Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԵ՞Ր ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ

Օգոստոս 18,2009 00:00

Ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը սխալ ուղղությամբ է ընթանում:

«Այսօր գյուղական համայնքներում աղքատությունն ավելի է խորանում: Գյուղացիները խրված են օրեցօր աճող հարկերի եւ վարկերի մեջ: Մարդիկ բանկերից վարկեր են վերցրել ու չեն կարողանում տակից դուրս գալ: Ֆեոդալական կարգերը ներխուժել են գյուղերը»,-երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը: Նրա խոսքերով՝ այսօր նույնիսկ հանրապետության այն գյուղերն են կանգնել աղքատության շեմին, որոնք ժամանակին քիչ թե շատ հարուստ են եղել: Եթե նախկինում Արմավիրի մարզի Տանձուտ, Արեւիկ, Արազա գյուղերը համեմատաբար կայացած էին, այսօր այդ գյուղերի բնակիչները մի կերպ են իրենց գոյությունը պահում: Կազմակերպությունը հանրապետության մի շարք գյուղական համայնքներում հարցումներ է կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ հազարավոր գյուղացիներ անգամ օրվա հացի փող չեն աշխատում, էլ ուր մնաց կարողանան ծախսեր անեն՝ հող մշակեն. «Մարդիկ կան՝ վարկերի պատճառով իրենց տուն-տեղը վաճառել, մնացել են անտուն, մադիկ էլ կան՝ վարկը չեն կարողանում փակել, ստիպված փախուստի են դիմել: Որոշներն էլ մի տեղից վարկ են վերցնում, որ մյուս տեղի տոկոսները փակեն»,- ասաց Ս. Սեդրակյանը: Նրա կարծիքով, գյուղատնտեսությունը զարգացնելու համար ոչ թե պետք է ուղղակի հորդորել, որ գյուղացիները բանկերից գումար վերցնեն, այլ անհրաժեշտ է, որպեսզի մեր պետությունը լուրջ աջակցություն ցուցաբերի ու պետական ծրագիր մշակի: Հ/կ-ի նախագահը, վկայակոչելով եվրոպական երկրների մոդելը, կարծիք է հայտնում, որ գյուղատնտեսությանը պետք է վարկ տրամադրել 30-40 տարով, այլ ոչ թե, ինչպես մեր երկրում է՝ ընդամենը 1-2 տարով: Որպեսզի գյուղացին կարողանա ոտքի կանգնել, բացի երկարաժամկետ վարկերից, անհրաժեշտ է նաեւ տոկոսադրույքները ցածր սահմանել, եւ ինչպես Ս. Սեդրակյանն է ասում՝ եթե ուզում եք օգնել գյուղատնտեսությանը, պետք է գոնե վարկի տոկոսները գանձել միայն այն ժամանակ, երբ գյուղացին իրոք շահույթ է ստանում. «Վարկ վերցնելու գրավի պայմաններն էլ անընդունելի են: Վարկ են տալիս անշարժ կամ շարժական գույքի դեպքում: Դա նշանակում է՝ միայն հարուստ գյուղացին կարող է վարկ վերցնել, իսկ աղքատն այդպես էլ հնարավորություն չի ունենա հողը մշակել: Դրսից վարկեր է ստանում կառավարությունը, բաժանում բանկերին, սրանք էլ իրենց հերթին բարձր տոկոսներով տալիս են գյուղացիներին»:

Հ/կ-ն տարիներ առաջ գյուղատնտեսության զարգացման ծրագիր է մշակել, եւ ներկայացրել գյուղնախարարությանը: Ըստ Ս. Սեդրակյանի, նախկին գյուղնախարարները, ոլորտի մասնագետները ծանոթացել են, նույնիսկ հավանություն են տվել, սակայն ոլորտի պատասխանատուներն «ականջի հետեւ են գցել»: Կազմակերպությունն առաջարկում է ստեղծել «պայմանագրային կոոպերատիվներ», որոնց շնորհիվ անհատ գյուղացիներն իրենց հողատարածքներով կմիավորվեն եւ միասին կաշխատեն, ինչը կլինի կամավորության սկզբունքով: Մեր այն հարցին, թե այդ մեթոդը վերադարձ չէ՞ խորհրդային տարիների կոլխոզներին, պարոն Սեդրակյանն ասաց. «Ինչ-որ տեղ՝ այո, բայց եթե այն ժամանակ եկամուտը տնօրինում էր պետությունը, այս դեպքում այդպես չի լինելու: Գյուղացիները, ըստ իրենց կատարած աշխատանքի եւ ըստ իրենց հողատարածքների, բերքի տեսքով կվարձատրվեն»: Պարոն Սեդրակյանի ներկայացմամբ՝ պայմանագրային կոոպերացիայի դեպքում ծախսերն էլ բավականին կրճատվում են: Ասենք, եթե մի գյուղացին պետք է առանձին կոմբայն վարձեր կամ պարարտանյութ ու սերմեր գներ, ապա այս դեպքում կոլեկտիվ են անում. «Մեծածավալի դեպքում զգալի զեղչեր են լինում, բացի այդ, թունաքիմիկատն արդեն փակ վիճակում են ստանում, այլ ոչ թե բացած ու ինչ-որ բանի հետ խառնած եւ այլն»:

«Պայմանագրային կոոպերացիայի» ծրագրի առնչությամբ նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը խորհուրդ է տվել հ/կ-ի նախագահին՝ համայնքների համաձայնությունը ստանալ, որից հետո ծրագիրը փորձնական կներդնեն:

Ընտրվել էին Շիրակի եւ Արագածոտնի որոշ գյուղեր, սակայն, ինչպես Ս. Սեդրակյանն է ասում՝ 4-5 տարի էսօր-էգուց են անում, իսկ գյուղատնտեսություն էլ ձեռքից գնում է:

Նշենք, որ հ/կ-ի անդամներ են շարքային գյուղացիներից սկսած՝ մինչեւ գյուղատնտեսներ ու այլ մասնագետներ: Հ/կ-ի անդամների կարծիքով, գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար պետությունը պետք է ամբողջ գյուղմթերքի 20%-ը գնի եւ մթերի, ընդ որում՝ աղքատ գյուղացիներից, ոչ թե մեծահարուստ գեներալների եւ պաշտոնյաների հողատարածքների բերքը:

Ըստ Ս. Սեդրակյանի, գյուղերում այսօր չկան հակահամաճարակային միջոցառումներ, չի ստուգվում հողի, ջրի եւ սերմերի որակը. «Չգիտենք, թե ի՞նչ մթերք ենք օգտագործում, դա օրգանական ծագումո՞վ է, թե՞ ոչ: Վնասակար տարրեր կա՞ն հողում, ջրում, թե՞ ոչ»:

Ս. Սեդրակյանի խոսքերով՝ անգամ դրսից եկած օգնությունները չեն հասնում գյուղացուն. «Մի օգնություն է գալիս՝ մարզպետով գյուղապետով ու մոտիկներով են կազմակերպում դա եւ իրենց ֆեոդալական կալվածքն են մեծացնում, անունն էլ դնում՝ աղքատությունն ենք նվազեցնում: Որպես օգնություն՝ տրակտորներ են ուղարկում, կառավարությունը աճուրդով դրանք վաճառում է»: Ըստ կազմակերպության նախագահի, գյուղատնտեսության ոլորտը հարկային դաշտ բերելը դեռ վաղ էր. «Ճիշտ է, հարկի շեմը ցածր է, բայց պետք էր նախ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնել, նոր՝ հարկեր սահմանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել