Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 15,2009 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

\"a\"

 

Գիրք ութերորդ

 

Գլուխ քսաներորդ

 ՈՐՈՇ ՉԱՓՈՎ ԴԵՐՈ

 Եվ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «ճիշտն ու արդարությունը ո՞րն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն ու արդարությունն էն ա, որ ծնողների ժառանգության իմաստով ժառանգները հավասար իրավունքներ ունեն», եւ Սաքոն վրդովված ասաց՝ «բայց մեծ ախպերն իրա փայն արդեն ստացել ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ստացական չկա, ոչ մի բան էլ չես կարա ապացուցես», եւ Սաքոն վրդովված ասաց՝ «բա արդարություն ես ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ դու Սաքոն չես» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ Պեպոն ես», եւ Սաքոն ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ Զիմզիմովն ես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «Զիմզիմովը չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ Դերոյի էդ փոքր փեսեն չի ուզենա սաղ կյանքը տաքսի քշի», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «էդ փոքր փեսին ճանաչում ե՞ս», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «լավ ա, որ չես ճանաչում, թե չէ՝ կարող ա իրան վնասակար խորհուրդներ տայիր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ խորհուրդներս մենակ Դերոյի համար են վնասակար», եւ Սաքոն ասաց՝ «մեր ընկերը Դերոն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ չեք կարում օբյեկտիվ գնահատեք», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչը չենք կարում օբյեկտիվ գնահատենք», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «իրավիճակը», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ իրավիճակ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ կողքի մարդու աչքով նայես՝ կտենաս, որ էդ մարդիկ իրանց ծնողների ժառանգության վրա հավասար իրավունքներ ունեն», եւ Գեւորն ասաց՝ «մեծ ախպերը հազար տարի առաջ իրա փայն ստացել ու սիկտիրվել ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ սիկտիրված ըլներ, էդ դատական հարցերը չէին առաջանա», եւ Սաքոն ասաց՝ «մեծ ախպերն ա էդ դատական հարցերն առաջացրել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ վախտին մի հատ ստացական գրել տված ըլնեին, ոչ մի հարց էլ չէր առաջանա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն վախտերն իրա հոր մտքով չի անցել, որ իրա մեռնելուց հետո մեծ տղեն փոքրից տուն ա խլելու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ վատ ա, որ մտքով չի անցել. որ մտքով անցներ, հիմի իրա էրեխեքն իրար դատի չէին տա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն վախտերն ո՞վ կմտածեր, որ կյանքն ու մարդիկ էսքան կեղտոտվելու են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքն ու մարդիկ միշտ էլ էս են էղել», եւ Սաքոն հարցրեց՝ «էն վախտերն ախպերն ախպորից տուն է՞ր խլում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «միշտ էլ խլել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի՝ մենք որ էրեխա ենք էղել, էդ բաները չենք հասկացել», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երանի հիմի էլ չհասկանայինք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մարդ կա՝ հենց ըտենց էլ անում ա», եւ Սաքոն հարցրեց՝ «ո՞նց ա անում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդ կա՝ իրան չհասկացողի տեղ ա դնում. ռիսկ չի անում էդ հարաբերությունների մեջ մտնի», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ հարաբերություններ», եւ Գագոն ասաց՝ «էդ դատական քաշքշուկների» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ դատական քաշքշուկներն ամեն մեկի խելքի բանը չի», եւ Գեւորն ասաց՝ «մանավանդ Դերոյի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ձեր էդ Դերոն դատարանում հենց բերանը բացի՝ տեղում կկրվի», եւ Սաքոն հարցրեց՝ «խի՞ պիտի կրվի», եւ Գագոն ասաց՝ «որովհետեւ խոսալու ձեւը չգիտի», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «հետը էրկու բառ խոսացի՝ տեսա», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ խոսացիր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ որ խոսացել եմ՝ ձեր մոտ եմ խոսացել. թաքուն չեմ խոսացել», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «չթողիր՝ խեղճն էրկու բառ խոսա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ չթողելով էդքանն ասեց, պատկերացրու որ թողեի՝ ինչե՜ր էր ասելու», եւ Սաքոն հարցրեց՝ «ինչե՞ր էր ասելու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր էդ Դերոյի հոգին շա՜տ խորն ա էրեւում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ձեւ չի կարելի», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ սխալ բան ա արել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն իրա հարազատ ախպորից սրտնեղած ա ու իրա սրտնեղությունն ուրիշների վզին ա փաթաթում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մուննաթ ա գալի՝ որ ի՞նչ», եւ Սաքոն ասաց՝ «խեղճը ե՞րբ ա մուննաթ էկել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ շնորհքով տղա ըլներ, ինձի կասեր՝ ըսենց-ըսենց վիճակների մեջ եմ ընկել. ինչո՞վ կարաս օգնես, Գագո ջան», եւ Սաքոն հարցրեց՝ «որ ըտենց ասեր՝ կօգնեի՞ր», եւ Գագոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «կմտածեի», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «որ Դերոն խնդրող տղա ըլներ, հիմի իրա վիճակը մերինից հազար անգամ լավ կըլներ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, իմ ասածն ես հաստատում», եւ Գեւորը հարցրեց՝ «ո՞ր ասածդ եմ հաստատում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում եմ՝ ինքը իրա խասյաթի ձեռը լրիվ քաքն ա ընկել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի քիչ որ իրան համեստ պահեր՝ ամեն մեկս մեր կարեցածի չափով կօգնեինք», եւ Սաքոն ասաց՝ «մեր շրջապատի մեջ իրանից համեստ տղա չկա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօրվա իրա պահվածքը հեչ համեստ տղու պահվածք չէր», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ անհամեստ բան ա արել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենակ իրա գնալը որ վեկալենք՝ արդեն հերիք ա», եւ Գեւորն ասաց՝ «ինքը զգաց, որ կարող ա տհաճ խոսակցություն սկսվի, դրա համար էլ գնաց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տհաճ խոսակցությունն արդեն սկսվել էր», եւ ես Գագոյին ասացի՝ «առանձնապես տհաճ խոսակցություն չի էղել. ուղղակի՝ ձեր խոսակցության տոնն էր տհաճ», եւ Գագոն նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «վռազ էրեւում ա, որ գրող ես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, մեջներիցս ամենից շատ դու ես առաջ գնացել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինչ ուզում ես՝ ասա. մեկ ա՝ ոչ կնեղանամ, ոչ էլ կգնամ», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «Արմենը ճիշտ ա ասում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Գեւորն ասաց՝ «ձեր խոսակցության տհաճ տոնը որ հանենք՝ տակը բան չի մնա», եւ Գագոն ասաց՝ «տակն ի՞նչ պիտի մնա. ոչ անձնական թշնամություն ունենք, ոչ էլ իրանց էդ բնակարանային հարցերի մեջ եմ խառը», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «ուղղակի՝ իրար չհասկացաք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ իմանայի՝ ինքն էդքան պիստոնով ա, հետը մի քիչ զգուշ կխոսայի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ ես եմ էսօրվա էս հավաքի պատասխանատուն» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես ուզում էի ընենց անեմ, որ էսօր ուրախ ժամանակ անցկացնենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ասում եմ՝ հայերն ուրախանալ չգիտեն, չեք հավատում», եւ ես ժպտալով ասացի՝ «հավատում ենք, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու սեղանին նայելով ասաց՝ «շան տղի ռուսներն էսքան ուտելու ու խմելու բան որ ունենան՝ մի շաբաթ քեֆ կանեն ու կուրախանան», եւ Գեւորն ասաց՝ «ուրախանանք. ո՞վ ա մեզ խանգարում», եւ ես ասացի՝ «ես էլ եմ համաձայն», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «ինչի՞ն ես համաձայն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ուրախանանք ու քեֆ անենք», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ես էլ առանձնապես դեմ չեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրախանալը պայմանավորվելով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուրախությունը պիտի մեջից ըլնի», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ մեջից», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «իմ, քո, Դերոյի ու սաղի մեջից», եւ Գեւորն ասաց՝ «Դերոն ուրախությունից հետ ա վարժվել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղս էլ հետ ենք վարժվել», եւ Գեւորը հարցրեց՝ «երբվանի՞ց ենք հետ վարժվել», եւ ես ասացի՝ «արդեն էրկու հազար տարուց ավել կըլնի», եւ Գագոն նախ ինձ նայեց, հետո նայեց Գեւորին ու ժպտալով ասաց՝ «գրող ա», եւ Գեւորը Գագոյին հարցրեց՝ «ասում ես՝ ռուսները լավ ե՞ն ուրախանում», եւ Գագոն Գեւորին ասաց՝ «ընենց ես հարցնում՝ իբր չգիտես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աբրամովիչը որ Աբրամովիչ ա, պիտի տենայիք՝ ո՜նց էր պարում», եւ ես հարցրի՝ «որտե՞ղ էր պարում», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «Պավլիկի դաչայում», եւ Սաքոն հարցրեց՝ «Պավլիկն ո՞վ ա», եւ Գագոն ասաց՝ «Գեւորը ճանաչում ա», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «Պավլիկն Արմենի էդ բոյով ընկերուհու մարդն ա», եւ Սաքոն փռթկացնելով հարցրեց՝ «որ իրար հետ գրել ե՞ն», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «որ իրար հետ գրել են սովորել», եւ Գագոն սրտնեղելով ասաց՝ «վերջացրե՛ք. հազիվ ենք էդ թեման փակել», եւ Գեւորը ծիծաղելով Գագոյին ասաց՝ «հենց ուզում ենք ուրախանանք՝ չես թողում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «հետո էլ ասում ա՝ հայերն ուրախանալ չգիտեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «հայերը հազիվ ըսենց ուրիշների կնանիքի վրեն ուրախանան», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «վռազ էրեւում ա, որ իսկական ընկեր ես. ընկերոջդ կնկա պատիվը բարձր ես պահում», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «էդ կնկա պատիվն էրկու մետրից ավել ա», եւ Գագոն ինձ ասաց՝ «լավ չես անում, Արմեն», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը լավ չեմ անում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ չես անում, որ ընկերուհուդ չես պաշտպանում», եւ ես հարցրի՝ «ումի՞ց չեմ պաշտպանում», եւ Գագոն ասաց՝ «Սաքոյից ու Գեւորից», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մինչեւ պաշտպանեք, Պավլիկն էդ բոյովին էլ թողած կըլնի», եւ Գագոն թարս նայեց Գեւորին ու վրդովված ասաց՝ «արդեն քեզ չվերաբերվող բաներ ես խոսում», եւ Գեւորը Գագոյին հարցրեց՝ «էդ բոյովն իրա ո՞րերորդ կնիկն ա», եւ Գագոն սրտնեղած ասաց՝ «չգիտեմ. ես իրա հաշվապահը չեմ», եւ Սաքոն ասաց՝ «պայմանավորվանք, որ ուրախանում ենք», եւ Գագոն փնթփնթաց՝ «ուրախանալու համար մի քիչ էլ շնորհք ա պետք», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «մի հատ կոֆեով պերագարոտկա կանենք ու կսկսենք ուրախանալ», եւ Գագոն նեղսրտած ասաց՝ «ի՞նչ կերանք, որ պերեգարոտկա անենք», եւ ես ասացի՝ «մեր պրոտեզներն էս խորովածի համար չեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ասում ես՝ խի իմպլանտ չես քցե՞լ», եւ Գեւորն իմ փոխարեն ասաց՝ «Արմենի շաքարը բարձր ա. բժիշկները խորհուրդ չեն տվել», եւ Գագոն ստուգողական նայեց ինձ ու հարցրեց՝ «հա՞», եւ ես չգիտեի ինչ ասեի ու ասացի՝ «հա», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «քոնն իմպլանտ ա՞, Գագ», եւ Գեւորը Գագոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «էս պահի դրությամբ իմպլանտ չի, բայց շուտով կըլնի», եւ Սաքոն հարցրեց՝ «ե՞րբ», եւ Գեւորն ասաց՝ «Գագոն իրա էդ իմպլանտի հարցերով ա Երեւան էկել», եւ Գագոն դժգոհ նայեց Գեւորին ու ասաց՝ «կարող ա՞ էս մարդկանց մոտ կենսագրությունս ծերից ծեր պատմես» եւ մի քիչ մտածեց ու փնթփնթալով ավելացրեց՝ «չէի ասե՞լ՝ մարդու չասես», եւ Գեւորն արդարանալով ասաց՝ «մեր տղերքն են՝ ուրիշ մարդ չեն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես էլ մտածում էի՝ հայրենիքի կարոտն ա Երեւան բերել», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ ընկերների կարոտն ա բերել», եւ Գագոն տհաճությամբ նայեց Գեւորին ու հարցրեց՝ «էս էի՞ր ուզում», եւ Սաքոն ասաց՝ «հորոխպորս տղեն էդ իմպլանտից դրել ա, բայց հեչ չի կարում հարմարվի. ասում ա՝ շատ ցավոտ ա», եւ Գեւորն ասաց՝ «երեւի սխալ մասնագետի ա ռաստ էկել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ երեւի շաքար ունի», եւ Սաքոն հարցրեց՝ «ո՞վ շաքար ունի», եւ Գեւորն ասաց՝ «հորոխպորդ տղեն», եւ Սաքոն ասաց՝ «ոչ մի շաքար էլ չունի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրեմն՝ սխալ մասնագետի ձեռ ա ընկել», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա» եւ ավելացրեց՝ «բան չի կարում ուտի», եւ Գեւորը հարցրեց՝ «ինչքա՞ն վախտ կըլնի, որ էդ իմպլանտը դրել ա», եւ Սաքոն ասաց՝ «էրկու շաբաթից ավել կըլնի», եւ Գեւորն ասաց՝ «էդ իմպլանտը մի ամսում հազիվ ա իրա տեղը անում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ չի կարում ուտի», եւ Սաքոն ասաց՝ «էրեկ իրանց հայաթում խորոված արինք, բայց մի կտոր խորոված չկարեցավ ուտի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի ամսվա մեջ լնդերը հազիվ են սպիանում», եւ Գագոն նայեց Սաքոյին ու ժպտալով ասաց՝ «լա՜վ եք ապրում», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ես ասում», եւ Գագոն նայեց խորովածի կտորներին ու ժպտալով ասաց՝ «ամեն օր խորոված եք ուտում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «էս երկրորդ օրն ա՝ խորովածի վրա եմ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «բախտս բերել ա, որ իմն իմպլանտ չի», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «շա՜տ կերազեիր», եւ Գագոն ասաց՝ «Ռուսաստանում հազարից մեկ ենք խորոված ուտում», եւ Սաքոն ժպտալով հարցրեց՝ «փող չունե՞ք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ժամանակ չունենք», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մեր ինչն ա շատ՝ ժամանակը», եւ ես ասացի՝ «ամեն օր խորոված ենք ուտում, բայց ուրախանալ չենք սովորում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրախանալը սովորելով չի», եւ ես ասացի՝ «ուրախանալը ազգային հատկություն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հանաքով ես ասում, բայց ասածիդ մեջ ահագին ճշմարտություն կա», եւ ես ասացի՝ «հանաքով չեմ ասում», եւ էդ պահին մատուցողը մոտեցավ մեր սեղանին, եւ Գեւորը սուրճ պատվիրեց, եւ երբ մատուցողը գնաց, Գագոն ասաց՝ «ես մտածում էի՝ տղերքով իրար գլխի կհավաքվենք, մի քիչ կուրախանանք», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «էլի ուշ չի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդու տրամադրությունը որ փչանում ա, էլ ոչ մի ձեւով չես կարա վերականգնես», եւ Գեւորն ասաց՝ «վերականգնողից ա կախված», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդու սիրտը խրուստալի պես բան ա. որ փշրվում ա, էլ հնարավոր չի ըլնում կպցնել», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «կպցնողից ա կախված», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր էդ Դերոն ընենց չփշրեց, որ կպցնես», եւ ես ասացի՝ «էդ հարցում Դերոն ոչ մի մեղք չունի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞ր հարցում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ հայերը չեն կարում ուրախանան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն մեկս էլ մի քիչ Դերո ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հայերի մեծ մասը Դերո են», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «բայց մեջները Գագո էլ ա պատահում», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «Սաքո էլ ա պատահում», եւ Գեւորը ծիծաղելով հարցրեց՝ «բա Արմեն ու Գեւոր չի պատահո՞ւմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչ էլ պատահում ա, բայց էդ սաղն էլ որոշ չափով Դերո են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի՝ իրանց ուզում են համոզեն, թե՝ Դերո չեն», եւ Գեւորը ժպտալով Գագոյին ասաց՝ «Դերոյին ազգի սիմվոլ դարձրիր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ դարձնելով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դարերով ըտենց էկել ու ըտենց շարունակվում ա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «բա ո՞նց ա, որ մինչեւ հիմի չենք իմացել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իմանայինք՝ Դերո չէինք ըլնի», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «փաստորեն, Դերոն ահագին կարեւոր մարդ ա էղել՝ չենք իմացել», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, Դերոն ոչ թե մարդ ա, այլ՝ երեւույթ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը ոչ մարդ ա, ոչ էլ՝ երեւույթ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը մտածողություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «Դերոն մեր ազգային մտածողությունն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու մրթմրթաց՝ «ոչ բարով» եւ մի քիչ էլ մտածեց ու քթի տակ խնդմնդալով ինձ հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Գագոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որ ասում եմ՝ ամեն մեկս որոշ չափով Դերո ենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ հետաքրքիր միտք ես ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ոչ թե հետաքրքիր միտք եմ ասում, այլ ճիշտ միտք եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գրող մարդ ես. դու որ չհասկանաս ու չգնահատես, ուրիշը չի հասկանա ու չի գնահատի», եւ ես ժպտալով ասացի՝ «գնահատում եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սկզբում նախ պիտի հասկանաս, հետո նոր գնահատես», եւ ես ժպտալով ասացի՝ «սկզբում նախ հասկացա», եւ Գագոն ինքնագոհ հորանջելով ասաց՝ «բիզնեսի գծով ենք, բայց մեկ-մեկ մենք էլ ենք մտքեր ունենում», եւ Սաքոն ժպտալով Գագոյին հարցրեց՝ «էդ միտքը հենց նոր ունեցա՞ր, թե՞ շուտվանից ունեիր», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞ր միտքը», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «էդ որ ասում ես՝ ամեն մեկս որոշ չափով Դերո ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «այ խելոք, էդ տեսակ մտքերն ամեն վայրկյան չես կարա ունենաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էդ տեսակ մտքերը հարուր տարին մեկ են առաջանում» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էդ ուղղությամբ շատ երկար եմ մտածել», եւ Սաքոն հարցրեց՝ «ո՞ր ուղղությամբ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ամեն մեկս որոշ չափով Դերո ենք», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, մեր Դերոյի ուղղությամբ շատ երկար ես մտածել», եւ Գագոն խղճահարությամբ նայեց Սաքոյին եւ ասաց՝ «շատ զարմանալի կըլներ, որ էդ ասածս առանց բացատրության՝ ինքնուրույն հասկանայիր», եւ Սաքոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչը հասկանայի», եւ Գագոն բացատրեց ու ասաց՝ «պիտի հասկանայիր, որ Դերոյի անունն ըստեղ լրիվ հարաբերական ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Դերոյի տեղակ, օրինակ, կարանք ասենք՝ Սաքո», եւ Սաքոն հարցրեց՝ «ո՞նց», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «օրինակ, կարանք ասենք՝ ամեն մեկս որոշ չափով Սաքո ենք», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարա՞նք ասենք՝ ամեն մեկս որոշ չափով Գագո ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խի՞ չեք կարա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինչքան ուզում ես՝ ասա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եթե ամեն մեկս որոշ չափով Դերո ենք, լրիվ պատահական ա, որ մեր անունը Դերո չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ, ընդհակառակը, Դերոյի անունը կարար Սաքո կամ Գագո ըլներ», եւ Սաքոն հարցրեց՝ «դրանից ի՞նչ պիտի փոխվեր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի բան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անունները փոխելով՝ ոչ մի բան չի փոխվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ անունները փոխելով հարց լուծվեր՝ անունները կփոխեինք ու կբախտավորվեինք», եւ Սաքոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «բա խի՞ ես մի գլուխ մենակ Դերո ասում», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «դու էլ կարաս Գագո ասես», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Գագո ասեմ՝ բան կփոխվի՞» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «որ Գագո ասեմ՝ կարող ա՞ դրանից Դերոյի վիճակը թեթեւանա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն մեկն իրա վիճակի պատասխանատուն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մեկիս մեր դարդերն են ցավ տալի», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Դերոյի դարդերը շատ են», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «քո դարդերն ե՞ն քիչ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Դերոյինի հետ չես համեմատի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պետք էլ չի, որ համեմատես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պիտի լավի ու բարձրի հետ համեմատվես», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Դերոն էդքան ցածր ա՞», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա առաջ ցածր չի էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էսօրվա դրությամբ շատ ա ցածրացել», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ ցածրացել ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իրա մասին ըտենց խղճալով ես խոսում, էդ նշանակում ա, որ իրա վիճակը լավ էլ ցածր ա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մեր վիճակը շատ ա՞ բարձր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մեր՝ ո՞ւմ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «մյուսներիս», եւ Գագոն նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «Արմենի վիճակը որ լավ ըլներ, մի հատ հասարակ մաբիլնին ի՞նչ ա՝ որ չունենար», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը չի ուզում ունենա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա ուզելով չի», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ ուզելով ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մենք լավ ընկեր ըլնեինք՝ ինքը հաստատ մաբիլնի կունենար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա ուզելուն որ մնա՝ սովորական հեռախոս էլ կարող ա չուզենա պահի», եւ ես ժպտալով Գագոյին ասացի՝ «ես որ իմ վիճակից չեմ դժգոհում, դո՞ւ խի ես դժգոհում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի Դերոն էլ ա իրա վիճակից գոհ», եւ ես հարցրի՝ «վատ ա՞, որ գոհ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկը որ Դերոյին նայի, կմտածի՝ էդ տղեն վաբշե շրջապատ չունի», եւ Սաքոն ասաց՝ «ոչ մեկս Դերոյի չափ մեծ շրջապատ չենք ունեցել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրա էդ շրջապատն ո՞ւր ա՝ չենք տենում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հենց որ իրա գործերը լավանան՝ էլի կհայտնվեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկու սռոկ կալենդարնի նստել ա, բայց էսօրվա դրությամբ լրիվ մենակ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «բա իրա բերդի ընկերությունն ո՞ւր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ բերդում իրան ճիշտ պահած ըլներ, հիմի հաստատ իրա թիկունքին կըլնեին», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «կարող ա իրան ճիշտ ա պահել, դրա՛ համար թիկունքին չեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «դու սուս. քեզ վաբշե խոսք չի հասնում», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չի հասնում», եւ Գագոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ մաբիլնի չունես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դու անհասանելի ես», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «բանաստեղծներն իրանց մուսաների հետ վերեւներում են ֆռֆռում, դրա համար էլ անհասանելի են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուր էլ ֆռֆռան, մեկ ա՝ ձեռներիցս չեն պրծնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գետնի տակն էլ ըլնեն՝ կգտնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել