Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՐ ԹՈՂՆԵՆՔ՝ ԿՏԱՆ»

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Վստահ է «Հայ կամավորականների միություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, որի կարծիքով՝ ազատագրված տարածքները կենսական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ-ի անվտանգության համար:

– Պարոն Սեֆիլյան, վերջերս իշխանամետ համարվող քաղաքագետներից մեկի շուրթերով հրապարակ նետվեց, ի թիվս մնացյալ 6 շրջանների, նաեւ Շուշիի շրջանի վերադարձի տարբերակը: Ինչպե՞ս եք գնահատում նման հավանականությունը:

– Եթե թողնենք՝ բոլորն էլ տալու են. Լաչինն էլ են տալու, Սյունիքն էլ են տալու եւ այլն: Բայց դա ուղղակի բացառվում է: Եթե որեւէ մի իշխանավոր փորձի որեւէ պարտվողական տարբերակի իրականացման խոսքից գործի անցնել, ես համոզված եմ՝ ժողովրդի զգալի մասը կընդվզի, ոտքի կկանգնի եւ կվիժեցնի այդ ծրագիրը:

– Ձեր գնահատմամբ՝ Մադրիդյան սկզբունքները մեզ համար պարտվողակա՞ն են:

– Մադրիդյան սկզբունքները ոչ միայն պարտվողական են, այլեւ այնքան վտանգավոր են հայության համար, որ դրանց իրագործման դեպքում ոչ միայն Արցախի ֆիզիկական գոյությունն է հարցականի տակ դրվելու, այլեւ Հայաստանի պետականությունն ընդհանրապես: Արցախի ճակատագիրը ուղղակիորեն կախված է Հայաստանի Հանրապետության՝ որպես պետականություն կայացած լինելու աստիճանից: Իսկ եթե մենք ինչ-որ բան ներկայացնում ենք մեզանից՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ապա դա մեր հարավային դարպասներն են՝ Իրանի հետ ներկայիս 160 կիլոմետրանոց սահմանը, որը նախկինում ընդամենը 42կմ էր: Այսինքն՝ թուրքերի ասած «հայկական սեպը»՝ Սյունիքը, որը 20-ականներին պահպանվեց մեր հերոսների արյամբ, այսօր ազատագրված տարածքների շնորհիվ որոշակիորեն ամրապնդված է՝ ապահովելով եւ Սյունիքի, եւ Արցախի անվտանգությունն ու այդպիսով խոչընդոտելով հարեւան պետության պանթուրքիստական նկրտումները: Հավատացած եղեք, այդ սեպը վերանալուն պես Հայաստանը կուլ կգնա բառիս բուն իմաստով: Արցախի չգոյություն՝ նշանակում է Սյունիքի չգոյություն, Սյունիքի չգոյություն՝ նշանակում է Վայքի չգոյություն, եւ այսպես շարունակ: Ազատագրված տարածքների ռազմավարական նշանակությունը պետք է հասկանան այսօրվա պրագմատիկ քաղաքականության եւ Մադրիդյան սկզբունքների կողմնակիցները:

– Դուք կարծում եք, որ նրանք դա չե՞ն հասկանում:

– Դժբախտաբար, Հայաստանի վերջին 10-11 տարիների իշխանությունները ամբողջությամբ ղեկավարվում են դրսից: Բացի այդ, նրանց մարդկային որակն ու կենցաղավարությունն այնպիսինն է, որ եթե ես ասեմ, որ նրանց բոլորովին չի հետաքրքրում հայ ժողովրդի ապագան, ոչ ոք չպետք է զարմանա: Նրանց հետաքրքրում են սոսկ իրենց այսօրվա իշխանությունն ու դրա շնորհիվ կուտակվող միլիարդները: Ուստի, հանուն դրա այսօրվա իշխանավորները պատրաստ են անգամ ամենահակահայկական տարբերակի ընդունմանը: Սակայն ես համոզված եմ, որ որեւէ մի ռեժիմի պարագլուխ չի համարձակվելու խոսքից գործի անցնել, քանի որ դա կլինի նրա վերջը: Բացի այդ, իմ կարծիքով, այսօր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից այդ հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ ճիգ չկա:

– Իսկ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարությունն արդյոք ճիգ չէ՞ եւ խոսքից գործի անցնելու հստակ հրահանգ:

– Այդ ճիգն առավելապես Արեւմուտքի կողմից է՝ հիմնականում Ռուսաստանին Հարավային Կովկասից արտաքսելու նպատակով: Այն օրը, երբ Արեւմուտքը կկարողանա իրենով անել հայ քաղաքական վերնախավին, կկարողանա հասնել իր նպատակին: Եվ ես արդեն հստակ տեսնում եմ, որ եթե այսօրվա հակահայ ռեժիմը շարունակվի, այդ վտանգը կարող է իրականանալ:

– Իսկ մի՞թե վատ կլինի, եթե մենք կարողանանք բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ:

– Անշուշտ, լավ կլինի հարեւանների հետ բարի հարաբերություններ ունենալ, բայց Թուրքիան թշնամի-հարեւան է, որը դեռ չի հրաժարվել իր պանթուրքիստական նկրտումներից: Ուստի, մինչեւ նրանց հետ երկխոսություն սկսելը, մենք պետք է դեռ որպես պետություն կայանանք՝ որպես հայկական-ազգային պետություն, ինչն այսօր չկա: Եվ իմ համոզմամբ, հիմա շատ ավելի կարեւոր խնդիր է, որ մենք մեր բոլոր ճիգերը կենտրոնացնենք հենց այս խնդրի վրա՝ ստեղծենք ազգային պետություն:

– Իսկ ի՞նչ ասել է ազգային պետություն ստեղծել: Այսօրվա իշխող Հանրապետական կուսակցությունը եւս ազգային գաղափարախոսության կրողն է, ընդամենը 3 ամիս առաջ իշխող կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն՝ նույնպես:

– Մեր իրականությունում ամեն ինչ կեղծ է՝ կեղծ ազգային, կեղծ սոցիալիստ, կեղծ լիբերալ եւ այլն: Ցավոք, ոչ ոք իրապես չի կրում իր հայտարարած դավանանքը: Մինչդեռ մեր ազգի ուժը եւ հզորությունը պետք է լինի մեր որակի ու բարոյականության մեջ:

– Այնուամենայնիվ, եթե չհաջողվի կերտել Ձեր ասած ազգային պետությունը, իսկ գերտերություններն էլ սկսեն լուրջ ճիգեր գործադրել, որպեսզի Մադրիդյան սկզբունքները խոսքից գործի վերածվեն, այդ իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք պատերազմի վերսկսումը:

– Վերջերս շատ է խոսվում պատերազմի վերսկսման հավանականության մասին: Ես այդ կարծիքին չեմ: Ավելին, վստահ եմ, որ պատերազմի վերսկսման սպառնալիքի միջոցով փորձում են մեր ժողովրդին վախեցնել՝ ասելով, թե պետք է մի բան զիջենք, որ պատերազմ չլինի, որ մեր երեխաները չզոհվեն: Ես համոզված եմ, որ առաջիկայում պատերազմ չի լինի: Իսկ առհասարակ, պետք չէ վախենալ եւ վախեցնել պատերազմով. եթե մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ, պետք է ամեն օր պատրաստ լինենք պատերազմելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել