Օգոստոսի 15-ին Թուրքիայի Իմրալի կղզու բանտում ցմահ ազատազրկված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլա Օջալանը երկրի իշխանություններին պետք է ներկայացներ «Ճանապարհային քարտեզ»՝ քրդական հարցի կարգավորման համար: «News.am»-ի փոխանցմամբ, սակայն, ավելի ուշ պարզվել էր, որ այն դեռ պատրաստ չէ: Այդուհանդերձ, Օջալանը իր փաստաբանի միջոցով փոխանցել է քրդական հարցի լուծման իր տեսլականը: Ըստ այդմ. «Թող լինի մեկ պետություն, որի մի կողմում ժողովրդավարական քրդական ազգը կլինի: Քրդերը կճանաչեն եւ կընդունեն պետության գոյությունը, իսկ պետությունն իր հերթին կընդունի քրդերի՝ որպես ժողովրդավարական ազգ լինելու իրավունքը: Սա է իմ առաջարկած տարբերակը: Ամեն ինչ պետք է վերից վար փոխվի: Հասարակությունը սկզբից պետք է վերակառուցվի, կրկին ժողովրդավարացվի: Իմ առաջարկած լուծմամբ թուրքերն էլ, քրդերն էլ իրենց լեզուները, մշակույթները, ոճերը պետք է ի հայտ բերեն եւ կողք կողքի ապրեն»: