետարան» բաժնում:

Հետաքրքիր է նաեւ Արարատի կայքը: Հայաստանի մարզերը ձեւավորվել են 1995 թվականին: Արարատի մարզպետարանը «Մարդիկ» բաժնում ներկայացնում է գործող մարզպետին, նրա տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին եւ 2000-2007 հատվածում մարզպետ Ալիկ Սարգսյանին, ով այժմ ՀՀ ոստիկանապետն է:

Հայաստանին եւ ողջ աշխարհին միայն մարզի պաշտոնյաներով ներկայացող մարզպետարաններին արժե հիշեցնել, որ աշխարհը մարզի պաշտոնյաներով չի ավարտվում: Աշխարհին ներկայացնելու դեմքեր ունենք: Օրինակ՝ Կոտայքի ծնունդ են երգիչ Արսեն Գրիգորյանը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Գեղարքունիքից է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Վայոց ձորից է երգչուհի Սիլվա Հակոբյանը: Արագածոտնի մարզն է ՀՀ գլխավոր դատախազի ծննդավայրը: Արարատի մարզը այս երկրին երկու վարչապետ է տվել: Լոռեցի է աշխարհներ նվաճած բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը: Դե, իսկ Սյունիքի եւ Շիրակի մարզերի ծնունդ հայտնիներն ու կոլորիտայիններն այնքան շատ են, որ թվարկելը երկար ժամեր կպահանջի:

Այս ամենին, սակայն, անտեղյակ կամ, որ առավել ցավալի է, անտարբեր են Հայաստանի Հանրապետության մարզպետարանները:

Հ. Գ. Մեր տեղեկություններով, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ուսումնասիրել է մարզպետարանների կայքերը եւ առաջարկել «Մարդիկ» բաժնից հանել պաշտոնյաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել