Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Արեւմուտքի երկրները 2009թ. հունիսի 12-ի ընտրություններից հետո երկրում իրադրությունը ապակայունացնելու բոլոր փորձերը տանուլ են տվել, իսկ հիմա ձգտում են վերականգնել հարաբերությունները, հաղորդում է aysor.am-ը, վկայակոչելով «ՌոսԲիզնեսԿոնսալտինգը»: «Արեւմուտքի պարտված երկրները Իրանի կառավարությանը տեղեկություններ են ուղարկում, հասկացնել են տալիս, որ պատրաստ են իրանական ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել»,- ասել է Իրանի նախագահը: Ահմադինեջադը նաեւ ընդգծել է, որ Թեհրանը հետաքրքրված է բարեկամական հարաբերություններով, սակայն միայն միմյանց գործերին չմիջամտելու, իրական հավասարության եւ սեփական գործողությունների համար յուրաքանչյուր կողմի պատասխանատվության սկզբունքի հիման վրա: Հիշեցնենք, որ իրանական կառավարող շրջանակների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Արեւմուտքին մեղավոր են համարում անկարգությունների հրահրման եւ նախագահական ընտրություններից հետո երկրում տեղի ունեցածի համար: Մեղադրանքները հնչել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների հանդեպ: