Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԴԵՌ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Հայաստանի համայնքների ասոցիացիայում կարծում են, որ նորընտիր ավագանին արդեն բյուրոկրատացման շեմին է

Շուտով կլրանա Երեւանի ավագանու գոյության եւ գործունեության 100 օրը: Դրան ընդառաջ Հայաստանի համայնքների ասոցիացիայի համակարգող Էմին Երիցյանն «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգություններն արտահայտեց այն առումով, որ Երեւանում ակնկալվող ինստիտուցիոնալ փոփոխությունների առաջին քայլերն այս ամիսների ընթացքում դեռեւս տեսանելի չեն, եւ անցումային գործողությունների որեւէ տրամաբանություն կամ քաղաքականություն ընտրողներին ներկայացված չէ: Նշենք, որ մայրաքաղաքում կառավարման այս համակարգին անցնելու ջատագովներից մեկն էլ մեր զրուցակիցն էր՝ իր ղեկավարած կառույցով: Եվ ասոցիացիայի կողմից արված շատ առաջարկները ընդգրկված են Երեւանի մասին օրենքում: «Այս փոփոխությունների հիմնական նպատակը նաեւ այն էր, որպեսզի ավագանին դառնար առաջնային ինստիտուտ, քանի որ, ըստ էության, Հայաստանի բոլոր համայնքներում ավագանին երկրորդված է: Անցած երկուսուկես ամիսների փորձը ցույց է տալիս, որ այս ոլորտում Երեւանում մենք արդեն խնդիրներ ունենք»,- փաստում է մեր զրուցակիցը: Այդ խնդիրները նա պայմանավորում է մի քանի հանգամանքներով, որոնցից առաջնայինը քաղաքականն է. «Ընտրությունների համակարգը կուսակցական էր: Ընդդիմությունն իր քաղաքականության տրամաբանության մեջ հետեւողական չի մասնակցում Երեւանի ավագանու աշխատանքներին: Կարծում եմ՝ այստեղ մեծամասնությունը խնդիր ունի կանոնակարգով նոր հնարավորություններ ստեղծելու ընդդիմության համար: Մյուս կողմից՝ առկա ֆրակցիաները՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, պակաս ակտիվություն են դրսեւորում: Օրինակ, երբ ավագանին առաջին նիստն էր գումարում, շատ տրամաբանական կլիներ, որ ուղերձով դիմեին երեւանցիներին, որում մոտավոր կուրվագծվեր, թե ինչ ակնկալիքներ կարող են ունենալ մայրաքաղաքի բնակիչներն իրենց ընտրյալներից: Ոչ պակաս մտահոգիչ է նաեւ այն, որ նիստերից դուրս ակտիվություն չի դրսեւորվում: Ոչ ֆրակցիաների, ոչ անհատական մակարդակում որեւէ ակտիվություն չի դրսեւորվում, որեւէ առաջարկություն չկա: Ամենաէական որոշումներից մեկը մայրաքաղաքի 2009 թվականի բյուջեի ընդունումն էր: Նաեւ որոշման տեքստում էր ամրագրված ի գիտություն, որ բյուջեն ընդունվում է թաղային համայնքների բյուջեների համակցությամբ, ավելի պարզորոշ ասած՝ իրավահաջորդն է: Սա նշանակում է, որ ավագանին չօտվեց իր հնարավորությունից 2009 թվականի համար, որն ավագանու չորս տարվա լիազորություններից մեկ տարին է, բյուջեի միջոցով որոշակի քաղաքականություն իրականացնելու: Այսինքն՝ նաեւ չօգտվեց որոշակի ծախսեր օպտիմալացնելու իր հնարավորությունից: Այսինքն՝ հենց առաջին տարում ավագանին դրսեւորեց շատ պասիվ պահվածք»: Այս հանգամանքներն, ըստ մեր զրուցակցի, հիմք են՝ կասկածելու ավագանու հետագա գործունեության թափանցիկությանը եւ կարծելու, որ ավելի շատ կորցրեցինք բնակչության հետ հետադարձ կապը, քան թաղային համայնքների գոյության պարագայում էր:

«Առավոտի» դիտարկմանը՝ այսպիսով, արդյոք արժանահավա՞տ են դառնում մտահոգությունները, որ տեղական ինքնակառավարման նման մեխանիզմը մեզանում կարող է վերածվել ընդամենը բյուրոկրատական հերթական օղակի, որտեղ առաջնայինն անձնական շահն է, մեր զրուցակիցը արձագանքեց. «Ոչ ամբողջությամբ, բայց նման խնդիրներ կան: Միայն քաղաքապետն ու փոխքաղաքապետն իրենց անհատական հատկանիշներով չեն կարող այդ բացը լրացնել եւ ավագանուն փրկել ճահճացումից: Այստեղ խնդիրը նաեւ քաղաքական է, քաղաքական կուսակցությունների կայացման հարցն է նաեւ: Կուսակցությունները պետք է ավելի ակտիվ լինեն, ավելի մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ առաջին ինստիտուցիոնալ ընտրություններում նաեւ կուսակցությունները պիտի պատասխանատվություն զգան, ամեն ինչ անեն, որպեսզի ավագանիում իրենց ֆրակցիաներն ակտիվ աշխատեն: Այս ռեֆորմներից ակնկալիքները հետեւյալն էին՝ Երեւանը որպես մեկ մարմին ունենալով՝ ունենում էինք մեկ ընտրված քաղաքապետ՝ իր ավագանիով, որը ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունի եւ ունի բյուջե՝ լուրջ դրամագլուխ, որի միջոցով հնարավոր է քաղաքում եւ սոցիալական, եւ քաղաքաշինական, եւ այլ բնույթի լուրջ աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում շատ արագ եւ Երեւանի դեմքը կփոխվեր, եւ սոցիալական իրավիճակը»: Այս համատեքստում Էմին Երիցյանը նկատեց, որ ՀՀԿ-ն՝ քաղաքապետի իր թեկնածուով, նախընտրական շրջանում հայտարարեց բակային բարեկարգման մասշտաբային քաղաքականության մասին, եւ որոշ քայլեր արեցին, բայց հետընտրական շրջանում ծրագիրը մարեց: Մեր զրուցակիցը հույս ունի, որ աշնանային նստաշրջանում մայրաքաղաքի ավագանին ինչ-որ նոր խոսք կհաղորդի երեւանցիներին: Այլապես՝ «Եթե իրավիճակի փոփոխություններ չլինեն, ես կառաջարկեմ նորից վերադառնալ Երեւանի նախկին ինստիտուցիոնալ դիրքերին, եւ փորձենք երկաստիճան համակարգով կառավարելով քաղաքը՝ գոնե պահպանել «բնակիչ-տեղական ինքնակառավարում» կապը»:

Ի դեպ, իրավիճակը շտկելու հարցում, մեր զրուցակցի կարծիքով, էական է նաեւ պետության կողմից լիազոր մարմնի՝ տարածքային կառավարման նախարարության ակտիվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել