Նախկին քաղբանտարկյալները կայացած չեն համարում իրավապաշտպանական համակարգը
Այս տարեսկզբին անդրադարձանք հետեւյալ խնդրին. իրավապաշտպանները, որոնք պիտի որ չեզոք լինեին՝ հայտնվել են քաղաքական տարբեր բեւեռներում: Եվ իրավունքների խախտումների մասին նրանցից որոշները նախընտրում են լռել՝ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հակակրանքի պատճառով: Իսկ որոշ իրավապաշտպանների էլ՝ հակառակը, ՀԱԿ առաջնորդի նկատմամբ քաղաքական համակրանքը բերել է նրա համախոհների ճամբար: Եվ ակնհայտ է թվում, որ մեզանում գոյություն չունեն չեզոք իրավապաշտպաններ, որոնք խախտումներին կարձագանքեին անկախ իրենց քաղաքական նախասիրություններից: Սակայն այս հարցի վերաբերյալ այժմ կարելի է լսել նախկին քաղբանտարկյալների մեկնաբանությունները, որոնք անազատության մեջ գտնվելու իրենց փորձառությամբ թերեւս լավագույնը կարող են գնահատել, թե արդյոք Հայաստանում կայացա՞ծ են իրավապաշտպանական հասարակական կազմակերպությունները:
Դավիթ Մաթեւոսյան. Բանտում գտնվելով՝ շատ տեսանելի էր (եւ խոսքս ոչ միայն իրավապաշտպաններին է վերաբերում), որ բոլոր նրանք, ովքեր միջակության բարդույթից ելնելով՝ հակակրանքով են լցված Տեր-Պետրոսյանի նկատմամբ, նաեւ խուսանավեցին ու երբեւէ չտվեցին որեւէ կոնկրետ գնահատական մեր կարգավիճակին:
Պետրոս Մակեյան. Իրոք, իրականում իրավապաշտպան կառույցները կարծես բեւեռացված են, եւ դա հետեւանքն է այն իրողության, որ մեր ամբողջ հասարակությունն է բեւեռացված. մեծամասնությունը ժողովուրդն է, իսկ փոքրամասնությունը՝ իշխանական բուրգի ներկայացուցիչները, իշխող «բանդան»: Բնականաբար, անգամ իշխանական դաշտում գտնվող այն անձինք, որոնք բարոյական որոշ նորմեր ունեն՝ փորձում են պահել իրենց դեմքը: Եվ շուրջ 1,5 տարի մեկուսացված լինելու պայմաններում՝ տեսել ենք այդ մարդկանց. 1-2 անգամ հաճախում էին քրեակատարողական հիմնարկ՝ կարծես թե ստացած գրանտների դիմաց հաշվետվություն ներկայացնելու նպատակով (պրն Մակեյանը անուններ չնշեց.- Ա. Ի.): Իրականում սա է եղել, եւ դա բնական եմ համարում, քանի որ իրավապաշտպան մարմիններն էլ՝ սովորական քաղաքացիների պես, չեն կարող ազատ գործել այն բանդայի օրոք, որը ձեւավորվել է Հայաստանում: Նրանք պիտի իրենց քաղաքացիական պարտքը կատարեին, բայց մարդիկ, ովքեր գրանտներ են ստանում իշխանությունից կամ նրանց թելադրանքով ու ուղղորդմամբ՝ կաշկանդված են ու չեն կարող իրականացնել իրական իրավապաշտպանական գործառույթներ:
Վարդգես Գասպարի. Ուզում եմ ճշտել՝ խոսքը ո՞ր հ/կ-ների մասին է. այն 5-6 հազարը, որ ասում են՝ գոյություն ունի՞, թե՞… Ես կարող եմ խոսել արդարադատության նախարարության ՔԿՀ-ները վերահսկող հասարակական դիտորդների խմբի մասին, որն ընդգրկում է 10-15 հ/կ-ներ, որոնցից 5-6-ի ակտիվությունն է ինձ համար տեսանելի եղել: Սրանով չեմ թերագնահատում այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը, քանի որ գուցե դրանք կատարվում են, բայց պարզապես տեսանելի չեն:
Ընդհանրապես, իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքի ազդեցությունը տեսնում եմ շատ փոքր. չգիտեմ՝ իրե՞նք են քիչ աշխատում, թե՞ աշխատանքի դաշտն է իրոք այնքա՜ն մեծ, որ արդյունքը չի երեւում: Այսինքն՝ խնդիրներն այնքա՜ն շատ են, որ իրավապաշտպաններն ինչ պիտի անեն այս պայմաններում՝ հայտնի չէ:
Ինձ իրավապաշտպաններն այցելել են: Ամենաշատը գնահատում եմ «Քաղաքացիական հասարակություն» ինստիտուտ կազմակերպությանը, որը հրատարակել է շատ լավ գրքեր՝ կալանավորների իրավունքների մասին: Ես դրանք «Նուբարաշենում» եմ կարդացել եւ գործնականում դրանցով եմ առաջնորդվել իմ իրավունքները պաշտպանելիս: Կարող եմ նաեւ առանձնացնել Ավետիք Իշխանյանի գործունեությունը: Ավելացնեմ, որ իմ նկատմամբ առանձնապես ուշադիր ու հետեւողական են եղել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, որոնք հիրավի կատարել են մարդու իրավունքների պաշտպանի գործառույթ:
Մյասնիկ Մալխասյան. Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենք էլ են խոստովանել, թե առանձնապես շատ բան չեն կարող անել, քանի որ ողջ երկիրն է այդ վիճակում: Բայց ակնառու է, որ ասենք՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն աշխատանք է տարել, պայքարել իր ուժերի ներածին չափով ու դեռ ավելին: Կարող եմ ասել, որ կեղծ իրավապաշտպան է Պուշկին Սերոբյանը, որը հրապարակումներով է հանդես եկել Սասուն Միքայելյանի դեմ, նրա հասցեին ասել անհեթեթ բաներ: Երբեւիցե չենք հանդիպել Ավետիք Իշխանյանին՝ ինչքան գիտեմ, նա չի այցելել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող գործիչներից որեւէ մեկին: Այնպես որ՝ համաձայն եմ, որ այս հարցում իրավապաշտպաններն ունեն կողմնակալ մոտեցումներ:
Սմբատ Այվազյան. Արհեստական է իրավապաշտպաններին ընդդիմադիր եւ իշխանամետ ճամբարների բաժանելը: Նրանք արձագանքել են այն ամենին, ինչ տեսել են՝ իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր կան, եւ դրանք արձանագրելով՝ ընդդիմության շահերը սպասարկելու խնդիր չէ, որ լուծվել է:
Բայց ես համարում եմ, որ իրավապաշտպան համակարգն էլ կայացած չէ, ինչպես եւ Հայաստանում որեւէ այլ նման համակարգ, քանի որ ոչ լեգիտիմ իշխանության օրոք, երբ ժողովրդավարությունը բացարձակ նահանջ է ապրում՝ չի կարող կայացած լինել այդպիսի որեւէ ինստիտուտ: