Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գաբրիել Չեմպերճյանն էր ֆինանսավորել ՀՅԴ խորհրդաժողովը

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Սիրիահայ առատաձեռն գործարարը պատրաստ է օժանդակել «ճիշտ եւ անհրաժեշտ» գործը

Կան մեծահարուստ բարերարներ, ովքեր չեն ցանկանում, որ իրենց մասին շատ գրվի կամ խոսվի: Նման բարերարներից է Հալեպում ծնված, այժմ Դամասկոսում հաստատված Գաբրիել Չեմպերճյանը, ում հետ զրուցելու հնարավորություն ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում: Պարոն Չեմպերճյանը 100 հազար դոլար էր տրամադրել ՀՅԴ նախաձեռնությամբ եւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հովանավորությամբ կազմակերպված (հուլիսի 10-11) «Արցախյան հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ» համաժողովին:

Պարոն Չեմպերճյանը ՀՅԴ անդամ չէ: Նա ընդհանրապես անդամ չէ որեւէ կուսակցության: Սակայն երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նրան տեղեկացրել է Ստեփանակերտում նման համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը, սիրիահայ բարերարը անմիջապես ստանձնել է համաժողովի ֆինանսավորումը: Իրավական առումով ֆինանսավորումը կատարվել է «Փյունիկ» հիմնադրամի միջոցով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լեւոն Սարգսյանն է՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը:

«Ես գումար եմ տալիս, երբ ասում են, որ ճիշտ, անհրաժեշտ գործի կարիքը կա: Այսօր Դաշնակցությունը այս համաժողովին կարիքը ուներ, ես էլ կարիքը տեսա եւ գումարը տրամադրեցի: Լեւոն Սարգսյանը՝ լինելով նախագահի եղբայրը, դեմ չեղավ: Երբ ինչ-որ գործի կարիքը կա, կվիճաբանենք եւ մեկս մյուսին կհամոզենք»,- ասաց բարերարը:

«Ինձ ասացին, որ Բեյրութի «Վանա Ձայն» ռադիոկայանը վերանորոգելու, տեխնիկապես վերազինելու կարիք ունի: Եվ միայն վերաբացման օրը իմացա, որ այդ ռադիոկայանը պատկանում է Դաշնակցությանը»,- պատմում է նա:

Պարոն Չեմպերճյանի բարեգործության շրջանակը ներառում է Հայաստանի եւ Սփյուռքի կրթության, գիտության, մամուլի, եկեղեցաշինության եւ բազմաթիվ ազգօգուտ ոլորտներ: Նրա տրամադրած միջոցներով Տեր Զորում կառուցվում է հիվանդանոց՝ ի երախտագիտություն արաբ ժողովրդին, որ օթեւան տվեց Հայոց ցեղասպանության վերապրածներին: Նրա ազգանպաստ գործունեությունը թեեւ պատշաճ ուշադրության չի արժանացել Հայաստանի լրատվամիջոցների կողմից, սակայն պետական մակարդակով պարոն Չեմպերճյանը շատ հարգված եւ գնահատված անձնավորություն է: Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը նրան շնորհել է Մովսես Խորենացի շքանշան, Հայաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը՝ նախարարության ոսկե մեդալ:

2008 թ. վերջերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան հանձնեց տեր եւ տիկին Չեմպերճյաններին՝ բարձր գնահատելով ազգային կյանքում նրանց մատուցած ծառայությունները:

Պարոն Չեմպերճյանը առաջին հայերից էր, ով դիմել է երկքաղաքացիություն ստանալու խնդրանքով եւ արդեն ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

Պարոն Չեմպերճյանն ասում է, որ ինքը համագործակցել է Հայաստանի բոլոր կառավարությունների եւ նախագահների հետ: «Մենք Հայաստանին ենք օգնում: ՀՀՇ-ի ժամանակ էլ ենք օգնել, իմ լավ բարեկամներից են եղել Դավիթ Շահնազարյանն ու Շահեն Կարամանուկյանը: Իմ բարեկամներն են եղել Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը: Ես գործում եմ իբրեւ հայ, քաղաքականության մեջ չեմ խորանում: Քաղաքականությունը՝ մի կողմ, իմ գործը՝ մեկ կողմ: ՀՀՇ-ի ժամանակ էր, երբ պաշտպանության նախարարությանը ավելի քան 500 համակարգիչ ուղարկեցի: Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր: Մենք ինչ որ անում ենք, անում ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի համար»,- ասում է նա:

Չեմպերճյանի նախնիները Հալեպ են գաղթել Կիլիկիայի Այնթափ բնակավայրից: Նա ծնվել է Հալեպում, ավարտել է տեղի կրթասիրաց վարժարանը, ապա տեղափոխվել մշտական բնակության Դամասկոս, որտեղ կնոջ եւ որդու հետ ապրում է արդեն 25 տարի: Նրա գործարար միջավայրը ներառում է Սիրիան, Ֆրանսիան, Չինաստանը: Նա հիմնականում զբաղվում է խաղալիքների արտադրությամբ:

Գաբրիել Չեմպերճյանը մեծ ներդրում է ունեցել հայ-սիրիական կապերի հաստատման ու ամրապնդման գործում: Բարերարը մեծ օգնություն է տրամադրել Դամասկոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրմանը: Առաջին դեսպան Դավիթ Հովհաննիսյանին ծանոթացրել է հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադի հետ, որի հետ պարոն Չեմպերճյանը ունեցել է բարեկամական հարաբերություններ: «Երբ սիրիական կառավարությունը Դամասկոսում Հայաստանին դեսպանության շենքը տրամադրեց, պատճառը ես էի: Այն ժամանակ ես բարեխոսեցի: Այս տարի Սիրիայի կառավարությունը դեսպանության համար նոր շենք տրամադրեց: Ես Հայաստանի դեսպանությունում խորհրդական պաշտոն ունեմ»,- ասում է նա:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Հոդվածը հրապարակվել է «Armenian Reporter»-ում: Արտատպվում է կրճատումներով: Վերնագիրը՝ «Առավոտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել